Գերագույն խորհրդի նախկին փոխնախագահ, ԱԺ նախկին փոխնախագահ, ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արա Սահակյանը Facebook–ի իր էջում անդրադարձել է նոր Սահմանադրության ներկայացված նախագծին։ Նա իր գրառումը վերնագրել է «Երանի հասկացողներին»։
«Սա հատված է ՔՊ-ի սահմանադրության նախագծի նախաբանից. «Սահմանադրությունը մեր հավաքական պայմանավորվածությունն է Հայաստանի Հանրապետության ներքին և արտաքին հարաբերությունների հիմնական սկզբունքների մասին»:
Այս նախադասության հեղինակը ոչ թե իրավաբան է, այլ բլոգեր կամ միջակ լրագրող։ Սահմանադրության նախաբանն ունի հստակ ոճաբանական կանոններ. այն պետք է լինի վեհ, հանդիսավոր, սեղմ և հռչակագրային։
Վստահ եմ` այս նախադասությունը տեքստի մեջ զոռով (բուլդոզերով) մտցրել է ՔՊ-ի պարագլուխը: Այն չունի սահմանադրության տեքստին բնորոշ մոնումենտալություն և պատմաիրավական կշիռ։
Սահմանադրության առանցքային էությունը իշխանության սահմանափակումն է և մարդու հիմնարար իրավունքների երաշխավորումը։ Այս նախադասության մեջ ընդհանրապես բացակայում են մարդը, նրա իրավունքները, ազատությունները և իշխանության բաժանումը։
«Ներքին և արտաքին հարաբերություններ» ձևակերպումը չափազանց ընդարձակ է և անորոշ։ Ներքին հարաբերություններ են նաև քաղաքացիաիրավական, ընտանեկան կամ աշխատանքային հարաբերությունները, որոնք Սահմանադրության անմիջական առարկան չեն։ Բացի այդ, Սահմանադրությունը սահմանում է ոչ միայն սկզբունքներ, այլև կոնկրետ նորմեր, ինստիտուտներ և լիազորություններ։
«Հավաքական պայմանավորվածություն» եզրույթով փորձ է արվում արտացոլել Ժ.-Ժ. Ռուսոյի, Ջ. Լոքի և Թ. Հոբսի «հասարակական դաշինքի» դասական տեսությունը, ըստ որի՝ պետությունն ու իրավակարգը ձևավորվում են քաղաքացիների կամքի համընկնման արդյունքում։ Մի՞թե այս տեքստը գրող իրավաբանները չգիտեն, որ սահմանադրական իրավունքում կիրառվում է հասարակական դաշինք կամ համաձայնություն հասկացությունը, այլ ոչ թե պայմանավորվածություն։ Թե՞ սա էլ է ՔՊ-ի պարագլուխը բուլդոզերել։ Պայմանավորվածություն բառը կենցաղային, իրավիճակային կամ քաղաքական գործարքի իմաստներով է օգտագործվում։ Մինչդեռ սահմանադրությունը ընթացիկ ու պարզ պայմանավորվածություն չէ, այն ժողովրդի կամքի բարձրագույն իրավական արտահայտությունն է։
Կարճ ասած` ռադ եղեք, տգետներ»։
Հիշեցնենք, որ այսօր Փաշինյանը ներկայացրել է նոր Սահմանադրության նախագիծը և դիմել է ուղերձով:




