Գերմանիայի արտաքին գերատեսչության ղեկավարը նոյեմբերի 18-ին կժամանի Երևան և Բաքու: Իր առաջին այցից առաջ նա քննադատել է Ռուսաստանի քաղաքականությունը Հարավային Կովկասում և կոչ արել Մոսկվային չխոչընդոտել տարածաշրջանի երկրների մերձեցմանը Եվրամիության հետ։ Այս մասին գրում է «Ազատություն»-ը:
«Ռուսաստանի հարևան երկրների՝ Եվրոպայի հետ մերձեցման հարցը չպետք է որոշվի Մոսկվայում։ Հենց այդ պատճառով Ռուսաստէ կարևոր, որ Հայաստանն ու Ադրբեջանն ինքնուրույն որոշեն իրենց ապագան։ Ժամանակն է լսելու նրանց ձայնը և հաշվի առնելու նրանց շահերը», — նշել է Վադեֆուլը։
Նա մատնանշել է Ռուսաստանի պատերազմն Ուկրաինայի դեմ և «Մոսկվայից հնչող ավելի ու ավելի բացահայտ սպառնալիքները»։ Գերմանիայի արտգործնախարարի գնահատմամբ՝ այս ամենը հստակ ցույց է տալիս, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի ցանկանում տեսնել ինքնիշխան պետությունների վրա հիմնված եվրոպական կարգ, որտեղ յուրաքանչյուր երկիր ինքն է որոշում իր ճակատագիրը։
Վադեֆուլը Հարավային Կովկասի համար պատմական հնարավորություն է տեսնում
Վադեֆուլի խոսքով՝ Հարավային Կովկասը շրջադարձային փուլում է և պատմական հնարավորություն ունի վերջ դնելու տասնամյակների պատերազմներին, բռնություններին և տեղահանություններին։
Նա ընդգծել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ցուցաբերած «քաջությունն ու պատասխանատվությունը»՝ հիշեցնելով, որ 2025 թվականին նրանք նախաստորագրել են երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրի նախագիծը։
«Հիմա գլխավորն առաջ վստահորեն շարժվելն է», — ասել է նախարարը՝ հավելելով, որ Գերմանիան պատրաստ է Հայաստանի և Ադրբեջանի հուսալի գործընկերն ու բարեկամը լինել այդ գործընթացում։
Վադեֆուլը խոստացել է Բաքվում և Երևանում քննարկել, թե ինչպես կարող է Բեռլինն աջակցել լարվածության թուլացմանն ու խաղաղության հաստատմանն ուղղված քայլերին։ Նրա համոզմամբ՝ Հարավային Կովկասում խաղաղությունն ու բաց սահմանները օգուտ կբերեն ոչ միայն տարածաշրջանի բնակիչներին, այլև ամբողջ Եվրոպային։






