«Աստվածաշնչյան խոսքերով, երևի, պետք է սկսեմ՝ «Սիրտս տխուր է մահու չափ», որովհետև, ըստ էության, տեսնում ենք, որ մահը՝ լինի բանակում, թե ազատազրկման վայրերում, կարծես սովորական է դառնում։ Եվ ամենածանրն այն է, որ հասարակության լայն արձագանքը բոլորովին չի համապատասխանում այս ողբերգական դեպքերի սրությանը։
Ես պետք է անդրադառնամ մի քանի կարևոր փաստաթղթերի։ Ի՞նչ փաստաթղթեր կան այս առումով։ Արդյո՞ք այս ամենը թողնված է կառավարությունների կամ պետությունների հայեցողությանը։ Ո՛չ։
Դեռևս 1955 թվականին ՄԱԿ-ն ընդունել է այսպես կոչված՝ բանտարկյալների նկատմամբ վերաբերմունքի ստանդարտ նվազագույն կանոնները։ Ի դեպ, Խորհրդային Միությունը, որի կազմում մենք էինք, նույնպես միացել է դրանց և ընդունել դրանք։
Հետագայում՝ 1990 թվականին, տեղի ունեցան կարևոր փոփոխություններ, իսկ 2015 թվականից գործող նորմերը, ՄԱԿ-ի առաջարկությամբ, կոչվում են Մանդելայի կանոններ։ Նելսոն Մանդելան, ինչպես գիտեք, եղել է նախագահ, իսկ մինչ այդ՝ 27 տարի անցկացրել բանտում։ Սա բավականին հզոր փաստաթուղթ է՝ բաղկացած 122 կանոնից։ Անշուշտ, հիմա այդ 122 կանոնները ձեզ չեմ ներկայացնելու։
Ո՞րն է դրանց նպատակը։ Նպատակը հետևյալն է. ով էլ լինի մարդը, որտեղ էլ գտնվի և ինչ կարգավիճակով էլ ազատությունից զրկված լինի՝ լինի կալանավորված, դատապարտյալ, թե պարզապես 72 ժամով ձերբակալված, միևնույն է, այդ կանոնները պահանջում են նրա նկատմամբ վերաբերմունք ցուցաբերել այնպես, ինչպես պահանջում են մարդու իրավունքները»,- այս մասին, այսօր՝ նոյեմբերի 12–ին, իշխանությունների կողմից քաղաքական հետապնդումների թեմայով հրատապ ասուլիսում ասաց ՀՀ նախկին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։





