Ակցիաների տեղերը փոխելիս հանրագումարային բովանդակությունը չի փոխվում. «Փաստ»

4 Նոյեմբերի, 2025

«Փաստ» օրաթերթը գրում է.

Անցած կիրակի էլ բոլորը տեսան, որ Նիկոլ Փաշինյանի հերթական ակցիան՝ կեղծ «պատարագը» զավթված Հովհաննավանքում, մատնվեց հերթական անհաջողության: Արտաքուստ այն տպավորությունն էր, որ այս անգամ նույնիսկ ավելի քիչ մարդ էր եկել («բերման ենթարկվել») Փաշինյանի ու ՔՊ-ի միջոցառմանը, քան նույնիսկ հոկտեմբերի 26-ին:

Սխալ կլինի ասել, որ քպական իշխանությունը վարչական լծակներ ու ռեսուրսներ չէր կիրառել, որպեսզի Հովհաննավանքում քաղաքացի Ստեփան Ասատրյանի քաղաքական քարոզչությանը հնարավորինս շատ ներկաներ լինեն: Բայց ստացվել էր ավելի սակավամարդ պատկեր, քան նույնիսկ նախորդ անգամ: «Գվարդիայի» վերանվանված ոստիկանական ստորաբաժանման բազմաթիվ ծառայողների ներկայությունն էլ ոչ թե բազմամարդության էֆեկտ էր տալիս, այլ հակառակը՝ ընդգծում էր տվյալ քաղաքական, նեղ-կուսակցական խառնահավաքի շինծու պատկերը: Հարկավ, Հովհաննավանք գնացել էին նաև որոշակի քպականներ, բայց դա էլ, եթե կարելի է այդպես ասել, «շողոքորթային» ներկայություն էր: Այսինքն, այդ անձինք անցած կիրակի այնտեղ հայտնվել էին միակ պատճառով՝ «մտնել շեֆի աչքը»:

Բայց ոչինչ, կարծես, չի օգնում, և Նիկոլ Փաշինյանն էլ հրաշալի տեսավ, ավելին՝ մեկ անգամ ևս համոզվեց, որ չունի հանրային աջակցություն: Ընդհանրապես չունի: Ու վաղը, երբ ոստիկանությունն ու իշխանական ճնշման լծակները չլինեն, խիստ կասկածելի է, որ Հովհաննավանքի մոտ եկածների նույնիսկ կեսի կեսը մնա իր կողքին:

Բայց դա տեսնելով ու գիտակցելով հանդերձ, ի՞նչ է անում Նիկոլ Փաշինյանը:

Նա ավելի սրամիտ բան չի կարող մտածել, քան… նույն գործելակերպը շարունակելն է: Հիմա էլ որոշել է Թալինում «միջոցառում» անել: Դրա պատճառն էլ պարզ է. Թալինում համայնքապետը մոլեռանդ «նիկոլական» է: Թե թալինյան հավաքին ինչ պատկեր կարձանագրվի, կանխատեսելի է: Բայց թույլ տանք մեզ նկատել, որ ակցիաների տեղերը փոխելիս հանրագումարային բովանդակությունը չի փոխվում:

Իսկ բովանդակությունը տվյալ պարագայում սին է: Փաշինյանը, դիրքավորվելով որպես իրականության զգացողությունը կորցրած, բայց իրավապահ ու ռեպրեսիվ մարմիններին ցանկացած անօրինական հրահանգ տալու ունակ ղեկավար, ըստ էության, նպատակադրվել է ոչնչացնել Հայ առաքելական եկեղեցին՝ որպես ազգային-հոգևոր կառույց: Դա ծրագիր «մաքսիմումն» է, որը համապատասխանում է նաև ադրբեջանական կողմի պահանջներին:

Ծրագիր «մինիմումը», պետք է ենթադրել, այն է, որ Փաշինյանը փորձում է ձևավորել գոնե «այլընտրանքային ՀԱԵ», այսինքն՝ ստանալ իբր կրկնօրինակ «կառույց» և դրանով հակադրվել Մայր Աթոռին ու ՀԱԵ-ին: Դե, ինչպես 90-ականներին կասեին, «կոոպերատիվ եկեղեցի»:

Համարձակվենք ենթադրել, որ դրանից միայն դատարկ աղմուկ է դուրս գալու և ուրիշ ոչինչ: Մեծ հաշվով, թե՛ նախորդ, թե՛ վերջին, ու վստահ ենք՝ նաև առաջիկա քպական կիրակնօրյա հավաքները ընդամենը վերստին հաստատելու են, որ Փաշինյանը չունի հանրային աջակցություն, իսկ, որ ավելի կարևոր է, մեր հանրությունն իր մեծամասնության մեջ առողջ է: Ճիշտ է, հանրությունը հիմնականում լուռ դիմադրություն է դրսևորում, բայց դա էլ իր պատճառներն ունի:

Մյուս կողմից՝ Փաշինյանի հակաեկեղեցական արշավի շնորհիվ, թող տարօրինակ չհնչի, նախ՝ հենց Եկեղեցու ներսում բացահայտվում են քպական «գործակալները»: Չենք կասկածում, որ մեր հոգևոր հայրերն անկեղծորեն ցավ են ապրում նման «հիվանդ ոչխարներ» ունենալու համար, և նույնիսկ նրանց չէին կամի տալ առողջ «գայլի» երախը: Սակայն կյանքն ու փորձություններն իրենց շտկումներն են բերում:

Մյուս հատկանշական պարագան այն է, որ ինչ Փաշինյանն ավելի մոլեգին է սկսել հակաեկեղեցական քայլեր անել, այնքան ավելի ու ավելի շատ մարդիկ են սկսել հաճախել ամենատարբեր եկեղեցիներ, մանավանդ՝ կիրակնօրյա պատարագների: Հասկանալի է, որ քպական իշխանությունն ու այն գլխավորող Նիկոլ Փաշինյանը նմանապես դա տեսնում են, դրանից ավելի են հերսոտում և էլ ավելի անընդունելի, «կարմիր գծեր» ջնջող քայլերի են դիմում:

Ասվածի պարզ վկայությունն այն է, որ նոյեմբերի 2-ի հետմիջօրեին ՔՊ-ի սատելիտներից մեկի ներկայացուցչի «մատնագրով» փաշինյանական ոստիկանությունը թիրախավորեց Ամենայն հայոց կաթողիկոսի եղբորն ու եղբորորդուն, թե նրանք, իբր, խոչընդոտել են Փաշինյանի սատելիտի… նախընտրական քարոզչությանը:

Քավ լիցի, համացանցում արագորեն տարածվեց «մեղսագրվող» արարքի տեսանյութը, որտեղ, բնականաբար, հանցավոր ոչ մի բան, առավել ևս՝ քարոզչության խոչընդոտում չկար: Դա, իհարկե, խղճի և օրինականության հետ ակնհայտորեն խնդիր ունեցող իրավապահներին չխանգարեց, որ նախ՝ ձերբակալեն Կաթողիկոսի եղբորն ու եղբորորդուն, ապա հանդես գան կալանքի միջնորդությամբ:

Իմաստ ունի՞ բացատրել կամ մեկնաբանել, որ Փաշինյանի այս քայլը նպատակ ունի հոգեբանորեն ճնշել, տեռորի ենթարկել Ամենայն հայոց կաթողիկոսին: Փաշինյանն արդեն պատանդ է պահում ՀԱԵ երեք սրբազանների, հոգևոր հայրերի, իսկ հիմա էլ իր ռեպրեսիվ օրգանների միջոցով Կաթողիկոսի եղբորն ու եղբորորդուն է պատանդառել:

Բայց, դե, նորություն էլ չկա. վաղուց ենք համոզվել, որ Փաշինյանից ու նրա քպական իշխանությունից ինչ ասես՝ սպասելի է: Նրանք չունեն «կարմիր գծեր», չունեն սրբություններ, բացի իշխանությունը: Նախորդ տարիներին դա բազմիցս դրսևորվել ու ապացուցվել է:

Բայց կա մի… «բայց»:

Մայր Աթոռը, Մայր տաճարն ու Վեհարանը, Հայ առաքելական եկեղեցին, ընդհանրապես, տարբեր տարիների, տարբեր դարերում շատ արշավանքներ ու հարձակումներ են տեսել, բայց այսօր վերստին հոգևոր կյանքով լի են, կանգուն ու կենսունակ: Արշավողները չկան…

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Արցախի Հանրապետության հռչակման 35-ամյակն է

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Արցախի Հանրապետության հռչակման 35-ամյակն է

Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, լրանում է Արցախի Հանրապետության անկախության հռչակման 35-ամյակը։ Այդ առիթով բազմաթիվ հասարակական-քաղաքական գործիչներ, արցախցի պաշտոնյաներ այցելել են Եռաբլուր պանթեոն՝ ծաղիկներ խոնարհելու «Արցախի կանչը» հուշակոթողին։ Մանրամասն՝ ուղիղ...

Փաշինյանը խոստովանվում է, որ Հայաստանի հանրությունը չի աջակցում այդ թեմային․ Հակոբ Բադալյան

Փաշինյանը խոստովանվում է, որ Հայաստանի հանրությունը չի աջակցում այդ թեմային․ Հակոբ Բադալյան

«Պուտինի հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը սառը ջուր լցրեց այսպես ասած քաղհասարակության եւ արեւմտամոլ շրջանակների գլխին, անդրադառնալով ԵՄ անդամակցության մասին օրենքին և անելով հետեւյալ հայտարարությունը․ «Եթե անկեղծ ասենք, օրենքի ընդունումն արդեն այն ժամանակ նշանակում էր...

Պատգարակով դատարան բերված Գագիկ Խաչատրյանը կալանավորվեց

Պատգարակով դատարան բերված Գագիկ Խաչատրյանը կալանավորվեց

Գագիկ Խաչատրյանը 2 ամսով կալանավորվեց։ Այս մասին լրատվամիջողներին հայտնեցին ՔԿ-ից։ Ավելի վաղ հայտնել էինք, որ ձերբակալվել է Գագիկ Խաչատրյանը, ապա քննչական մարմինը կալանքի միջնորդություն էր ներկայացրել դատարան: Փաստաբանական թիմը տեսանյութեր հրապարակեց, թե ինչ...

Իշխանությունը փորձում է վախեցնել համայնքապետերին․ «Հրապարակ»

Իշխանությունը փորձում է վախեցնել համայնքապետերին․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Առաջիկա ՏԻՄ ընտրությունների հետ կապված՝ ոչ միայն ընդդիմությունն է անհանգիստ, այլ նաեւ՝ իշխանությունը: Որտեղ քաղաքապետի պոտենցիալ անցողիկ թեկնածու կա, որը ՔՊ-ի հետ չէ, ճնշումների է ենթարկվում: Նախօրեին Երեւան Հակակոռուպցիոն կոմիտե էին կանչել...

Ինչո՞ւ չեն վճարվում մայրության նպաստները․ Նիկոլ Փաշինյանը խաբել է․ մաս 238․ «Ժողովուրդ»

Ինչո՞ւ չեն վճարվում մայրության նպաստները․ Նիկոլ Փաշինյանը խաբել է․ մաս 238․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Պետությունը միլիոններ է գտնում պարգևավճարների ու վարչապետի հեծանվավազքի համար, բայց երեխա սպասող կանանց մայրության նպաստը ժամանակին վճարելու հարցում՝ պատճառաբանություններ։ Այն դեպքում, երբ Նիկոլ Փաշինյանը մինչև 2050 թվականը Հայաստանի...