Հայաստանում երկու ամսով կալանավորված ադրբեջանցի զինծառայող Նասիմի Մուսաևի հարցով Կարմիր խաչի միջազգային կոմիտեն կապի մեջ է համապատասխան իշխանությունների հետ։
«Նրանց համաձայնությունը ստանալուց հետո մենք կկարողանանք տեսակցել նրան», – «Ազատությանը» հայտնել է Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ղեկավար Զառա Ամատունին։
Հոկտեմբերի 1-ին Սյունիքի Շաքի գյուղում ադրբեջանցի զինծառայող Նասիմի Մուսաևը զինված ներխուժել էր Անի Ավետիսյանի տուն։ Կնոջ պատմելով՝ նա զենքը պահել էր երեխաների վրա, իսկ ինքը, փորձելով պաշտպանել նրանց, դիմադրել էր զինծառայողին և ծանր վիրավորվել։
Ադրբեջանցի զինծառայողը մեղադրվում է սահմանը ապօրինի հատելու, զենքի մաքսանենգության, զենքի գործադրմամբ առողջությանը ծանր վնաս հասցնելու, հրազենի ապօրինի շրջանառության և բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու հոդվածներով:



