Անցյալի ողբերգությունը չպետք է դառնա մշտական բաժանարար պատ. Պոլսո Հայոց պատրիարք

24 Ապրիլի, 2026

Ո՛չ ուրացումը, ո՛չ էլ թշնամանքը չեն կարող բուժել վերքերը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Պոլսո Հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը՝ Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ իր ուղերձում՝ ընդգծելով, որ անցյալի ողբերգությունը պետք է դառնա ոչ թե մշտական բաժանարար պատ, այլ՝ ծանր, բայց ուսանելի փորձառություն, որից կարելի է քաղել դասեր՝ ապագան ավելի արդար և խաղաղ կերտելու համար։

«Սիրելի հաւատացեալ ժողովուրդ մեր,

Այսօր դարձեալ 24 Ապրիլ է. օր մը, որ մեզ կը հրաւիրէ խոնարհումով կանգնելու մեր պատմութեան ամենէն ցաւալի էջերէն մէկուն առջեւ։ Այս օրը մեզ կը վերադարձնէ դար մը առաջ ապրուած ողբերգութեան յիշատակին, որ խոր հետք ձգած է մեր ազգային եւ հոգեւոր կեանքին մէջ։

Մենք կը յիշենք Ա. Համաշխարհային Պատերազմի տարիներուն մեր ժողովուրդի կրած կորուստները, տեղահանութիւնը, տարագրութիւնը եւ այն անչափելի ցաւը, որ սերունդէ սերունդ փոխանցուած է։ Բայց այս յիշատակումը միայն անցեալի մռայլ էջերուն մէջ փակուելու համար չէ։ Այս յիշատակումը նաեւ կոչ մըն է՝ իմաստաւորելու մեր ապրածը եւ ուղղուելու դէպի ապագայ։

Այս հողերուն վրայ, ուր դարեր շարունակ տարբեր ժողովուրդներ կողք կողքի ապրած են, խաղաղ համակեցութեան աւանդը ծանր հարուած ստացած է այդ տարիներուն։ Սակայն նոյն այս աշխարհագրութիւնը մեզ կը յիշեցնէ նաեւ անխուսափելի ճշմարտութիւն մը՝ որ ժողովուրդները դատապարտուած չեն յաւերժ հակադրութեան, այլ կոչուած են համակեցութեան, երկխօսութեան եւ փոխադարձ ըմբռնման։

Պէտք է ընդունինք, թէ այս հողերուն տակ թաղուած են ոչ միայն մեր ցաւերը, այլ նաեւ ուրիշներու վէրքերը։ Միայն մեր պատմութիւնը պատմելով չէ, որ կը գտնենք ճշմարիտ հանգուցալուծում։ Պարտաւոր ենք նաեւ լսել ուրիշներուն, ըմբռնել անոնց ապրումները եւ փորձել գտնել այն ընդհանուր եզրերը, որոնք կրնան հիմք ծառայել ապագայի համար։

Այս իմաստով, մենք կը վերահաստատենք մեր կոչը՝ Հայ եւ Թուրք ժողովուրդներու միջեւ խաղաղութեան, հաշտութեան եւ բարեկամութեան հաստատման համար։ Անցեալի ողբերգութիւնը պէտք չ է դառնայ մշտական բաժանարար պատ, այլ՝ ծանր, բայց ուսանելի մէկ փորձառութիւն, որմէ կարելի է քաղել դասեր՝ ապագան աւելի արդար եւ խաղաղ կերտելու համար։

Ոչ ուրացումը, ոչ ալ թշնամանքը կրնան բուժել վէրքերը։ Նոյնպէս քաղաքական շահարկումները չեն ծառայեր ժողովուրդներու մերձեցման։ Ճշմարիտ յառաջընթացը կը ծնանի անկեղծութեան, փոխադարձ յարգանքի եւ մարդասիրական արժէքներու վրայ հիմնուած երկխօսութենէն։

Ուստի կը հրաւիրենք բոլոր կողմերը՝ զարգացնելու բարեկամական կամուրջներ, խրախուսելու մշակութային եւ տնտեսական համագործակցութիւն, եւ ստեղծելու այնպիսի մթնոլորտ մը, ուր պատմութիւնը կարելի ըլլայ քննարկել առանց վախի եւ թշնամանքի, այլ՝ ճշմարտութեան եւ արդարութեան ձգտումով։

Մենք կը գնահատենք այն բոլոր քայլերը, որոնք անցեալին եւ ներկայիս ուղղուած են փոխադարձ զգայնութեան եւ մերձեցման։ Այս ծիրին մէջ արժանի է յիշատակութեան նաեւ Թուրքիոյ Հանրապետութեան Նախագահ Վսեմաշուք Տիար Րէճէպ Թայյիպ Էրտողանի կողմէ իւրաքանչիւր տարի 24 Ապրիլի առիթով հրապարակուած պատգամները, որոնք ուղղուած են նաեւ Պոլսոյ Հայոց Պատրիարքռրթեան եւ մեր համայնքին։ Անոնց մէջ արտայայտուած ցաւակցական մօտեցումը եւ Ա. Համաշխարհային Պատերազմի դժուար պայմաններուն մէջ կեանքը կորսնցուցած մեր ժողովուրդի զաւակներու յիշատակին նկատմամբ յարգանքը, ըստ մեզի, կարեւոր քայլեր են՝ փոխադարձ ըմբռնման մթնոլորտի ձեւաւորման ճամբուն վրայ։

Մենք կ՚արժեւորենք այս պատգամները որպէս մարդկային խղճի ձայնի արտայայտութիւն եւ որպէս այնպիսի ժեստեր, որոնք կրնան նպաստել ժողովուրդներու միջեւ վստահութեան աստիճանական վերականգնումին։ Նման մօտեցումները կը յիշեցնեն մեզի, թէ նոյնիսկ ամենածանր պատմական բեռերու պարագային, կարելի է ընտրել փոխադարձ յարգանքի եւ հաղորդակցութեան ուղին։

Այսօր, որպէս սրբադասուած նահատակներու յիշատակութեան օր, մենք կը դիմենք անոնց բարեխօսութեան։ Անոնք իրենց կեանքով եւ նահատակութեամբ դարձած են ոչ միայն մեր յիշողութեան մասը, այլ նաեւ մեր հաւատքի կենդանի վկաները։ Անոնք մեզ կը հրաւիրեն չմնալ անցեալի խաւարին մէջ, այլ՝ ապրիլ յոյսով եւ կառուցել ապագան։

Ինչպէս կը վկայէ մարգարէական խօսքը. «Ահա ես նոր բան մը պիտի ընեմ» (Եսայի 43.19)։ Այս նորութիւնը պէտք է փնտռենք մեր սրտերուն մէջ՝ վերափոխելով մեր մտածումները եւ վերաբերմունքը։

Սիրելիներ,

Թող այս օրուան յիշատակումը դառնայ ոչ միայն սուգի, այլ նաեւ վերանորոգման առիթ։ Թող Աստուած իր ողորմութեամբ դպչի մեր եւ մեր դրացիներուն սրտերուն, որպէսզի կարողանանք անցնիլ անցեալի ծանր ստուերներուն վրայէն եւ կառուցել արդարութեան, խաղաղութեան եւ եղբայրութեան վրայ հիմնուած ապագայ։

Թող Ամենակալ Աստուած, Սուրբ Կոյս Մարիամ Աստուածածնի եւ մեր բոլոր սուրբ նահատակներուն բարեխօսութեամբ, օրհնէ Հայ եւ Թուրք ժողովուրդները, առաջնորդէ զանոնք դէպի հաշտութիւն եւ խաղաղ համակեցութիւն, եւ աշխարհէն հեռացնէ պատերազմներն ու ատելութիւնը։

Աստուծոյ սէրը, ողորմութիւնը եւ շնորհները թող բնակին մեր մէջ եւ ամբողջ մարդկութեան վրայ՝ այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. Ամէն»։

Նմանատիպ նյութեր

Հայաստանը ռուսաստանցիների համար ամանորյա տոներին ամենաէժան ուղղությունների ցանկում է հայտնվել

Հայաստանը ռուսաստանցիների համար ամանորյա տոներին ամենաէժան ուղղությունների ցանկում է հայտնվել

Ռուսաստանցիների համար Ամանորի տոներին հանգստի համար ֆինանսական տեսանկյունից ամենագրավիչ արտասահմանյան ուղղությունը Բելառուսն է, հաղորդում է ТАСС-ը։ Այդ ուղղությամբ ավիատոմսի միջին գինը ամանորյա տոներին կազմում է 10 հազար 800 ռուբլի, թեև կացությունը կպահանջի մոտ 15...

Թուրքիան և Ադրբեջանը քննարկել են Հայաստանի հետ կապված հարցեր

Թուրքիան և Ադրբեջանը քննարկել են Հայաստանի հետ կապված հարցեր

«Անկարայում Ադրբեջանի դեսպանի պաշտոնը վերջերս ստանձնած Ռեշադ Ասլանովի հետ քննարկել ենք մեր եղբայրության վրա հիմնված հարաբերությունները, ինչպես նաև տնտեսության, էներգետիկայի և տրանսպորտային ենթակառուցվածքների ոլորտներում մեր համագործակցությունը»։ Դրա մասին գրել է...

Մեր նահատակները ընկան, որ Հայաստանը բարձրանա. Փաշինյան

Մեր նահատակները ընկան, որ Հայաստանը բարձրանա. Փաշինյան

Մեր նահատակները ընկան, որ Հայաստանը բարձրանա, և այսօր Հայաստանի Հանրապետությունը ապրող պետություն է, կյանքի պետություն է, և մեր պետության վերելքն է հարգանքի մեծագույն տուրքը մեր նահատակների հիշատակին, Հանրապետության հրապարակում Անկախության օրվան նվիրված միջոցառման...

Այսօր հանրային, ազգային ու պետական մեղքերի համար ապաշխարհելու օր է. Հայկ Դեմոյան

Այսօր հանրային, ազգային ու պետական մեղքերի համար ապաշխարհելու օր է. Հայկ Դեմոյան

ՀՑԹԻ նախկին տնօրեն, պատմաբան Հայկ Դեմոյանի ֆեյսբուքյան գրառումը. «Զատվելու խորհուրդն ու հրամայականը Այսօր ո՛չ անկախության տոն է, ո՛չ էլ պետականության անցած ուղին հիշելու ու հիշատակելու առիթ: Այսօր հանրային, ազգային ու պետական մեղքերի համար ապաշխարհելու օր է, քանզի...

Արթուր Բազեյանը 2-րդ հաղթանակն է տոնել Բուլղարիայում ընթացող Եվրոպայի առաջնությունում՝ դուրս գալով ¼ եզրափակիչ

Արթուր Բազեյանը 2-րդ հաղթանակն է տոնել Բուլղարիայում ընթացող Եվրոպայի առաջնությունում՝ դուրս գալով ¼ եզրափակիչ

Հայաստանի բռնցքամարռի ասոցիացիան հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Հայ բռնցքամարտիկ 60 կգ քաշային Արթուր Բազեյանը 2-րդ հաղթանակն է տոնել Բուլղարիայում ընթացող Եվրոպայի առաջնությունում և դուրս եկել ¼ եզրափակիչ: Մեր մարզիկը նկատելի առավելությամբ պարտության է...