Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը. «Ժողովուրդ»

19 Նոյեմբերի, 2026

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սպասվող ՏԻՄ ընտրություններում ամենաինտրիգային համայնքներից մեկը Սևանն է, որտեղ երեք թեկնածուների պայքարն աստիճանաբար վերածվում է գործող համայնքապետ Սարգիս Մուրադյանի դեմ համատեղ հակաքարոզչության։ Եվ ՔՊ-ն, և Վահրամ Գևորգյանը ունեն մեկ ընդհանուր թիրախ՝ գործող համայնքապետը։

ՔՊ-ի թեկնածու Սուրեն Գրիգորյանը քարոզարշավի ընթացքում շրջում է համայնքով, գտնում կիսաքանդ շինություններ ու խոստանում՝ եթե ընտրեք ՔՊ-ին, դրանք կկառուցենք։ Այսինքն՝ համայնքի զարգացման հեռանկարն ուղղակիորեն կապվում է իշխանության թեկնածուի հաղթանակի հետ։

Սակայն ավելի հեռուն է գնացել Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։ Բնակիչների հետ հանդիպման ժամանակ նա հայտարարել է. «Կրկին եկել եմ ձեր դուռը։ Ընտրեք ՔՊ-ին, որ համայնքին ավելի շատ ուշադրության արժանանա։ Գործող համայնքի ղեկավարի հետ մեր համագործակցությունը չի ստացվել, ընտրեք մեզ, այլ կլինի»։

Սա, ըստ էության, ինքնախոստովանական հայտարարություն է։ Մարզպետը բաց տեքստով ընդունում է իր փաստացի անգործությունը կամ գուցե հանցանքը, որ գործող համայնքապետի հետ հարաբերությունները չեն ստացվել անցած տարիներին, և այդ հանգամանքը անդրադարձել է համայնքի նկատմամբ պետական ուշադրության վրա։ Հիմա հարց է առաջանում. Ի՞նչ երաշխիք, որ մյուս թեկնածուն էլ մի օր որոշեց չենթարկվել մարզպետին, էլի պիտի սևանցին տուժի՞։ Կարեն Սարգսյանը թերևս չի գիտակցում, որ մարզպետը պարտավոր է աշխատել մարզի բոլոր համայնքապետերի հետ՝ անկախ նրանց նկատմամբ իր վերաբերմունքից, անձնական կամ քաղաքական հարաբերություններից՝ հանուն բնակիչների բարօրության։

Նկատենք, որ ՔՊ թեկնածու Սուրեն Գրիգորյանի և Կարեն Սարգսյանի կենսագրություններում ամեն դեպքում որոշակի ընդհանրություններ կան․ երկուսի՝ Հայաստանում քաղաքական ու կարիերան սկսվում է 2018-ից, իսկ մինչ այդ երկուսն էլ Ռուսաստանում են ապրել։ Փաշինյանի խոսքերով ասած՝ խոպանչիներ են եղել։

Մյուս կողմից՝ գործող համայնքապետի քննադատությամբ ՔՊ-ից հետ չի մնում նաև Վահրամ Գևորգյանը՝ Սարգիս Մուրադյանի նախկին ընկերը։ Ծովագյուղի Վահրամը, որ խոշոր գործարար է, գազալցականներ ու ֆուդկորտ է աշխատեցնում, իր նախկին ընկերոջը մեղադրում է, որ համայնքապետարանում կան աշխատակիցներ, որոնք աշխատանքի չեն ներկայանում, բայց աշխատավարձ են ստանում։

Այս խոսքերից հետո Վահրամ Գևորգյանը ստիպված է լինելու քննչականում ցուցմունք տալ իր նախկին ընկերոջ դեմ, իսկ եթե տարիներ շարունակ տեղյակ է եղել, ապա անխուսափելիորեն կպատժվի՝ հանցանքի մասին իմանալ չհայտնելու համար։ Ի դեպ, Վահրամ Գևորգյանը բանակում չի ծառայել, բայց չի զլանում հայրենասիրության դասեր տալ քարոզարշավի շրջանակներում։

Իսկ Սևանի գործող քաղաքապետը՝ Սարգիս Մուրադյանը, այս ընթացքում փորձում է ամրապնդել դիրքերը՝ դիմակայելով միաժամանակ երկու ուղղությունից եկող քննադատությանը։ Բայց անում է լուռ՝ 4-րդ համարի քվեաթերթիկը գովազդելով։

Սևանի ընտրությունների գլխավոր ինտրիգը, սակայն, ձայների հնարավոր բաշխումն է։ Տարբեր քաղաքական գնահատականների համաձայն, հետընտրական կոալիցիա ձևավորելու անհրաժեշտություն է լինելու, ու այստեղ հարցը շատ ավելի հետաքրքիր է դառնում. Սևանում կհաղթի՞ ՔՊ-ն, թե՞ ընկերությունը»։

Նմանատիպ նյութեր

Բուլդոզերով ժողովրդավարություն․ «Ժողովուրդ»

Բուլդոզերով ժողովրդավարություն․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը երեկ գերազանցեց ինքն իրեն։ Խորհրդարանական ընդդիմությանը ներկայացնելով որպես խաղաղության խոչընդոտ՝ վարչապետը երկու ճանապարհ առաջարկեց, որոնք, իր իսկ խոսքով, կարող են մեկը մյուսի շարունակությունը լինել։ «Կա՛մ մենք հանրային...

Մոսկվան արմատական է տրամադրված. «Հրապարակ»

Մոսկվան արմատական է տրամադրված. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Մոսկվայում առավել քան արմատական են տրամադրված Նիկոլ Փաշինյանի նկատմամբ: Նա դեկտեմբերին 3 այց է կատարելու Մոսկվա` մասնակցելու ԵԱՏՄ միջոցառումներին՝ վարչապետական, նախագահական ֆորմատներով, ինչպես նաեւ՝ ՌԴ ղեկավարության հետ երկկողմ քննարկման։...

Պուտինն ու Թրամփը երկկողմ հանդիպում են անցկացրել Շենժենում

Պուտինն ու Թրամփը երկկողմ հանդիպում են անցկացրել Շենժենում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկկողմ հանդիպում են անցկացրել Շենժենում՝ Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ) գագաթնաժողովի շրջանակում: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Պուտինի հետ հանդիպմանն ասել է, որ անհամբերությամբ...

Նոր աշխարհակարգի շեմին. ի՞նչ է սպասվում Հայաստանին. «Փաստ»

Նոր աշխարհակարգի շեմին. ի՞նչ է սպասվում Հայաստանին. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Չինական Շենժեն քաղաքն այս օրերին դառնում է համաշխարհային պատմության վճռորոշ հասցե. այնտեղ սկսվել են ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Չինաստանի առաջնորդներ Դոնալդ Թրամփի, Վլադիմիր Պուտինի ու Սի Ծինփինի հանդիպումները: Միջազգային մամուլը Շենժենն արդեն իսկ...

Երազ է տեսել ու սպանել մարդուն. «Հրապարակ»

Երազ է տեսել ու սպանել մարդուն. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Մեր տեղեկություններով՝ օրեր առաջ Բաղրամյան պողոտայում 29-ամյա Էրիկ Կակոյանին դանակահարած երիտասարդին տեղափոխել են հոգեբուժարան՝ հարկադիր բուժման։ Հիշեցնենք, որ նոյեմբերի 7-ին, ժամը 17։33-ին ահազանգ էր ստացվել Բաղրամյան պողոտայում...