Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ մեծ ակնկալիքներ ունի Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ առաջիկա եռակողմ հանդիպումից։ Այս մասին նա ասել է Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ) Գործարար խորհրդին ուղղված ուղերձում՝ նշելով, որ հանդիպումը կարող է «մեծ հնարավոր օգուտ» բերել։
Պուտինն անդրադարձել է նաև Ռուսաստանի տնտեսական ցուցանիշներին։ Նրա խոսքով՝ վերջին երեք տարում երկրի ՀՆԱ-ն աճել է ավելի քան 10 տոկոսով և շարունակում է աճել, իսկ պետական պարտքը կազմում է ՀՆԱ-ի շուրջ 17 տոկոսը։ Նա նշել է, որ Ռուսաստանը շարունակում է մնալ աշխարհի խոշորագույն տնտեսություններից մեկը։
ՌԴ նախագահը պնդել է, որ Ռուսաստանը թվային վերափոխման առաջատարների շարքում է, իսկ ռուսական առցանց առևտրային հարթակները աշխարհի տասնյակի մեջ են։ Նա նաև հայտնել է, որ 2027 թվականի հունվարի 1-ից Ռուսաստանի Հեռավոր Արևելքում կգործի միասնական արտոնյալ ռեժիմ։
Խոսելով միջազգային տնտեսական հարաբերությունների մասին՝ Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը դարձել է իր դեմ կիրառված պատժամիջոցների թվով «համաշխարհային ռեկորդակիր», սակայն պատվով հաղթահարել է փորձությունները։ Նրա խոսքով՝ Եվրամիությունը չի կարողացել հարմարվել ռուսական շուկայից և էժան էներգակիրներից հրաժարվելուն, ինչի հետևանքով կորցնում է իր դիրքերն ու ներուժը։
Պուտինը նաև հայտարարել է, որ համաշխարհային տնտեսությունում նախկին գերիշխող ուժերի գործիքներն այլևս չունեն նախկին ազդեցությունը, իսկ նախկին հեգեմոնները ոչ համարժեք են ընկալում ավելի արդար աշխարհակարգի ձևավորումը։ Նա հույս է հայտնել, որ Ռուսաստանը աջակցություն կստանա 2035 թվականին ԱԽՏՀ-ում նախագահելու իր հայտին։




