Ական՝ Հայոց բանակի, «դասակարգային» ռումբ՝ հասարակության համար. «Փաստ»

29 Մայիսի, 2025

«Փաստ» օրաթերթը գրում է.

Զինվորական պարտադիր ժամկետային ծառայությունից փողով ազատվելու մասին օրենքի նախագիծն այս օրերին բազմատեսակ, հիմնականում՝ արդարացված ու տեղին քննադատական արձագանքների, գնահատականների առարկա դարձավ: Մենք արդեն առիթ ունեցել ենք նշելու, որ խնդրահարույց նախագիծը գործնականում կոռուպցիան, կաշառակերությունն օրինականացնելու փորձ է, այլ ոչ թե՝ խայտառակ ու քարուքանդիչ երևույթների դեմ պայքար ենթադրող մոտեցում:

Բայց կան մի շարք այլ դիտարկումներ ևս, որոնք ոչ պակաս ուշագրավ են ու, կարծում ենք, կարևոր: Ինչի՞ մասին է խոսքն առհասարակ: Իսկ խոսքն այն մասին է, որ փաշինյանական իշխանության ներկայացուցիչը, հիմնվելով այն իրողության վրա, որ բազմաթիվ ծնողներ դիմում են ամենատարբեր քայլերի, այդ թվում՝ նախազորակոչային տարիքում քաղաքացիության փոփոխության և այլն, որպեսզի իրենց զավակներին «ազատեն բանակից», առաջարկում է այդ հարցը դնել օրինական հիմքերի վրա: Հատկանշական հանգամանք է այն, որ Փաշինյանի կառավարության անդամները (առաջին հերթին՝ պաշտպանության նախարարը) միանգամից ու կտրուկ չմերժեցին այդ առաջարկությունը, այլ այստեղ քննարկման թեմա տեսան: Այսինքն, մեծ հաշվով, նման մոտեցումն իրենց համար ընդունելի է, իսկ քննարկման ենթակա են ինչ-ինչ դետալներ:

Մինչդեռ, իրապես ազգային ու սոցիալական մոտեցումներ ունեցող որևէ մեկը պետք է որ ի սկզբանե մերժեր առաջարկվող անընդունելի նախագիծը:

Տեսեք, քաղաքական տեսանկյունից կարող է թվալ, թե սա առանձին վերցրած 1 պատգամավորի օրենսդրական նախաձեռնություն է: Բայց իրականում նմանօրինակ նախագծեր, առաջարկություններ նույն փաշինյանական իշխանությունը կամ իրենց հետ մտազուգահեռվող շրջանակները ներկայացրել կամ փորձել են շրջանառել նաև ավելի վաղ: Այսինքն, սա իշխանական 1 պատգամավորի խնդիր չէ, այլ արտացոլում է երկրի տվյալ պահի իշխանության ընդհանուր մոտեցումները և տրամադրությունները: Իսկ այդ իշխանության միակ «աստվածը» փողն է (դե, իշխանության հետ միասին)՝ բոլոր առումներով:

Քաղաքական տեսանկյունից նման օրինագիծ ներկայացնելը Փաշինյանի իշխանության բացարձակ ձախողման, սնանկության և անկարողության ինքնատիպ վկայություն է: Այսինքն, իշխանությունը ձախողվել է բանակի բարեփոխումների և զինված ուժերի արդիականացման հարցերում, ձախողվել է զորահավաքային քաղաքականության իրականացման գործընթացում, անկարող է ապահովել նորմալ զորակոչ, անընդունակ է հսկողություն սահմանել ու թույլ չտալ օրինախախտումներ, տվյալ դեպքում՝ կաշառատվություն և կաշառակերություն:

Էլ ավելի լայն ընդգրկմամբ, նման՝ հակաբանակային օրինագծի առաջ գալն անխոս վկայությունն է այն բանի, թե ինչ աստիճանի են Փաշինյանն ու իր թիմը վարկաբեկել Հայոց բանակը, ինչ օրի են այն հասցրել, որ ծառայությունից խուսափելուն ուղղված դրսևորումները նման տարածում են ստացել:

Այսինքն, գործնականում նման օրինագծի գաղափարաքաղաքական հիմնավորումները ոչ միայն խախուտ են, այլև, ըստ էության, բացահայտում են վերջին 7 տարվա «թավշյա» ձախավերության մասշտաբներն ու հետևանքները:

Ոչ պակաս ավերիչ ու տնաքանդիչ է այն մոտեցումը, որ նման օրինագծով փաշինյանական իշխանությունը գործնականում հայտարարում է, որ բանակային ծառայությունը ՀՀ քաղաքացու համար ոչ թե սահմանադրական պարտք է, այլ պատիժ, որի դիմաց այդ իշխանությունը առաջարկում է «փրկագին» մուծել:

Ինչ վերաբերում է կոնկրետ օրինագծի այլասերված տրամաբանությանն ու շրջանառության մեջ դրված առաջարկություններին՝ «փողով բանակից ազատվելու» վերաբերյալ, ապա արժե նկատել, որ այն, ամենից առաջ, խորացնելու է ներհասարակական պառակտվածությունն ու ներքին ատելությունը: Սա, մեծ հաշվով, ոչ թե օրինագիծ է, այլ ընդունվելու դեպքում դառնալու է ական՝ բանակի, ու ռումբ՝ հասարակության համար:

Զուտ սոցիալական տեսանկյունից՝ սա անխուսափելիորեն խորացնելու է սոցիալական բևեռացվածությունը: Դուք պատկերացնում եք, չէ՞, թե մարդիկ, ովքեր չեն ունեցել կամ չունեն 18-20 միլիոն դրամ, որպեսզի իրենց զավակին «ազատեն բանակից», ինչպես են վերաբերվելու այն հարուստներին, որոնք մուծվել ու ծառայությունից «թռել» են: Առավել ևս՝ ինչպես են բանակում լիարժեք ծառայողները վերաբերվելու «միամսյա» ծառայողներին, եթե հանկարծ չորոշվի առանձին «էլիտար» զորամաս տրամադրել նման «արտոնյալներին»:

Զինվորական առումով էլ է ներկայացված առաջարկությունն անհեթեթ: Ի՞նչ պետք է 1 կամ թեկուզ 4 ամսվա մեջ սովորի զորակոչիկը, ով հետո համարվելու է ծառայած: Պապայի փողերի հաշվին: Ի՞նչ զինվորական մասնագիտության է տիրապետելու. հրաձիգի՞, տանկի մեխանիկ-վարորդի՞, թնդանոթի նշանառուի՞, ԱԹՍ-ի օպերատորի՞…

Մեկ ամսվա մեջ հատկապես «փողով ազատվածները» երևի իրենց իսկ անկողինը հավաքել էլ չսովորեն…

Մի խոսքով՝ որ կողմից էլ նայում ես՝ անընդունելի ու անընկալելի բան են մեջտեղ բերել: Եվ ընդունել այն կամ առաջ հրել՝ նշանակում է ուղղակի ևս մեկ վատություն անել պետությանը: Թեպետ, ենթադրելի է, որ փաշինյանական իշխանությունն այսպիսով ուզում է ձայներ փախցնել: Չէ՞ որ նրանց համար իրենց իշխանությունը պահելը բազմապատիկ ավելի կարևոր է, քան պետությունը, բանակը, ժողովրդի ճակատագիրը՝ միասին վերցրած:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Մոսկվայի մի շարք խոշոր բուհերում տարհանում է հայտարարվել

Մոսկվայի մի շարք խոշոր բուհերում տարհանում է հայտարարվել

Մոսկվայի մի շարք խոշոր բուհերում տարհանում է հայտարարվել. ուսանողներին դուրս են բերել փողոց, իսկ դասերը՝ չեղարկել։ Որոշ ուսումնական հաստատություններում դեռ առավոտից էին հայտնել, որ դասեր չեն լինելու։ Սեպտեմբերի 24-ի կեսօրին հայտնի դարձավ միանգամից մի քանի խոշոր...

Սկանդալային շրջադարձ. ոստիկանին ու նրա բարեկամին բաց են թողել, քննիչների նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել. «Իշխանություն»

Սկանդալային շրջադարձ. ոստիկանին ու նրա բարեկամին բաց են թողել, քննիչների նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել. «Իշխանություն»

Քննչական կոմիտեն սուտ հերքում տարածելու պատճառով հայտնվել է տգեղ իրավիճակում: «Իշխանություն» լրատվականին հայտնի դարձավ, որ ոստիկանություն–քննչական կոմիտե աղմկահարույց գործի ընթացքը էականորեն փոխել է սկզբնական պատկերը՝ ի վնաս Քննչական կոմիտեի։ Օրերս կալանքից ազատ են...

Զինծառայողը նռնակի պայթյունից է մահացել. մինչև այդ վիճաբանություն է եղել. news.am

Զինծառայողը նռնակի պայթյունից է մահացել. մինչև այդ վիճաբանություն է եղել. news.am

News.am-ի տեղեկություններով, այսօր՝ սեպտեմբերի 24–ին, Սիսիանում մահացած զինծառայող պայմանագրային ծառայության էր անցել 2022 թվականից։ Նախնական տեղեկություններով վիճաբանություն է տեղի ունեցել զինծառայողների միջև, արդյունքում նռնակ է պայթել։ Նշենք, որ ՊՆ-ն արդեն հաստատել...

Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Հանրապետության տարածքում սեպտեմբերի 24-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 25-ի և 27-ի կեսօրից հետո, 26-ին, 28-29-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ,...

Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինծառայողները վարժանքներ են անցկացնում

Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինծառայողները վարժանքներ են անցկացնում

Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի զինծառայողները Սաչխերեի գնդապետ Բեսիկ Կուտատելաձեի անվան լեռնային պատրաստության դպրոցում անցնում են ամառային նախնական դասընթաց։ Վարժանքները անցկացվում են եռակողմ ռազմական համագործակցության շրջանակներում։ Վրաստանի պաշտպանության...