Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատգամեց ճեմարանի շրջանավարտներին՝ հավատարիմ մնալ եկեղեցական առաքելությանը

30 Հունիսի, 2026

Հունիսի 30-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գևորգյան հոգևոր ճեմարանի 2025-2026 թթ․ ուսումնական տարվա փակման հանդիսությունը:

Այս մասին տեղեկացնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:

Միջոցառումը սկսվեց Տերունական աղոթքով, որից հետո հնչեցին ՀՀ և Գևորգյան հոգևոր ճեմարանի օրհներգերը: Այնուհետև ներկաներին ողջունեց Գևորգյան հոգևոր ճեմարանի և Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցի տեսուչ Հոգեշնորհ Տ․ Հուսիկ աբեղա Սմբատյանը:

Հայր Սուրբը, անդրադառնալով Գևորգյան հոգևոր ճեմարանի առաքելությանը, ընդգծեց, որ ավելի քան մեկուկես դար կրթօջախը եղել է հավատքի, գիտելիքի, ազգային ինքնագիտակցության, բարոյական արժեքների և եկեղեցական ավանդության պահպանման ու փոխանցման կարևոր օջախ։ Հուսիկ աբեղան նշեց, որ արդի բարոյական, հոգևոր և արժեքային մարտահրավերների պայմաններում Եկեղեցին առավել քան երբևէ կարիք ունի կրթված, աղոթասեր, խոնարհ և անձնվեր սպասավորների, որոնք իրենց ծառայությամբ կզորացնեն հավատացյալներին և կյանքով կվկայեն Ավետարանը։

Գևորգյան հոգևոր ճեմարանի երգչախմբի կատարումներից հետո դասախոսների անունից ներկաներին խոսք ուղղեց բ.գ.դ., պրոֆ. Աշոտ Գալստյանը, իսկ ուսանողության անունից սրտի խոսք ասաց 6-րդ լսարանի սան բարեշնորհ Կարլեն սարկավագ Գասպարյանը։

Հանդիսության ընթացքում Հայոց Հայրապետը պարգևներ հանձնեց ուսման մեջ բարձր առաջադիմություն արձանագրած ուսանողներին:

Ցերեկույթն ամփոփվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրական պատգամով ու օրհնությամբ։ Իր խոսքում Նորին Սրբությունն ընդգծեց, որ յուրաքանչյուր ուսումնական տարի կրթօջախի պատմության մեջ արձանագրվող հաջողության մի նոր էջ է, որը նոր հույսերով ու սպասումներով է համակում ամենքին․ «Հոգևոր-կրթական նվիրական հաստատությանց հարկի ներքո են պատրաստվում Հայոց Եկեղեցու հոգևոր սպասավորները, ովքեր ծառայության են կոչվում Հայաստանի և Սփյուռքի մեր թեմերում՝ հոգատարելու ազգային ու մշակութային տարբեր միջավայրերում ապրող մեր ժողովրդի զավակներին, զորացնելու նրանց մեջ սերը առ հայրենին ու Սուրբ Եկեղեցին և առաջնորդելու Աստվածապարգև փրկության ճանապարհով: Ճեմարանի գործունեությունն ուղղակիորեն առնչվում է յուրաքանչյուր հայորդու հոգևոր կյանքին և ազգային ինքնագիտակցությանը, մեր հավատացյալների արժեքային համակարգին։ Այս իմաստով Մեր ակնկալիքներն ու պահանջները միշտ մեծ են մեր հոգևոր հաստատություններից»։

«Արդի աշխարհի գերարագ փոփոխությունների պայմաններում խիստ անհրաժեշտ է, որ հոգևորականը, ամուր կառչած մեր հայրերի սրբազան ավանդությանն ու ազգային արմատներին, հաղորդ լինի նաև ժամանակի զարգացումներին ու մարտահրավերներին և համարժեքորեն արձագանքի իր հոտի հոգևոր կարիքներին ու պահանջներին», — նշեց Հայոց Հայրապետը՝ հավելելով, որ միայն այս ճանապարհով է հնարավոր ներկա հրամայականների պայմաններում արդյունավորել Սուրբ Եկեղեցու տիրավանդ առաքելությունը և Կենաց Խոսքի քարոզչությամբ լուսավորել և բարեզարդել հայ կյանքը։

Ապա, դիմելով դասախոսներին, Ամենայն Հայոց Կաթողիկոսը հորդորեց՝ հավատարիմ սահակ-մեսրոպյան դպրոցի ավանդներին շարունակել ջանադիր ու բեղուն աշխատանքով գիտելիքներ հաղորդել սաներին, զորացնել նրանց հոգևոր նկարագրով, ազգային գիտակցությամբ, ոգեշնչել մեր մեծանուն հոգևոր գործիչների լուսավոր օրինակներով․ «Ազգային-եկեղեցական անդաստանին նոր կորովի մշակներ հասցրեք և մեր Տեր Հիսուս Քրիստոսի նման «քաջ հովիվներ», որպեսզի նրանք կարող լինեն Ավետարանի խոսքով ոգեշնչել, մխիթարել և օգտաշատ սպասավորություն բերել մեր ժողովրդի զավակներին»։

Նորին Սրբությունը ճեմարանի սաներին պատգամեց անհագորեն ամբարել մատուցվող գիտելիքները, աղոթքով ու նախանձախնդրությամբ պատրաստվել Քրիստոսի սպասավոր լինելու մեծագույն կոչմանը։ Վեհափառ Հայրապետը նաև ընդգծեց, որ սպասավորությունը ազգին և Եկեղեցուն պահանջում է քաջարի ոգի, աննկուն կամք և ի հարկին՝ ամենայն զոհողությանց պատրաստակամություն։

«Հոգևոր ասպարեզ մուտք գործելու ձեր հանձնառության մեջ ամուր մնացեք հավատքով և աներեր՝ մեր Փրկչի ճշմարիտ վարդապետությանն ու կենարար պատգամներին հավատարմության մեջ։ «Ով բնակվում է Իմ մեջ, և Ես՝ նրա մեջ, նա շատ պտուղ է տալիս, որովհետև առանց Ինձ ոչինչ անել չեք կարող»,- ասում է Տերը (Հովհ. 15.5): Առաջնորդվեք տերունի այս պատգամով և ազգային կյանքում Հայոց Եկեղեցու առաքելության կենսական կարևորության գիտակցությամբ, որպեսզի իբրև ապագա առաջնորդներ ու հովիվներ՝ արժանավոր հաջորդները լինեք մեր սուրբ նախնյաց և ձեր ծառայությամբ լույսն ու սերը առատացնեք մեր ժողովրդի զավակների հոգիներում: Բարձրյալը ձեզ շնորհ է տվել ձեր հավատը, գիտելիքները, նվիրումը և ողջ կյանքը ծառայացնելու և ընծայաբերելու ի սեր Աստծո, ի սեր մեր Սուրբ Եկեղեցու և ազգի», — ասաց Հայոց Հայրապետը։

Ամավերջյան փակման հանդիսության առիթով Նորին Սրբությունն իր օրհնությունն ու գնահատանքը բերեց Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսչական և դասախոսական կազմին՝ գլխավորությամբ Հոգեշնորհ Տ. Հուսիկ աբեղա Սմբատյանի։

Վերջում Գարեգին Երկրորդ Հայրապետն աղոթք բարձրացրեց առ Աստված, որ Տերը պահի ու պահպանի ամենքին Իր ամենախնամ Սուրբ Աջի հովանու ներքո, և Աստծո զորակցությամբ նորանոր հաջողություններով զարդարվի Մայր Աթոռի հոգևոր կրթարանների կարևոր գործունեությունը՝ ի փառս Աստծո, հանուն ազգի և հայրենիքի բարօրության ու առաջընթացի և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու պայծառության։

2025-2026 ուսումնական տարում ճեմարանն ավարտեց 11 սան:

Նմանատիպ նյութեր

2 քննիչներին ծեծի ենթարկած ոստիկանը և ևս 1 մեղադրյալ կալանավորվել են. ՔԿ

2 քննիչներին ծեծի ենթարկած ոստիկանը և ևս 1 մեղադրյալ կալանավորվել են. ՔԿ

2 քննիչներին ծեծի ենթարկած ոստիկանը և ևս 1 մեղադրյալ կալանավորվել են։ Այս մասին գրել է ՔԿ խոսնակ Կիմա Ավդալյանը։ Ավելի վաղ «Իշխանութուն» լրատվականը գրել է, որ Երեւանում քննչականի վարչության պետի մասնակցությամբ քննիչները դաժան ծեծի են ենթարկել ոստիկանին: Լրատվականին...

Լա´վ, դեռ քանի՞ զինծառայող էլ պետք է մահանա, որպեսզի PR-ի փոխարեն սկսվի իրական համակարգային գործողություններ. Սարոյան

Լա´վ, դեռ քանի՞ զինծառայող էլ պետք է մահանա, որպեսզի PR-ի փոխարեն սկսվի իրական համակարգային գործողություններ. Սարոյան

«Մինչ ՊՆ-ի վերնախավը փիառվելու համար օրական մի քանի զորամաս է այցելում, ցուցադրվում են կադրեր զինծառայողների բարոյահոգեբանական վիճակի բարձրացման, հոգատարության մասին, իսկ իրականությունն իր հերթին շարունակում է շատ ավելի դաժան գտնվել»,-գրում է «Հենակետ» վերլուծական...

Զանգեզուրի միջանցքի նախագիծը Ադրբեջանի տարածքում ակտիվորեն իրականացվում է. Ալիև

Զանգեզուրի միջանցքի նախագիծը Ադրբեջանի տարածքում ակտիվորեն իրականացվում է. Ալիև

Զանգեզուրի միջանցքի նախագիծը Ադրբեջանի տարածքում ակտիվորեն իրականացվում է: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Ադրբեջանի և Ուզբեկստանի միջպետական խորհրդի երրորդ նիստում Ալիևը նշել է, թե Ադրբեջանի հիմնական տարածքում նախագծի ավարտը նախատեսվում է հաջորդ...

ՃՏՊ Արմավիր-Երևան ավտոճանապարհին․ կա 1 զոհ և 6 տուժած

ՃՏՊ Արմավիր-Երևան ավտոճանապարհին․ կա 1 զոհ և 6 տուժած

Օգոստոսի 23-ին՝ ժամը 07։48-ին, Արմավիրի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր-Երևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ...

Լարված իրավիճակ՝ Հովտաշատ գյուղում. 250-ից ավելի բնակիչներ 20 օր է մնացել են առանց ջրի

Լարված իրավիճակ՝ Հովտաշատ գյուղում. 250-ից ավելի բնակիչներ 20 օր է մնացել են առանց ջրի

Տևական ժամանակ է՝ Արարատի մարզի Մասիս խոշորացված համայնքի Հովտաշատ, ժողովրդին ավելի հայտնի՝ Մեյմանդար բնակավայրի Պարույր Սևակ փողոցի բնակիչներն իրենց զգում են ոչ թե 21-րդ դարի բնակիչներ, այլ քարե դարի։ Պատճառը մոտ 250-ից ավելի բնակիչների նկատմամբ ոչ սրտացավ մոտեցումն...