TRIPP նախագիծը ոչ միայն տնտեսական և լոգիստիկ ենթակառուցվածք է, այլև խաղաղության ամրապնդման, առևտրի զարգացման և տարածաշրջանային անվտանգության կայունացման գործիք։ Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովում նման տեսակետ է հայտնել ՀՀ ԱԽք Ալեն Սիմոնյանը։
Սիմոնյանի խոսքով՝ Հայաստանը տասնամյակներ շարունակ փաստացի մեկուսացրել է իրեն տարածաշրջանային գործընթացներից, իսկ հարևան երկրների տրանսպորտային կապերի զարգացումն ընկալել է որպես սեփական շահերին ուղղված սպառնալիք։
«Բայց ինչո՞ւ մենք պետք է կարողանանք ինչ-որ տեղ տեղափոխվել, իսկ մեր հարևան երկիրը չպետք է ունենա այդ հնարավորությունը, առավել ևս, դրա համար ավելի թանկ վճարի։
Ինչո՞ւ պետք է ստեղծենք մի իրավիճակ, երբ մեր տարածաշրջանում՝ մեր հարևանների աչքում, ընկալվենք որպես օտար։
Իմ ընկալմամբ՝ հենց այն հանգամանքը, որ այսօր մենք առևտուր ենք անում Ադրբեջանի հետ, մեր ապրանքներն ենք վաճառում նրանց, իսկ նրանք՝ իրենց ապրանքները մեզ, ունի քաղաքական մեծ նշանակություն։
Խաղաղության կարևոր արտահայտություններից մեկը հենց առևտուրն է, ինչպես նաև փոխադարձ շահերի և ընդհանուր տնտեսական կապերի ձևավորումը։ Ինչո՞ւ պետք է ստեղծենք մի իրավիճակ, որտեղ մեզ օտար են ընկալում հենց մեր տարածաշրջանում», — հայտարարել է Սիմոնյան։
Նա ընդգծել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև առևտրային կապերի զարգացումն արդեն իսկ քաղաքական նշանակություն ունի։






