Այսօր՝ հոկտեմբերի 21-ին լուր տարածվեց, որ ադրբեջանցի հովիվ է հատել Հայաստանի սահմանը: ՊՆ-ն չէր մեկնաբանել լուրը, ԱԱԾ-ն էլ նշել էր, թե տեղեկություն չունի։ Հետո պարզվեց՝ իրականություն է, չնայած որ մինչև հիմա չեն հաստատել փաստը։ Մեզ մոտ վաաղուց նման լուրերը մամուլն է հայտնում, ՊՆ-ն, ԱԱԾ-ն ուշացած հերքող-հաստատողի դիրքերում են։
Ադրբեջանցու սահմանահատմանը խորհրդարանում անդրադարձել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ ասելով, թե ադրբեջանցի մոլորված հովիվը չի կարող անվտանգության սպառնալիք լինել։ «Նման բաներ երբեմն պատահում են։ Ադրբեջանցի հովիվը լիովին կարող է մոլորվել։ Ի դեպ, նման դեպք կարող է տեղի ունենալ նաև մեր կողմից։ Այդպիսի դեպքերին երկու կողմերն էլ կառուցողական են մոտենում»։
Արարատ միրզոյանը ճիշտ է ասում, նման բաներ կարող են լինել նաև մեր կողմից և եղել են։ Բայց արդյո՞ք Ադրբեջանը կառուցողական է մոտենում, ինչպես պնդում է Միրզոյանը։
Ինչպե՞ս է, օրինակ, վարվել ըստ Արարատ Միրզոյանի՝ «կառուցողական» Ադրբեջանը, երբ սահմանն անցել են մոլորված հայ հովիվները։ Տարիների ընթացքում գրանցվել են մի շարք դեպքեր, երբ Հայաստանի սահմանամերձ բնակավայրերից հովիվները, այլ քաղաքացիներ մոլորվելու կամ անասունների հետևից գնալու հետևանքով պատահաբար հատել են հայ-ադրբեջանական սահմանը։ Բայց նրանք ենթարկվել են առևանգման, դաժան բռնությունների, խոշտանգումների, կեղծ մեղադրանքներով դատավարությունների և հիմնականում սպանվել են։
2010թ․ սեպտեմբերին Գեղարքունիքի մարզի Թթուջուր գյուղի 20-ամյա բնակիչ Մանվել Սարիբեկյանը մոլորվել էր սահմանամերձ գոտում՝ մառախուղի պատճառով կորած անասուններին փնտրելիս։ Ադրբեջանական կողմը նրան ներկայացրեց որպես դիվերսանտ։ Ադրբեջանական հեռուստատեսությամբ ցուցադրվեց նրա հարցաքննությունը, որտեղ դեմքին երևում էին խոշտանգումների և ֆիզիկական բռնության հետքերը։ Գերեվարումից կարճ ժամանակ անց Բաքվի բանտում Մանվել Սարիբեկյանը սպանվեց։ Ադրբեջանական կողմը հայտարարեց, թե ինքնասպան է եղել։
2014թ․ հունվարին Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի 77-ամյա բնակիչ Մամիկոն Խոջոյանը, ով ուներ առողջական խնդիրներ, մոլորվելու հետևանքով անցել էր սահմանը։ Ադրբեջանում նրան ևս փորձեցին ներկայացնել որպես «դիվերսանտ»։ Նա ենթարկվեց դաժան ֆիզիկական խոշտանգումների, ներարկել էին անհայտ ծագման քիմիական նյութեր և կոտրել կողոսկրերը։ Մարտ ամսին նրան վերադարձրին Հայաստան ծայրահեղ ծանր վիճակում։ Խոշտանգումների հետևանքով ստացված վնասվածքներից Մամիկոն Խոջոյանը կարճ ժամանակ անց մահացավ։
2014թ․ օգոստոսին Տավուշի մարզի Չինարի գյուղի 31-ամյա բնակիչ Կարեն Պետրոսյանը օգոստոսին մոլորվելով հայտնվել էր ադրբեջանական գյուղում։ Սկզբում տեղի ադրբեջանցի բնակիչները նրան ընդունել էին որպես մոլորված քաղաքացիական անձ, սակայն ադրբեջանական զինվորականները նրան զինվորական համազգեստ հագցրին, քաշքշեցին տեսախցիկների առջև և հայտարարեցին «դիվերսանտ»։ Գերեվարման հաջորդ իսկ օրը Ադրբեջանը հայտնեց, որ Կարեն Պետրոսյանը «հանկարծամահ է եղել սրտի անբավարարությունից»։ Իրականում նա սպանվել էր խոշտանգումների հետևանքով։
Արարատ Միրզոյանի նշած կառուցողական Ադրբեջանը սահմանն անցնող մոլորվածներին ներկայացնում է որպես «հայկական հետախուզական դիվերսիոն խմբի անդամ» և սպանում։ Իհարկե՝ այս փաստերը ոչինչ չեն նշանակում այս իշխանության համար, որը խնդիրների մասին խոսողներին, ահազանգողներին հռչակում է «խաղաղության թշնամի» և հայտարարում, թե՝ եթե խնդիրները բարձրաձայնենք, պատերազմ կլինի։





