Մենք կրկին վերադարձել ենք մի իրավիճակի, որ խոսվում է Սահմանադրության՝ նոր Սահմանադրության ընդունման մասին, որի նպատակը չեն էլ թաքցնում, նախաբանը իր ձևով և բովանդակությամբ փոխելու մասին է: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 21-ին, «ՀՀ անկախության հռչակագիրը և համազգային շահերը» թեմայով քննարկման ընթացքում հայտարարեց ԱԺ «Ուժեղ Հայաստան» պատգամավոր Արամ Վարդևանյանը։
«Հիմա, բայց տեսեք, այստեղ մեկ այլ հակասականություն կա: 2024-ից կրկին մեկ տարի հետ գնանք. քննարկվում էր Միջազգային քրեական դատարանը, Հռոմի ստատուտը, թե՝ ոչ: Ժամանակին ՀՀ-ն դիրքորոշում էր արտահայտել՝ ասելով, թե ինչի համար չենք կարող վավերացնել Հռոմի ստատուտը: Եթե նայում եք մեր Սահմանադրությունը, դատարաններ բաժինը, դատական իշխանությանը վերաբերող կարգավորումները, դուք կտեսնեք այնտեղ գրված է, որ ՀՀ-ում արդարադատություն իրականացնում են դատարանները: Գիտեք, բոլորն էլ ունենք: Հիմա կարծես թե Միջազգային քրեական դատարանը Հայաստանի դատարան չէ, օրինակ՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարան չէ, միջազգային քրեական դատարան է: Սահմանադրական դատարանը գտավ, որ քանի որ Սահմանադրության նախաբանում առկա է այնպիսի համազգային նպատակ, որը վերաբերում է համամարդկային արժեքներին հավատարմությանը, որն էլ իր հերթին կապված է մեր Անկախության հռչակագրում Հայոց ցեղասպանության վերաբերյալ դրույթների հետ, հետևաբար այստեղ նույնիսկ Սահմանադրության այլ կարգավորումների լույսի ներքո նախաբանը պետք է լինի գերակայող: Որովհետև, այո՛, Սահմանադրության նախաբանը հանդիսանում է անփոփոխելի հոդված, անփոփոխելի՝ այսինքն որոշակի իմաստով ժողովրդի՝ սահմանադրի կամքը սահմանափակող:
Բայց պատկերացրեք՝ մի քանի տարվա ընթացքում իրավական դիրքորոշումների ինչ տեկտոնիկ շարժում ենք տեսնում, ինչ աստիճան անհասկանալի, ու անկեղծ ասեմ՝ ինքս որպես իրավաբան ես նույնիսկ չեմ հասցնում այս դիրքորոշումների հետևից: Այսինքն՝ ի վերջո Սահմանադրական դատարանի ցանկացած որոշում որոշակի իմաստով պետք է նպաստի սահմանադրականության ձևավորմանը, այսինքն՝ սահմանադրական արժեքների, նորմերի հասարակական կյանքում, մեր առօրյա կյանքում իրացմանը, ընկալմանը: Բայց երբ դրանք այդ աստիճան տատանվում են, առաջանում է խզում, ու հիմա մենք հասել ենք այդ խզման ամենաբարձր կետին, որ «համազգային նպատակ» ձևակերպումը համարվում է խնդիր»,- նշեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում




