Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին CNN Turk-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ պատրաստ է Թուրքիայում հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, եթե Անկարան կարողանա կազմակերպել նման հանդիպում։ Ըստ նրա, Ուկրաինայի, Ռուսաստանի և Թուրքիայի առաջնորդների մասնակցությամբ բանակցությունները կարող են օգնել պատերազմը թեժ փուլից տեղափոխել դիվանագիտական փուլ։
«Այս պատերազմը պետք է ավարտվի։ Մենք պետք է միավորվենք, պետք է առնվազն պատերազմի թեժ փուլը տեղափոխենք դիվանագիտական փուլ։ Այս փուլում ես հույս եմ դնում Թուրքիայի միջնորդության վրա։ Անձամբ ես կարծում եմ, որ նախագահի [Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի] հետ մեր հարաբերությունները, ինչպես նաև Թրամփի և Պուտինի հետ նրա հարաբերությունները կարող են օգտակար լինել։ Այսօր քննարկվել է Թուրքիայում առաջնորդների եռակողմ հանդիպում անցկացնելու հնարավորությունը։ Իհարկե, եթե Թուրքիան կարողանա հասնել դրան, մենք կընդունենք դա և միայն ուրախ կլինենք», — հայտարարել է Զելենսկին։
Պատասխանելով ամենասուր և նուրբ հարցերը քննարկելու համար Թուրքիայում Պուտինի հետ հանդիպելու պատրաստակամության մասին հարցին՝ Ուկրաինայի նախագահը հաստատել է, որ համաձայն է բանակցել։
«Այո՛, մենք պատրաստ ենք։ Մենք պատրաստ ենք Թուրքիայում այս հանդիպմանը։ Այս հարցում Թուրքիայի դիրքորոշումը հստակ է։ Նախագահ Էրդողանի դիրքորոշումը հստակ է։ Մենք Թուրքիայի հետ սերտ և լավ հարաբերություններ ունենք։ Թուրքիան կարող է գործնական և իրատես միջնորդ լինել։ Հանդիպման ընթացքում նա որևէ մեկի կողմը չի բռնի։ Նա կարող է գործել որպես լիարժեք միջնորդ։ Եվ, իհարկե, Թուրքիան նույնպես աջակցում է Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։ Ես գիտեմ, որ նախագահ Էրդողանը Պուտինի հետ շփման իր ուղիներն ունի։ Այդ պատճառով մենք կողմ ենք Թուրքիայում հանդիպմանը», — ասել է Զելենսկին։






