Ալեն Սիմոնյանի պնդումը հակասում է թե՛ օրենքին, թե՛ նախադեպերին. fip.am

29 Նոյեմբերի, 2025

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը նոյեմբերի 28-ին լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով հարցին, թե ինչու չեն հրապարակվում 44-օրյա պատերազմի զոհերի անունները,  ասել է․ «Զոհերի անունները հրապարակելը, անձնական տվյլալները հրապարակելը․․․ ես չեմ որոշողը, բայց որոշումը էս պահին էն ա, որ դա անձնական տվյալ է և այս պահին ճիշտ չի դա հրապարակելը»։ Այնուհետև հավելել․ «Դե չգիտեմ ինչի ճիշտ չի, անձնական տվյալներ ա որովհետև»։ Այս մասին գրում է fip-ը։

«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքը և փորձել պարզել՝ արդյո՞ք Սիմոնյանի պնդումը, թե պատերազմի զոհերի անունները համարվում են անձնական տվյալներ և ենթակա չեն հրապարակման։

Ի՞նչ է օրենքը համարում անձնական տվյալ

Ըստ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի՝ «անձնական տվյալ է համարվում ֆիզիկական անձին վերաբերող ցանկացած տեղեկություն, որը թույլ է տալիս կամ կարող է թույլ տալ ուղղակի կամ անուղղակի կերպով նույնականացնել անձի ինքնությունը»։

Նույն օրենքը սահմանում  է անձնական տվյալների մշակման բացատրությունը․ «անձնական տվյալների մշակումը՝ անկախ իրականացման ձևից և եղանակից ցանկացած գործողություն կամ գործողությունների խումբ է, որը կապված է անձնական տվյալները հավաքելու կամ ամրագրելու, կամ մուտքագրելու, կամ համակարգելու, կամ կազմակերպելու, կամ պահպանելու, կամ օգտագործելու, կամ վերափոխելու, կամ վերականգնելու, կամ փոխանցելու, կամ ուղղելու, կամ ուղեփակելու, կամ ոչնչացնելու, կամ այլ գործողություններ կատարելու հետ»։

Օրենքում անդրադարձ կա նաև մահացած անձի անձնական տվյալների օգտագործման հարցին․ «Տվյալների սուբյեկտի մահվան դեպքում նրա անձնական տվյալները կարող են մշակվել առանց համաձայնության, եթե մշակվող տվյալները պետք է լինեն մահացած անձի անունը, սեռը, ծննդյան և մահվան տարին, ամիսը, ամսաթիվը»:

Անձնական տվյալների պաշտպանության մասնագետ Գևորգ Հայրապետյանը FIP.am-ին ասում է, որ պետական մարմինների կողմից տեղեկատվության տրամադրման մերժումը, թե մահացածների անվանացանկը հրապարակելը համարվում է անձնական տվալ՝ իրավաչափ չէ։

Այսինքն՝ մահացած անձի անունը հրապարակելու համար օրենքը ոչ մի արգելք չի սահմանում։  Հակասություն Սիմոնյանի պնդման, նախադեպերի և օրենքի միջև

Ալեն Սիմոնյանի պնդումը հակասում է թե՛ օրենքին, թե՛ նախադեպերին։ 2020 թ. պատերազմի օրերին Պաշտպանության նախարարությունը, Արցախի պետական կառույցները և պաշտոնատար անձինք պարբերաբար հրապարակել են զոհվածների անունները, ծննդյան տվյալները և լուսանկարները՝ առանց որևէ իրավական խոչընդոտի կամ սահմանափակման մասին հայտարարելու։

Օրինակ՝ Արցախի պաշպանության բանակը 2020-ի նոյեմբերի 13-ին 44-օրյա պատերազմում զոհված անձանց 2 ցանկ ներկայացրել էր՝ (2) մանրամասն նշելով զոհի անուն, ազգանուն, հայրանունը և ծննդյան տարին։ Նույն հաստատության կողմից զոհերի անուններ հրապարակվել էին նաև 2020-ի հոկտեմբերին՝ պատերազմի թեժ մարտերի ընթացքում, ինչպես նաև պատերազմի ավարտից հետո՝ նոյեմբերի 17-ին։ Ի դեպ, Արցախի ՊԲ-ն պատերազմից հետո մինչև դեկտեմբեր նման ցուցակներ է հրապարակել։

Միևնույն օրենքը այն ժամանակ էլ էր գործում, և որևէ պաշտոնական մարմին անունների հրապարակումն անօրինական կամ անթույլատրելի չի համարել։ Հետևաբար, հայտարարությունը, թե անունների հրապարակումը «ճիշտ չէ, քանի որ դա անձնական տվյալ է», իրավական հիմնավորում չունի։

Ինչո՞ւ է կարևոր զոհերի անունները հրապարակելու հարցը 

44-օրյա պատերազմի զոհերի անունները հրապարակելու հարցը Հայաստանում պարբերաբար բարձրացվում է։ Այդ անունները հրապարակելու պահանջով պարբերաբար բողոքի ակցիաներ էին տեղի ունենում, սոցիալական հարթակներում նույն պահանջով նույնիսկ ֆլեշմոբ էր կազմակերպվել։

Շատերի համար կարևոր է անունների հրապարակումը, քանի որ 44-օրյա պատերազմից հետո զոհերի թվի ու հաշվառման շուրջ եղել են բազմաթիվ անհամապատասխանություններ։ Ընտանիքների մի մասը օրեր շարունակ չի ստացել պաշտոնական տեղեկություն։ Նաև հնչում էր կարծիք, թե երբ անունները չեն հրապարակվում, զոհերը վերածվում են անանուն վիճակագրության։

Բացի այդ, հարյուրավոր ընտանիքներ հենց իրենք են հարցազրույցների միջոցով, լրագրողների ռեպորտաժներում հրապարակել իրենց որդիների, ամուսինների ու հարազատների անունները, հետևաբար պետության կողմից այդ անունները չհրապարակելը ոչ թե անձնական տվյալների պաշտպանություն է, այլ ավելորդ սահմանափակում։

Այսպիսով, իրավական դաշտը հստակ է՝ մահացած անձանց անունը հրապարակելու արգելք չկա, իսկ նախկինում զոհերի անուններով հրապարակումները եղել են համատարած։ Հետևաբար, ԱԺ նախագահի պնդումը, թե զոհերի անունները հրապարակելը «անձնական տվյալ է» և «այժմ ճիշտ չէ», չի բխում գործող օրենսդրությունից և հակասում է ինչպես օրենքին, այնպես էլ նախադեպերին։

Նմանատիպ նյութեր

Արտահերթ, թե հերթական ընտրություն՝ անհրաժեշտ է, որ այս իշխանությունը հեռանա․ Բագրատ սրբազան

Արտահերթ, թե հերթական ընտրություն՝ անհրաժեշտ է, որ այս իշխանությունը հեռանա․ Բագրատ սրբազան

«Արտահերթ, թե հերթական ընտրություն՝ անհրաժեշտ է, որ այս իշխանությունը հեռանա»,- դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում ասել է Բագրատ սրբազանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ հնարավոր արտահերթ ընտրություն անցկացնելու մասին հայտարարությանը։ «Այս իշխանությունը...

Ֆրանսիայում առաջիկա օրերին կարգելվեն ցույցերը

Ֆրանսիայում առաջիկա օրերին կարգելվեն ցույցերը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ տեղական իշխանություններն արգելելու են առաջիկա օրերին նախատեսված բոլոր ցույցերը՝ բացառությամբ արհմիությունների կազմակերպածների։ Հայտնում են տեղական ԶԼՄ-ները։ «Եթե խոսքը արհմիութենական կազմակերպությունների մասին է, ապա...

Սիսիանում 15 և 16-ամյա դեռահասները խաղալիք ատրճանակով կրակել են 9-ամյա երեխայի վրա, ապա սպառնացել

Սիսիանում 15 և 16-ամյա դեռահասները խաղալիք ատրճանակով կրակել են 9-ամյա երեխայի վրա, ապա սպառնացել

Հոկտեմբերի 17-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 17։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սիսիանի բաժին է դիմել Սյունիքի մարզի բնակիչ 32-ամյա Ռոզա Մ․-ն և հայտնել, որ նույն օրը՝...

Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների՝ սահմանը հատած ադրբեջանցին վերադարձվել է

Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների՝ սահմանը հատած ադրբեջանցին վերադարձվել է

Սահմանը հատած ադրբեջանցին վերադարձվել է Ադրբեջան, գրում են ադրբեջանական ԶԼՄ–ները։ Հայկական կողմը պաշտոնապես չի հաստատել տեղեկությունը։ Նշենք, որ  ԱԱԾ-ն այսօր է միայն հաստատել, որ  Հայաստանի սահմանը ադրբեջանցի է հատել,  նշվելով, որ ձեռնարկվում են համապատասխան...

ԵԱՏՄ-ից հնարավոր հեռացման աղետալի հետևանքները՝ թվերով

ԵԱՏՄ-ից հնարավոր հեռացման աղետալի հետևանքները՝ թվերով

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակում Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի նախագահների՝ 2026 թվականի մայիսի 29-ի համատեղ հայտարարության հիման վրա պատրաստվել է զեկույց՝ Հայաստանի անդամակցության հնարավոր կասեցման հետևանքների վերաբերյալ։ Փաստաթղթում...