4 գերատեսչության անարդյունք աշխատանքը․ Ծավի առեղծվածը․ «Ժողովուրդ»

2 Հոկտեմբերի, 2026

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մոտ մեկ ամիս առաջ՝ սեպտեմբերի սկզբին, Սյունիքի սահմանամերձ Ծավ բնակավայրում ջրի հետ կապված աղմկահարույց դեպք արձանագրվեց։ Առողջապահության նախարարությունը հայտարարեց, որ բնակչի տնից վերցված ջրի նմուշում սնդիկի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի շեմը։ Ավելին՝ նախարարությունը հայտնեց, որ կրկնակի նմուշառում է իրականացվել չորս կետից՝ այդ թվում ջրաղբյուրից և բնակիչների ծորակներից, և սեպտեմբերի 11-ին ստացված արդյունքներով կրկին արձանագրվել են նույն ցուցանիշները։

Այսինքն՝ խոսքը մեկ պատահական նմուշի մասին չէր։

Դրանից հետո, սակայն, սկսվեց պետական գերատեսչությունների հերթական «սպասեք, փորձաքննություն է ընթանում» շղթան։

«Ժողովուրդ» օրաթերթը շուրջ մեկ ամիս պարբերաբար հարցումներ է ուղղում պատասխանատու կառույցներին՝ փորձելով հասկանալ՝ ի վերջո ի՞նչ է պարզվել Ծավի ջրի վերաբերյալ։ Սակայն տարբեր գերատեսչություններից ստացվում են միմյանց փոխանցող պատասխաններ։

Առողջապահության նախարարությունից մատնանշում են մյուս կառույցների գործառույթները, Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից պնդում են, որ պատճառի պարզումն իրենց գործառույթը չէ, առողջապահության տեսչական մարմնից սպասում են փորձաքննության արդյունքներին, իսկ Քննչական կոմիտեից հայտնում են, որ քրեական վարույթի շրջանակում աշխատանքները շարունակվում են։

Այսպիսով՝ բոլորը ինչ-որ բան ուսումնասիրում են, բայց գրեթե մեկ ամիս անց հանրությունը դեռ չունի ամենապարզ պատասխանը՝ ի՞նչ է կատարվել Ծավի ջրի հետ։

Այնինչ խնդիրը ոչ թե պարզապես թղթապանակում մնացած հերթական վարչական հարցն է։ Խոսքը մարդկանց խմելու և կենցաղային ջրի մասին է։

Առողջապահության նախարարությունն ինքն էր բնակիչներին հորդորել մինչև ջրի որակի վերականգնումը ընդհանրապես չօգտագործել ջուրը՝ ոչ միայն խմելու, այլև կենցաղային նպատակներով։

Արդյունքում Ծավի բնակիչները շուրջ մեկ ամիս ապրում են արտակարգ ռեժիմով։ Ջուրը բնակիչներին մատակարարվում է համայնքային միջոցներով՝ տարաներով և շշալցված տարբերակով։ Մեր տեղեկություններով՝ ջրի օգտագործման սահմանափակումներ են գործում նաև տվյալ տարածքում գտնվող զորամասում, որտեղ ևս ջրամատակարարման այլընտրանքային միջոցներ են կիրառվում։

Ու այստեղ առաջանում է շատ պարզ հարց․ եթե պետական մարմինները դեռ չգիտեն՝ ինչ է տեղի ունեցել, ապա ինչո՞ւ քաղաքացիները պետք է վստահ լինեն, որ վաղը իրենց ծորակից հոսող ջուրը անվտանգ է։

Առավել ուշագրավ է այն, որ սեպտեմբերի 17-ին Քննչական կոմիտեն հայտնել էր՝ Ծավի ջրում սնդիկի հայտնաբերման դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ջրերն աղտոտելու վերաբերյալ։

Այսինքն՝ պետությունը ոչ միայն արձանագրել էր վտանգավոր ցուցանիշ, այլև հարցը հասցրել էր քրեական վարույթի մակարդակի։ Բայց դրանից հետո էլ հասարակությանը մինչ այժմ չի ներկայացվել հստակ և ամբողջական պատկերը՝ որտեղից է հայտնվել սնդիկը, ինչն է դրա աղբյուրը, ինչ է հայտնաբերվել հետագա ուսումնասիրություններով և, ամենակարևորը՝ ե՞րբ է Ծավի ջուրը կրկին անվտանգ լինելու։

Այս իրավիճակը գնալով սկսում է ավելի շատ նմանվել ոչ թե արագ և համակարգված քննության, այլ պատասխանատվության փոխանցման շղթայի։

Մեկը սպասում է մյուսին, մյուսը՝ փորձաքննության արդյունքներին, երրորդը՝ վարույթի ավարտին։

Իսկ գյուղացին սպասում է ջրին։ Գրեթե մեկ ամիս։

Ավելին՝ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ պետական համակարգում արդեն կա մտավախություն, որ պատմությունը կարող է ավարտվել ոչ թե իրական պատճառի բացահայտմամբ, այլ հերթական «ցուցադրական» աշխատանքով․ երբ ամիսներ շարունակ տարբեր կառույցներ հայտարարում են, որ ուսումնասիրում են խնդիրը, իսկ վերջում հանրությանը ներկայացվում է այնքան ընդհանրական պատասխան, որ այդպես էլ պարզ չի դառնում՝ իրականում ինչ է տեղի ունեցել։

Այսինքն՝ հնարավոր է ստացվի ամենահարմար տարբերակը՝ ոչ ոք պատասխանատու չլինի, ոչ ոք չասի՝ որտեղից է սնդիկը հայտնվել, իսկ ամբողջ պատմությունը պարզապես «փակվի» փորձաքննությունների և իրականացված աշխատանքների մասին ընդհանուր ձևակերպումների տակ»։

Նմանատիպ նյութեր

ՌԴ քաղաքացուն ու նրա ընտանիքի 6 անդամներին «Nissan»-ում բռնկված հրդեհից փրկել են

ՌԴ քաղաքացուն ու նրա ընտանիքի 6 անդամներին «Nissan»-ում բռնկված հրդեհից փրկել են

Այսօր՝ նոյեմբերի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 12:00-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 82 կմ հատվածում՝ Թալինի վարչական տարածքում, հրդեհ է բռնկվել դեպի Բավրա ընթացող «Nissan» մակնիշի ավտոմեքենայում։ «Վարորդին և 6 ուղևորներին...

Գեղարքունիքում և Լոռիում քամու հետևանքով ծառեր են տապալվել

Գեղարքունիքում և Լոռիում քամու հետևանքով ծառեր են տապալվել

Նոյեմբերի 21-ին Գեղարքունիքի և Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել ուժեղ քամու հետևանքով մի շարք հասցեներում տապալված և տապալման վտանգ ներկայացնող ծառերի, վնասված տանիքների, արևային վահանակների և դրանց մետաղական կառուցատարրերի...

Երբ մարդը սովորի ուրախանալ ուրիշների հաջողությամբ, Աստված նրան էլ կտա ուրիշների բոլոր հաջողություններից. Նարեկ Կարապետյան

Երբ մարդը սովորի ուրախանալ ուրիշների հաջողությամբ, Աստված նրան էլ կտա ուրիշների բոլոր հաջողություններից. Նարեկ Կարապետյան

Երբ մարդը սովորի ուրախանալ ուրիշների հաջողությամբ, Աստված նրան էլ կտա ուրիշների բոլոր հաջողություններից։ Այս մասին գրել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը՝ մեջբերելով՝ Սրբ Պաիսիոս Աթոսցու...

Հրաչյա Քոչարի փողոցում բախվել են «Zeekr»-ը, «Mercedes»-ը և «Volkswagen»-ը. կան վիրավnրներ

Հրաչյա Քոչարի փողոցում բախվել են «Zeekr»-ը, «Mercedes»-ը և «Volkswagen»-ը. կան վիրավnրներ

Երեկ՝ նոյեմբերի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15:00-ի սահմաններում Արաբկիր վարչական շրջանի Հրաչյա Քոչարի փողոցում բախվել են «Zeekr», «Mercedes» և «Volkswagen» մակնիշի ավտոմեքենաները։ Shamshyan.com-ի տեղեկություններով՝ վթարի հետևանքով 3 հոգի, որոնց...

Փակ է Արագածոտնի մարզում Քարի լիճ տանող ավտոճանապարհը

Փակ է Արագածոտնի մարզում Քարի լիճ տանող ավտոճանապարհը

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Փակ է Արագածոտնի մարզում Քարի լիճ տանող ավտոճանապարհը: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության...