«Լեզուդ չլիներ՝ ագռավները աչքերդ կհանեին» հայտնի հայերեն ասացվածք է, որը նշանակում է, որ մարդը շատախոս է, զավզակ և իր խոսքի, պատասխանելու, ֆռացնելու ունակության շնորհիվ դուրս է գալիս դժվար իրավիճակներից կամ պաշտպանվում։ Ինչպես որ սպասելի էր, Նիկոլ Փաշինյանն իր օրոք դպրոցներում անգրագիտության համար մեղադրեց ո՞ւմ։ Դե իհարկե՝ նախկիններին։
Փաշինյանն իշխանության է 9 տարի․ հրապարակվել է զեկույց, որ իր օրոք առաջին դասարան գնացած երեխաները, որ այսօր 9-րդ դասարանում են, ընթերցանության, կարդացածը հասկանալու խնդիր ունեն․ սա ասում է՝ մեղավորը նախկիններն են։
Նախ, կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը հաստատեց այն, ինչ մինչև հիմա հերքում էին․ հաստատեց, որ մեր երկրում փակվել են հարյուրավոր դպրոցներ։ Ու ինչ է ասում՝ մի քանի գյուղի երեխաներ կգնան մեկ գյուղի դպրոց։ Նիկոլը, համառորեն պաշտոնին մնացող իր կրթության նախարարը, էն որ մի ամսում մի քանի միլիոն դրամ պարգևավճար է սդտանում դպրոցների անգրագիտության ֆոնին, ասում էին՝ չէ, չի փակվում ոչ մի դպրոց, ստում է ընդդիմությունը։ Բայց պարզվեց՝ ստում էին իրենք, փակվել են։
Մյուսը․ երբ խոսում է դպրոցներում գրագիտության խայտառակ մակարդակից, Նիկոլ Փաշինյանը խոսում է շենքերից, թե՝ նախկինում դպօրոցների շենքեր չկային, մենք ենք սարքում։ Իհարկե՝ նա չի հոգնում ստել, մենք էլ չենք հոգնում նրա ստերը բացահայտել ու կրկնել։ Եվ այսպես, 2024 թվականի պաշտոնական տվյալներով՝ Հայաստանում Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանության օրոք կառուցվել է 106 դպրոց, հիմնանորոգվել՝ 18-ը։ Ռոբերտ Քոչարյանի իշխանության օրոք կառուցվել է 142 դպրոց, հիմնանորոգվել՝ 118-ը։ Սերժ Սարգսյանի օրոք կառուցվել է 37 դպրոց, հիմնանորոգվել՝ 102-ը։ Նիկոլ Փաշինյանի իշխանության առաջին 6 տարում կառուցվել է, ուշադրություն, 27 դպրոց, հիմնանորոգվել՝ 41-ը։ Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը 9-րդ տարում է իշխանության, բայց առաջին 6 տարում կառուցվել ու հիմնանորոգվել է ամենաքիչ թվով դպրոցները՝ պաշտոնական թվերով։ Խոստացել է 300 դպրոց, կառուցել է 27․ ուղղակի սրանք ամեն օր հայտարարում են, ամեն օր խոսում են դրա մասին. մի հատ սարքում են, էնքան են նկարում ու ռեպորտաժներ պատրաստում, որ ձեզ թվում է՝ ամեն գյուղում 8 հատ դպրոց են սարքել։ 6 տարում կառուցել է ընդամենը 27 դպրոց, այսօրվա նիստում ասում է՝ դե, նախկինում դպրոց չեն կառուցել, մենք որ այս 300 հատը կառուցենք, հետո մի 300 հատ էլ կկառուցենք, հետո մի 400 հատի կարիք էլ կլինի։ Այսինքն՝ Փաշինյանը խոսում է 1000 դպրոց կառուցելու մասին։ Հարց՝ 6 տարում կառուցել է 27 դպրոց, քա՞նի տարի պետք է կառավարի դա՝ խոստացած 1000 դպրոցները կառուցելու համար։ Համաձայն հաշվիչի, այս տեմպերով՝ 222 տարի։
Բայց սրանց, ժողովուրդ ջան, հեչ էլ կարիք չկա 1000 դպրոց սարքելու։ Նիկոլը 6 տարում կառուցել է ընդամենը 27 դպրոց, իսկ գիտե՞ք քանի դպրոց է փակել։ Միայն այս սեպտեմբերին՝ 200-ից ավելի։ Հայաստանում կա 1400 դպրոց. եթե մեկ տարում փակում է 200 դպրոց, դուք հաշվեք, թե Հայաստանում քա՞նի դպրոց կմնա, երբ Նիկոլը հեռացված լինի իշխանությունից։
Շեշտենք, որ շենքը մի բան է, գիտելիքը, աշխատանքի որակը՝ այլ բան․ էնպես չէ, թե ԱԺ նոր մասնաշենքում նստող ՔՊ-ականները լավ են աշխատում, գրագետ, փաստարկված ելույթներ են ունենում, հին մասնաշենքում նստողները՝ վատ․ նույն բանն են։ Ասում է՝ ես իմ օրինակով կրթվել եմ ցույց տվել, երկրի վարչապետը դասի է նստում, ձեռք են առնում։ Երկրի վարչապետին դասի նստելու համար ձեռք չեն առնում, ձեռք են առնում, որ առանց բարձրագույն կրթության վարչապետ է աշխատում։
Բայց ինչքա՜ն «տաղանդ» ունենաս, որ հենց քո օրոք երեխաները մեծանան անգրագետ, իսկ դու մեղադրես նախկիններին։ Փաստերով ցույց է տրվում, թե ինչպես է իր օրոք դպրոցը դարձել նախընտրական քարոզարշավի գործիք, ու էլի մեղադրում են նախկիններին։ Ասում է՝ դպրոցում որ լաբորատորիա չլինի, համակարգիչ չլինի, ի՞նչ կրթություն։ Բայց հենց մենք էլ նույնն ենք հարցնում․ ֆինանսներիդ նախարարը երեկ ասում էր՝ պետական պարտքը գերազանցել է 14 մլրդ դոլարը․ այդքան գումարով հազար հատ դպրոց էր հնարավոր սարքել ու մինչև ատամները հագեցնել գույքով. ի՞նչ եք արել փողերը, ինչո՞ւ չկան լաբորատորիաներ, համակարգիչներ։
Ասում է՝ «անգրագետ տնօրենները պետք է հեռանան»․ ճիշտ եք ասում, պետք է հեռանան․ իսկ նրանց ո՞վ է նշանակել․ ՔՊ-ական նախարարների, մարզպետների, պատգամավորների հորքուր-մորքուրներին, քաղաքապետերի բարեկամներին, ընկերների կանանց ո՞վ է նշանակել դպրոցներում տնօրեն։ Երեկ ընդամեը մի փոքրիկ ցանկ կարդացի․ հո չեմ կարող մի հաղորդմանը 1000 դպրոցի ցանկ կարդալ։ Բայց հարցն այն է, որ անգամ անգրագետ տնօրենների վրա մեղքը բարդելով չի լինում, որովհետև համաձայն զեկույցի՝ էդ անգրագիտությունը համատարած է, ոչ թե միայն առանձին դպրոցներում։
Սա այն թեման է, որ ոնց էլ անես, նախկինների վրա չի գլորվում։ Կոնկրետ պատասխանատուներ կան անգրագետ սերունդ դաստիարակելու համար։ Իսկ գուցե ձեռնտո՞ւ է իշխանությանը անգրագիտությունը։ 15 տարեկան երեխան կրթվել է ձեր օրոք։ 9 տարին բավարար ժամանակահատված է կրթական համակարգում չափելի և շոշափելի արդյունքներ գրանցելու համար, քանի որ այն համապատասխանեցվում է հանրակրթության գրեթե ամբողջական մեկ շրջափուլի։
Ի՞նչ է հնարավոր 9 տարում․ ուսուցչական կազմի որակավորում, ամբողջական վերապատրաստում, մանկավարժական կազմի մասնագիտական պատրաստվածության բարձրացում։ Հնարավոր է ամբողջությամբ թարմացնել հանրակրթական չափորոշիչները, դասագրքերը և ուսումնական պլանները՝ դրանք համապատասխանեցնելով ժամանակակից պահանջներին։ Հնարավոր է լուծել դպրոցների շենքային պայմանների, բնագիտական լաբորատորիաների, համակարգչային դասարանների և գույքի վերազինման հիմնական մասը։ Կարող են ներդրվել աշակերտների առաջադիմության և կրթության որակի մոնիթորինգի ժամանակակից մեխանիզմներ։ Իսկ թե ինչ եք արել, ձեր 9 տարվա աշխատանքի գնահատականը 1 է, 91 երկրի շասրքում ամենացածրերից մեկը։
9 տարին այն սահմանագիծն է, երբ իշխանությունը կրում է լիարժեք պատասխանատվություն ընթացիկ արդյունքների համար։ 9 տարին բավարար է կադրային դեֆիցիտը չեզոքացնելու կամ միտումները փոխելու համար։ Նիկոլ Փաշինյանի օրոք դպրոց ընդունվածներն արդեն ավարտում են հիմնական դպրոցը, և նրանց կրթության որակը գործող իշխանության վարած քաղաքականության ու իրականացրած բարեփոխումների ուղղակի արդյունքն է։ Դու կարող ես ասել՝ «խնդիրը դեռ չենք հասցրել լուծել», բայց իրավունք չունես ասել՝ «մեղավորը նախկիններն են»։
Կարճ ասած՝ որպեսզի արդարացնի իրենց իշխանության տկարությունը, ում ասես մեղադրեց, ընդհուպ՝ ժողովրդին մեղադրեց անգրագիտության մեջ։ Ժողովրդին թամբալ ասել էին, համբալ ասել էին, ինչ ասես չէին ասել սրանք, միայն անգրագետ չէին ասել, դա էլ ասաց։ Սրանց, վստահ եմ, չի հետաքրքրել կրթությունը, աշակերտների գրագիտության մակարդակն ու նրանց ապագան, սրանց հետաքրքրել է փողը, դպրոցի շինարարական տենդերները, բարեկամներին դպրոցներում աշխատանքի տանելը, իրենց քաղաքական թեկնածուին չաջակցող ուսուցիչներին աշխատանքից ազատելը։
Վստահեցնում եմ, որ եթե Նիկոլ Փաշինյանը 2065 թվականին լինի իշխանության, ու մեր երկրում քարը քարի վրա չթողնի, էլի մեղադրելու է նախկիններին։
Սևակ Հակոբյան





