«Այս նստաշրջանում Ազգային ժողովում, եթե այս օրենքն էլ ընդունվի, ամեն տարի, առնվազն, մոտավորապես 100 Հայաստանի Հանրապետության քաղաքացի ազատվելու է պարտադիր զինվորական ծառայությունից, որովհետև արդեն այս քառօրյայում ոստիկանական և փրկարարական կրթական հաստատություններ ընդունվածներն էլ պետպատվերով ազատվում են պարտադիր զինվորական ծառայությունից։
Հանձնաժողովում խոսել ենք՝ սա վերաբերմունք չի զինված ուժերի նկատմամբ։ Ամեն մի գերատեսչություն գալիս և ասում է. «Ինձ անհրաժեշտ են այս մարդիկ, ազատե՛ք պարտադիր զինվորական ծառայությունից»։ Հանձնաժողովի անդամ պարոն Խաչատրյանն ասում էր, օրինակ՝ մտածենք՝ թունելագործների պակաս կա Հայաստանում, վիրաբույժների պակաս կա։ Վաղը առողջապահության նախարարն է գալու՝ ասելով. «Վիրաբույժների կարիք ունեմ, եկե՛ք վիրաբույժներին ազատենք պարտադիր զինվորական ծառայությունից»։
Հայրենիքի նկատմամբ պարտականության կատարում է պարտադիր զինվորական ծառայությունը։ Շատ մանրամասն ենք հանձնաժողովում խոսել։ Այդ պարտադիր զինվորական ծառայությունը միայն ավտոմատը ձեռքին դիրքում կանգնելը չէ։ Հայաստանի տարբեր բնակավայրերի հետ շփումն է, մարդուն մարդ դարձնելն է, տղամարդ դարձնելն է։ Վաղը պետական ծառայության մեջ այդ մարդը պետք է հասկանա այն արժեքը, որն ունի իր պաշտոնը»,- այս մասին այսօր՝ նոյեմբերի 20-ին, հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։






