Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. «Փաստ»

20 Հոկտեմբերի, 2026

«Փաստ» թերթը գրում է. «Հայաստանյան դեղագործական շուկայում տիրող գնային քաղաքականությունն ու ապրանքատեսականու սահմանափակվածությունը վաղուց արդեն դուրս են եկել զուտ առողջապահական քննարկումների շրջանակից՝ վերածվելով խորքային սոցիալական մարտահրավերի։ Դեղերի անհամաչափ և արհեստականորեն բարձր գները տարիներ շարունակ ծանր ֆինանսական բեռ են դառնում հազարավոր ընտանիքների համար, որոնք ստիպված են կանգնել կենսական երկընտրանքի առաջ՝ գնել դեղորայք, թե սննդամթերք։

Այս հրատապ խնդրի հանգուցալուծմանն ուղղված քայլերի շրջանակում Ազգային ժողովում շրջանառության մեջ է դրվել օրենսդրական նոր նախաձեռնություն, որի հեղինակը «Ուժեղ Հայաստան» խմբակցությունն է։ Օրենսդրական այս նոր նախաձեռնության հիմքում ընկած է ԵՄ-ում գրանցված դեղերի համար Հայաստանում պարզեցված գրանցման մեխանիզմների ներդրումը, ինչը թույլ կտա դեղերի արժեքը նվազեցնել առնվազն 20 տոկոսով և վերացնել բյուրոկրատական այն խոչընդոտները, որոնց պատճառով հարյուրավոր որակյալ դեղեր պարզապես չեն գրանցվում երկրում։

Խնդրի խորությունը պարզ է դառնում հարևան Վրաստանի հետ գների կոպիտ համեմատականներից։ Շաքարային դիաբետի «Մետֆորմինը» Վրաստանում արժե 920 դրամ (կամ «Մետֆորմին Դենկը»՝ 1590 դրամ), իսկ Հայաստանում՝ 1700-4260 դրամ։ «Ռոզուլիպը» Վրաստանում 2800 դրամ է, մեզ մոտ՝ 5600 դրամ։ «Ամոքսիկլավը» Վրաստանում արժե 2400 դրամ, իսկ Հայաստանում՝ 4100 դրամ։ «Օմեպրազոլի» միջին գինը հարևան երկրում 1141 դրամ է, այն դեպքում, երբ մեզ մոտ այն հասնում է 5360 դրամի։

Այս իրավիճակը շտկելու նպատակով «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը Ստրասբուրգում հանդիպում է ունեցել Դեղերի և առողջապահության վերահսկողության եվրոպական կենտրոնի (EDQM) տնօրեն Պետրա Դյորի հետ՝ քննարկելով գների նվազեցման և ավելի քան 1,3-1,8 միլիոն հայաստանցու համար հարյուր հազարավոր դրամներ խնայելու հնարավորությունները, այնուհետև նույն հարցերը քննարկվել են նաև Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսի հետ։

Այս նախաձեռնությանն ի պատասխան՝ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդես է եկել հրապարակային տեսաուղերձով՝ փորձելով արդարացնել գործող համակարգը և կասկածի տակ դնել փոփոխությունների անհրաժեշտությունը։ Նախարարն իր խոսքում որպես հիմնական հակափաստարկ վկայակոչում է 2018 թվականից հետո առողջապահական բյուջեի աճը։

Սակայն սա զուտ մակերեսային թվաբանություն է, քանի որ միջազգային փորձը վաղուց ապացուցել է, որ պետական բյուջեի մեխանիկական ուռճացումը որևէ դրական ազդեցություն չունի, եթե իրականում չի կրճատվում այն ծանր բեռը, որը քաղաքացին ստիպված է վճարել սեփական գրպանից։ Անդրադառնալով առողջության համընդհանուր ապահովագրությանն ու դեղորայքային ապահովմանը՝ նախարարը հայտարարում է, թե իբր 1,8 միլիոն քաղաքացի 1200 քիմիական անվանումով դեղորայքի համար գրեթե ոչինչ չի վճարում, իսկ 8 ամիսների ընթացքում դրանց հատկացվել է 25 միլիարդ դրամ՝ գումարած 7 միլիարդի կենտրոնացված գնումները։

Սակայն նախարարի բերած թվերը բնավ չեն արտացոլում իրական պատկերը, քանի որ պետության կողմից անվճար տրամադրվող դեղերի ցանկը չափազանց սահմանափակ է։

Առողջապահական համակարգում այսօր առկա է լուրջ բյուրոկրատական խոչընդոտ։ Մարդիկ ստիպված են ամիսներով հերթագրվել պոլիկլինիկաներում ու հիվանդանոցներում, որպեսզի հասնեն նեղ մասնագետների մոտ կոնսուլտացիաների կամ ստանան իրենց հասանելիք բուժսպասարկումը։ Այդ սպասումն ու հերթերն այնքան են ձգձգվում, որ պացիենտի համար բուժումն ու դեղորայքի նշանակումը դառնում են անհետաձգելի, և նա չի կարող ամիսներով սպասել պետական հերթին։

Հիվանդության խորացման վտանգի առաջ կանգնած՝ քաղաքացիները զրկված են անվճար համակարգից ժամանակին օգտվելու հնարավորությունից։ Արդյունքում, հերթերում չմնալու և ժամանակ չկորցնելու համար մարդիկ ստիպված են լինում վճարել սեփական գրպանից և դեղերը ձեռք բերել կամ դիմել մասնավոր կլինիկաներ։

Ավելին, նախարարն իր հրապարակային խոսքում շրջանցում է այն փաստը, որ համակարգում սկսել են լայնորեն կիրառվել համավճարներ՝ ընդգրկելով բոլորին՝ սկսած անչափահաս երեխաներից մինչև տարեցները, մինչդեռ նախկինում հայտարարվում էր, թե համակարգը պետք է լինի բացարձակ անվճար։

Քաղաքացիները բժշկական հաստատություններում ամեն քայլափոխի բախվում են լրացուցիչ վճարումներ կատարելու պահանջին, ինչն իրականում ցույց է տալիս, որ իշխանությունների նկարագրած այդ հեքիաթային իրավիճակը պարզապես աբսուրդ է, և առողջապահական համակարգը խորը ճգնաժամի ու կոլապսի մեջ է։

Արդարանալով և նշելով, թե նախարարությունն արդեն շրջանառության մեջ է դրել գրանցման մեխանիզմների պարզեցման որոշում և սպասվում է «Դեղերի մասին» օրենքում փոփոխությունների փաթեթ, նախարարը փորձում է մեղմել հանրային դժգոհությունը։ Սակայն այս կիսատ ու ուշացած քայլերը կոսմետիկ բնույթ են կրում, մինչդեռ հարևան երկրներում նույն դեղերը հասանելի են 2-3 անգամ էժան գներով։

Ներկայացված նախագիծն ու արմատական լուծումներն այլընտրանք չունեն. եվրոպական չափանիշների անհապաղ ներդրումն ու դեղերի շուկայի մոնոպոլիաների վերացումը կենսական անհրաժեշտություն են։ Հակառակ դեպքում, իշխանությունների թղթային ու վիճակագրական ձեռքբերումները շարունակելու են մնալ իրականությունից կտրված, իսկ հայաստանյան քաղաքացին շարունակելու է շատ թանկ վճարել սեփական առողջության և կյանքի համար։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Գորիսում 10 ամսական երեխա է մահացել

Գորիսում 10 ամսական երեխա է մահացել

Հոկտեմբերի 16-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 09:30-ի սահմաններում «Գորիս» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Գորիսի բաժին ահազանգ է ստացվել, որ մահացած վիճակում իրենց...

Չկա որևէ տվյալ, թե ինչու պետք է Քոչարյանները կալանավորվեին․ Արամ Վարդևանյան

Չկա որևէ տվյալ, թե ինչու պետք է Քոչարյանները կալանավորվեին․ Արամ Վարդևանյան

Հոկտեմբերի 20-ին Հակակոռուպցիոն դատարանը գրեթե միաժամանակ կքննի հայր և որդի Քոչարյանների նկատմամբ երկամսյա ապօրինի կալանքը երկարաձգելու՝ դատախազության միջնորդությունները։ Թեմայի շուրջ զրուցել ենք ՀՀ ԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանի հետ․ - Սեպտեմբերի վերջին Ստրասբուրգում...

ՌԴ-ն խստացնում է քաղաքացիություն ստանալու պայմանները․ մշտական բնակության ժամկետը կարող է հասնել 8 տարվա

ՌԴ-ն խստացնում է քաղաքացիություն ստանալու պայմանները․ մշտական բնակության ժամկետը կարող է հասնել 8 տարվա

ՌԴ Պետդումայի ԼԴԿ խմբակցության պատգամավորները օրինագիծ են մշակել, որով առաջարկվում է Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու համար օտարերկրացիների՝ երկրում մշտական բնակության անհրաժեշտ ժամկետը հինգ տարուց հասցնել ութի։ Հայտնում է ՏԱՍՍ-ը։ Փաստաթուղթը, որն ուղարկվել է ՌԴ...

Ուիթքոֆը Օսլոյում կքննարկի Ռուսաստանի հետ բանակցությունների վերսկսման հարցը

Ուիթքոֆը Օսլոյում կքննարկի Ռուսաստանի հետ բանակցությունների վերսկսման հարցը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը երեքշաբթի օրը Օսլոյում կհանդիպի Վլադիմիր Զելենսկու հետ, BBC-ի փոխանցմամբ՝  հայտնում է Axios-ը՝ հղում անելով աղբյուրին։ Ավելի վաղ Reuters գործակալությունը, վկայակոչելով երեք աղբյուրի, հայտնել էր, որ Թրամփի...

Մարդիկ վճարել են, մեքենաները չեն ստացել․ «Էլդրայվը» ստացել է նախազգուշացում․ «Ժողովուրդ»

Մարդիկ վճարել են, մեքենաները չեն ստացել․ «Էլդրայվը» ստացել է նախազգուշացում․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է բողոքներ ստանալ «Էլդրայվ» ընկերության գործունեությունից։ Քաղաքացիները պնդում են, որ էլեկտրամոբիլներ ձեռք բերելու համար վճարել են մեքենաների արժեքի 10 տոկոսը, սակայն արդեն 2-3 ամիս է՝ սպասում են իրենց...