4 գերատեսչության անարդյունք աշխատանքը․ Ծավի առեղծվածը․ «Ժողովուրդ»

2 Հոկտեմբերի, 2026

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մոտ մեկ ամիս առաջ՝ սեպտեմբերի սկզբին, Սյունիքի սահմանամերձ Ծավ բնակավայրում ջրի հետ կապված աղմկահարույց դեպք արձանագրվեց։ Առողջապահության նախարարությունը հայտարարեց, որ բնակչի տնից վերցված ջրի նմուշում սնդիկի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի շեմը։ Ավելին՝ նախարարությունը հայտնեց, որ կրկնակի նմուշառում է իրականացվել չորս կետից՝ այդ թվում ջրաղբյուրից և բնակիչների ծորակներից, և սեպտեմբերի 11-ին ստացված արդյունքներով կրկին արձանագրվել են նույն ցուցանիշները։

Այսինքն՝ խոսքը մեկ պատահական նմուշի մասին չէր։

Դրանից հետո, սակայն, սկսվեց պետական գերատեսչությունների հերթական «սպասեք, փորձաքննություն է ընթանում» շղթան։

«Ժողովուրդ» օրաթերթը շուրջ մեկ ամիս պարբերաբար հարցումներ է ուղղում պատասխանատու կառույցներին՝ փորձելով հասկանալ՝ ի վերջո ի՞նչ է պարզվել Ծավի ջրի վերաբերյալ։ Սակայն տարբեր գերատեսչություններից ստացվում են միմյանց փոխանցող պատասխաններ։

Առողջապահության նախարարությունից մատնանշում են մյուս կառույցների գործառույթները, Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից պնդում են, որ պատճառի պարզումն իրենց գործառույթը չէ, առողջապահության տեսչական մարմնից սպասում են փորձաքննության արդյունքներին, իսկ Քննչական կոմիտեից հայտնում են, որ քրեական վարույթի շրջանակում աշխատանքները շարունակվում են։

Այսպիսով՝ բոլորը ինչ-որ բան ուսումնասիրում են, բայց գրեթե մեկ ամիս անց հանրությունը դեռ չունի ամենապարզ պատասխանը՝ ի՞նչ է կատարվել Ծավի ջրի հետ։

Այնինչ խնդիրը ոչ թե պարզապես թղթապանակում մնացած հերթական վարչական հարցն է։ Խոսքը մարդկանց խմելու և կենցաղային ջրի մասին է։

Առողջապահության նախարարությունն ինքն էր բնակիչներին հորդորել մինչև ջրի որակի վերականգնումը ընդհանրապես չօգտագործել ջուրը՝ ոչ միայն խմելու, այլև կենցաղային նպատակներով։

Արդյունքում Ծավի բնակիչները շուրջ մեկ ամիս ապրում են արտակարգ ռեժիմով։ Ջուրը բնակիչներին մատակարարվում է համայնքային միջոցներով՝ տարաներով և շշալցված տարբերակով։ Մեր տեղեկություններով՝ ջրի օգտագործման սահմանափակումներ են գործում նաև տվյալ տարածքում գտնվող զորամասում, որտեղ ևս ջրամատակարարման այլընտրանքային միջոցներ են կիրառվում։

Ու այստեղ առաջանում է շատ պարզ հարց․ եթե պետական մարմինները դեռ չգիտեն՝ ինչ է տեղի ունեցել, ապա ինչո՞ւ քաղաքացիները պետք է վստահ լինեն, որ վաղը իրենց ծորակից հոսող ջուրը անվտանգ է։

Առավել ուշագրավ է այն, որ սեպտեմբերի 17-ին Քննչական կոմիտեն հայտնել էր՝ Ծավի ջրում սնդիկի հայտնաբերման դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ջրերն աղտոտելու վերաբերյալ։

Այսինքն՝ պետությունը ոչ միայն արձանագրել էր վտանգավոր ցուցանիշ, այլև հարցը հասցրել էր քրեական վարույթի մակարդակի։ Բայց դրանից հետո էլ հասարակությանը մինչ այժմ չի ներկայացվել հստակ և ամբողջական պատկերը՝ որտեղից է հայտնվել սնդիկը, ինչն է դրա աղբյուրը, ինչ է հայտնաբերվել հետագա ուսումնասիրություններով և, ամենակարևորը՝ ե՞րբ է Ծավի ջուրը կրկին անվտանգ լինելու։

Այս իրավիճակը գնալով սկսում է ավելի շատ նմանվել ոչ թե արագ և համակարգված քննության, այլ պատասխանատվության փոխանցման շղթայի։

Մեկը սպասում է մյուսին, մյուսը՝ փորձաքննության արդյունքներին, երրորդը՝ վարույթի ավարտին։

Իսկ գյուղացին սպասում է ջրին։ Գրեթե մեկ ամիս։

Ավելին՝ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ պետական համակարգում արդեն կա մտավախություն, որ պատմությունը կարող է ավարտվել ոչ թե իրական պատճառի բացահայտմամբ, այլ հերթական «ցուցադրական» աշխատանքով․ երբ ամիսներ շարունակ տարբեր կառույցներ հայտարարում են, որ ուսումնասիրում են խնդիրը, իսկ վերջում հանրությանը ներկայացվում է այնքան ընդհանրական պատասխան, որ այդպես էլ պարզ չի դառնում՝ իրականում ինչ է տեղի ունեցել։

Այսինքն՝ հնարավոր է ստացվի ամենահարմար տարբերակը՝ ոչ ոք պատասխանատու չլինի, ոչ ոք չասի՝ որտեղից է սնդիկը հայտնվել, իսկ ամբողջ պատմությունը պարզապես «փակվի» փորձաքննությունների և իրականացված աշխատանքների մասին ընդհանուր ձևակերպումների տակ»։

Նմանատիպ նյութեր

Կոտայքի մարզն ուզում են «վերցնել» Ծառուկյանից․ «Հրապարակ»

Կոտայքի մարզն ուզում են «վերցնել» Ծառուկյանից․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Մի քանի ամիս է՝ Կոտայքի մարզը մարզպետ չունի, քանի որ նախկին մարզպետ Ահարոն Սահակյանն ընտրություններից հետո պատգամավոր դարձավ եւ խորհրդարան մտավ։ Չնայած այս ընթացքում բազմաթիվ թեկնածություններ են քննարկվել, սակայն մինչ օրս ոչ մեկը չի...

Վերջին երկու ամսում ՀՀ արտաքին պարտքը աճել է 1 միլիարդ 174 միլիոն դոլարով․ Իշխան Սաղաթելյան

Վերջին երկու ամսում ՀՀ արտաքին պարտքը աճել է 1 միլիարդ 174 միլիոն դոլարով․ Իշխան Սաղաթելյան

ՀՅԴ ՀԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը գրել է․ «Վերջին երկու ամսում (2026 օգոստոս, սեպտեմբեր) ՀՀ արտաքին պարտքը աճել է 1 միլիարդ 174 միլիոն դոլարով։ Պարտքի հիմնական նպատակը պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորումն է։ Իրականում...

ԱՆԻՖ-ի գործով դիմել են Սինգապուր և ԱՄՆ․ Դավիթ Փափազյանը մեկ տարի անց դեռ չի հայտնաբերվել․ «Ժողովուրդ»

ԱՆԻՖ-ի գործով դիմել են Սինգապուր և ԱՄՆ․ Դավիթ Փափազյանը մեկ տարի անց դեռ չի հայտնաբերվել․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ իրավապահները ԱՆԻՖ-ի քրեական վարույթի շրջանակներում իրավաբանական օգնության համար դիմում են ներկայացրել Սինգապուր և ԱՄՆ։ Եվ ահա լրացել է 1 տարին, ու մինչ օրս չի հայտնաբերվել հետախուզման մեջ...

«Աշխարհաքաղաքական Գիքոր» Փաշինյանը դեգերումների մեջ է․ հակառուսական ալիքը նահանջում է. «Հրապարակ»

«Աշխարհաքաղաքական Գիքոր» Փաշինյանը դեգերումների մեջ է․ հակառուսական ալիքը նահանջում է. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. ««Աշխարհաքաղաքական Գիքորի» կարգավիճակում հայտնված Նիկոլ Փաշինյանը նոր դեգերումների մեջ է` վերջին շաբաթներին հուժկու հակառուսական ալիք բարձրացրած «ինքնիշխանները» կրկին նահանջում են: Երեկ ճեպազրույցում Փաշինյանը հայտնել է նոր ատոմակայանի...

Երևանում կանցկացվի աղոթքի երկրորդ նախաճաշը․ ովքեր են ժամանելու և ինչ է քննարկվելու․ «Ժողովուրդ»

Երևանում կանցկացվի աղոթքի երկրորդ նախաճաշը․ ովքեր են ժամանելու և ինչ է քննարկվելու․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հոկտեմբերի 2-3-ը Երևանում կանցկացվի Հայաստանի Հանրապետության երկրորդ աղոթքի նախաճաշը (Republic of Armenia Prayer Breakfast, RAPB)։ Միջոցառումը կազմակերպիչները ներկայացնում են որպես հավատքի, հանրային...