Շաքիում ՀՀ ներխուժած ադրբեջանցի զինծառայողի կողմից երեխաներին պաշտպանելիս հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանի վիճակը կայուն է, դրական փոփոխություններ կան։ Շուտով վերակենդանացման բաժանմունքից կտեղափոխվի հիվանդասենյակ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է Անիի քույրը՝ Արփի Ավետիսյանը։
Հարազատներն արդեն տեսակցել են Անիին, քույրը պատմում է, որ Անին գիտակցության է, նորմալ խոսում է։ Սպասվող հաջորդ վիրահատությունների մասին տեղեկություն հարազատները դեռ չունեն։
Հիշեցնենք, որ ս.թ. հոկտեմբերի 1-ին տեղեկություններ են տարածվել, որ Սյունիքի մարզի Շաքի գյուղ ադրբեջանցի է մտել ու կրակել հայ աղջկա ոտքին, որից հետո ԱԱԾ-ն հաստատել էր, որ ադրբեջանցի զինծառայողն ապօրինի հատել է ՀՀ պետական սահմանը և Սյունիքի մարզի Շաքի բնակավայրում կրակել ՀՀ քաղաքացու ոտքին: Ադրբեջանցին, ըստ այդ երկրի պաշտոնական կառույցների, անհայտ հանգամանքներում ծառայության վայրը լքել է սեպտեմբերի 29-ին։ Ըստ ՀՀ ԱԱԾ-ի՝ այդ մասին Ադրբեջանը հայտնել է հայկական կողմին:






