«Նոր Դարաշրջան» կուսակցությունը քննարկում է, թե ինչպիսի վարքագիծ դրսևորի, սակայն կա մեկ սցենար, որն ամբողջությամբ բացառված է, դա ՔՊ–ին միանալն է։ Այս մասին NEWS.am–ի փոխանցմամբ՝ նշել է Եղեգնաձոր համայնքում ՏԻՄ ընտրությունների արդյունքում ավագանու մեկ մանդատ ստացած «Նոր դարաշրջան» կուսակցության ցուցակը գլխավորող Հարություն Հարությունյանը։
«Դեռ չենք կողմնորոշվել, հիմա քննարկումների մեջ ենք, լրացուցիչ կասենք։ Կարող է ոչ մեկին էլ չտանք մեր ձայնը, ամեն տարբերակ էլ քննարկում ենք, բացի ՔՊ–ին տալուց։
Եթե ոչ մի ձև չստացվի ունենալ համայնքի ղեկավար, կարող են արտահերթ ընտրություններ լինել։ Բայց մի բան հաստատ է՝ միանշանակ ՔՊ–ին ձայն չենք տալու»,–ասաց նա։
Նշենք, որ Եղեգնաձորում ՏԻՄ ընտրություններում ՔՊ–ն ստացել է 48.06 տոկոս ձայն, «Հանրապետություն» կուսակցությունը՝ 46,86 տոկոս ձայն, իսկ «Նոր դարաշրջանը»՝ 5.05 տոկոս ձայն։
Եղեգնաձորի նոր ավագանիում 27 մանդատից 13–ը բաժին է հասել ՔՊ–ին, 13–ը՝ «Հանրապետություն» կուսակցությանը և 1 մանդատ կստանա «Նոր դարաշրջանը»։
Սա նշանակում է, որ Եղեգնաձորում համայնքի ղեկավար դառնալու համար թե ՔՊ–ին, թե «Հանրապետությանը» պակասում է մեկ մանդատ, և այդ մեկ մանդատը «Նոր դարաշրջանի» ձեռքին է։




