Հարավային Կովկասի ապագան պետք է ձևավորվի ոչ թե հակամարտությունների, այլ խաղաղության, անվտանգության, համագործակցության և բարգավաճման պայմաններում, հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը:
Ինչպես հայտնում է Report-ը, Գյուլերն այս մասին ասել է Բաքուն թշնամական օկուպացիայից ազատագրելու 108-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ:
Նա նշել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև տևական խաղաղություն հաստատելուն ուղղված կառուցողական քայլերին:
«Մենք ցանկանում ենք, որ Հարավային Կովկասն անցում կատարի խաղաղության և գործընկերության նոր դարաշրջանի: Հայրենական պատերազմում Ադրբեջանի պատմական հաղթանակի ընթացքում թուրք ժողովուրդն ու պետությունն աջակցություն են ցուցաբերել իրենց բոլոր միջոցներով: Այսօր Շուշիում, Խանքենդիում (Ստեփանակերտում) և Ղարաբաղի ամեն անկյունում ծածանվող դրոշը մեծ հպարտության աղբյուր է ոչ միայն Ադրբեջանի, այլև համայն թյուրքական աշխարհի համար»,- հայտարարել է Գյուլերը:
Նա Թուրքիայի և Ադրբեջանի միջև հարաբերությունների ներկայիս մակարդակը բնութագրել է որպես դրանց պատմության ամենաբարձր կետերից մեկը:
«Պաշտպանության և անվտանգության ոլորտում երկու երկրների միջև գործընկերությունն անցել է զարգացման նշանակալի փուլ: Մեր զինված ուժերը սերտորեն համագործակցում են զորավարժությունների, ռազմական փորձի փոխանակման, ականազերծման գործողությունների, ինչպես նաև պաշտպանական արդյունաբերության և տեխնոլոգիական նախագծերի շրջանակներում: Այս ամուր գործընկերության հիմքում ընկած է զինակցության և եղբայրության ոգին, որն ի հայտ է եկել 1918 թվականին»,- նշել է նախարարը:




