ԱԺ երեկվա՝ նոյեմբերի 18-ի նիստում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը 2027թ․ պետբյուջեն ներկայացնող ֆինանսների նախարարին հարց ուղղեց, թե ինչու իշխանությանը չի հաջողվել աղքատության մակարդակն իջեցնել, ինչի մասին խոստանում էր։ «2026 թվականի հոկտեմբերին Կենտրոնական բանկի զեկույցում աղքատության մակարդակի մասին շատ մտահոգիչ տվյալներ են ներկայացված։ Չեմ ուզում նույնիսկ թվերը հնչեցնել, որովհետև դրանցից մարդիկ կարող են ուղղակի ահաբեկվել։ Ձեր ներկայացրած ամեն ինչ շատ լավ է, ամեն ինչ ֆանտաստիկ է․ տնտեսական աճ կա, գումարներն ավելացել են, ամեն ինչ բարձրացել է, ամեն ինչ հրաշալի է, բայց ժողովուրդն աղքատ է ապրում։ Ի՞նչ քաղաքականություն եք վարում աղքատության մակարդակը նվազեցնելու համար, ինչի մասին խոստացել եք, և ինչո՞ւ մինչ այժմ դա չի հաջողվել»,- հարցրեց պատգաամավորը։
Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը պատասխանեց․ «Աղքատության մակարդակն իջնում է։ Այո՛, մենք կուզենայինք, որ ընդհանրապես աղքատ մարդ չլիներ, բայց կարող եմ ասել, որ թոշակների բարձրացումը և առողջապահության ապահովագրության համակարգի ներդրումը էապես փոխելու են այս պատկերը։ Իհարկե, վիճակագրությունը դեռ հրապարակված չէ, որովհետև 2026 թվականի աղքատությունը դեռ գնահատված չէ։ Բայց վստահեցնում եմ ձեզ, որ այդ փոփոխությունները ազդեցություն կունենան»։
Արձագանքեց նաև ՔՊ-ական պատգամավոր Բաբկեն Թունյանը, թե․ «Հարցն իր մեջ սխալ պնդում է պարունակում։ Աղքատության ցուցանիշը նվազել է։ Կարծում եմ՝ մեկ ամսից կհրապարակվի աղքատության ցուցանիշը։ Մեր խոստումը վերաբերում էր 2021-26 թվականներին։ Հաջորդ տարի էս ժամանակներում կհրապարակվի 2026թ․աղքատության ցուցանիշը, և էդ ժամանակ կարող ենք հստակ գնահատել՝ ինչքանով է նվազել և ինչքանով է համահունչ մեր խոստումներին»։
Քանի որ Բաբկեն Թունյանը խոսում էր սխալ պնդումից, հիշեցնենք․ 2018թ․ արտահերթընտրություններին «Իմ քայլը» դաշինքը մասնակցում էր «Երջանիկ անհատ, հոգատար հանրություն, հզոր պետություն» կարգախոսով։ Նախընտրական ծրագրում խոստանում էին․ «Մինչև 2023 թվականը աղքատությունը իջեցնելու ենք առնվազն 10 տոկոսային նիշով` վերացնելով ծայրահեղ աղքատությունը»։
2018 թվականին աղքատությունը կազմում էր 23,5 տոկոս, այսինքն, եթե կառավարության ծրագիրն իրականություն դառնար, պետք է աղքատությունը 2023թ․լիներ արդեն 13,5 տոկոս, սակայն ընդհակառակը, դարձավ ավելի շատ, քան 2018թ․՝ 23,7 տոկոս։
Աղքատության վերաբերյալ վերջին հրապարակված ցուցանիշը 21,7 տոկոսն է։
Ի դեպ, պետք է ծայրահեղ աղքատությունը ևս վերաացված լիներ 2023 թվականին, սակայն 2023թ․ գերազանցում էր 1 տոկոսը։
Եվ վերջում երկու ելույթ աղքատության մասին՝ Նիկոլ Փաշինյանից․
01․05․2018թ․․ «Հայաստանը պետք է ջնջի իր երեսին դաջված ամենաամոթալի խարանը՝ շուրջ 30 տոկոսանոց աղքատությունը, որը երկար տարիներ մեր ժողովրդին զրկում է ապագայից ու հայրենիքից»:
21․11․2018թ․․ «Իմ խորին համոզմամբ, երկար տարիներ ՀՀ-ում խրախուսվել է աղքատությունը, քանի որ գործող քաղաքական համակարգին ձեռնտու է եղել, որ մարդիկ լինեն աղքատ, քանի որ աղքատ մարդկանց ընտրակաշառքով շատ ավելի հեշտ է ուղղորդել կոնկրետ ընտրության: Մենք ուզում ենք, որ ՀՀ-ում լինեն հարուստ մարդիկ»։



