Մեր հարցը փակված չէ․ մեր իրավունքները վաղեմություն չունեն․ Արցախի միություն

2 Սեպտեմբերի, 2026

ԱՐՑԱԽ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ՝ Արցախի Հանրապետության անկախության հռչակման 35-ամյակի առթիվ․

35 տարի առաջ՝ 1991 թվականի սեպտեմբերի 2-ին, Արցախի ժողովուրդը, գործադրելով ինքնորոշման իր անօտարելի իրավունքը, հռչակեց իր անկախությունը: Այս որոշումը, որին մի քանի ամիս անց հաջորդեց դեկտեմբերի 10-ի հանրաքվեն, դարձավ մեր ժողովրդի ժամանակակից պետականության ու հավաքական ինքնության հիմքը՝ երեք տասնամյակից ավելի ժամանակահատվածում ապահովելով ազատ ապրելու և սեփական ճակատագիրն ինքնուրույն որոշելու փորձառություն: Հատկանշական է, որ այդ պատմական ձեռքբերումը հնարավոր է եղել համայն հայության և Հայաստանի Հանրապետության համակողմանի ու հետևողական սատարման շնորհիվ:

Այս տարվա տարեդարձը դիմավորում ենք բացառիկ ծանր հանգամանքներում: 2020-2023 թթ. ընթացքում Ադրբեջանի կողմից իրականացված ցեղասպանության ու էթնիկ զտման հետևանքով Արցախի ողջ բնակչությունը՝ շուրջ 150,000 մարդ, բռնի կերպով զրկվեց իր հայրենիքից: Երեք տարի անց մենք շարունակում ենք ապրել բռնի տեղահանության մեջ, իսկ մեր հայրենիքը մնում է ցեղասպանական բռնազավթման պայմաններում. հենց այս իրականությունն է Արցախ Միության առաքելության հիմքում՝ պաշտպանել բռնի տեղահանված Արցախի ժողովրդի հավաքական շահերը, իրավունքներն ու արժանապատվությունը, հասնել միջազգային արդարության և նպաստել մեր ժողովրդի հավաքական վերադարձին՝ ինքնորոշված, խաղաղ, արդար, արժանապատիվ ու անվտանգ կյանքի՝ նոր ցեղասպանության վտանգներից զերծ:

Այս տարեդարձը համընկնում է Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների միջև տեղի ունեցող հարաբերությունների կարգավորման գործընթացի հետ: Սակայն, ցավոք, այն որևէ առնչություն չունի իրական ու արդար խաղաղության և հակամարտության կարգավորման հետ, քանի որ հակամարտության բուն զոհերն ու հիմնախնդիրները անտեսված են, և ոչ մի փաստաթղթում անդրադարձ չկա Արցախի ժողովրդի իրավունքներին, կարգավիճակին, ոճրագործությունների հետաքննությանը, հայ պատանդների ազատ արձակմանը, հայատյացության քաղաքականության վերացմանը և բազմաթիվ այլ հիմնարար հարցերին:

Այս ամենի համատեքստում խիստ դատապարտելի են ՀՀ իշխանությունների այն հայտարարություններն ու գործողությունները, թե, իբր, Արցախի հարցը փակված է, և Արցախի ժողովուրդը պետք է մոռանա իր հայրենիք վերադառնալու մասին: Այսպիսի վարքը ուղղակիորեն խրախուսում ու աջակցում է ալիևյան ցեղասպանական ռեժիմին ոչ միայն ոճրագործությունները մարսելու, այլև՝ հայ ժողովրդի և հայոց պետականության հանդեպ նորանոր ոճրագործություններ պլանավորելու ու իրականացնելու համար:

Ցավալի իրականություն են նաև Մայր Հայաստանում Արցախի ժողովրդի ինքնության պահպանման և մարդասիրական կարիքների կայուն ու արժանապատիվ ապահովման լրջագույն մարտահրավերները: Բացի դրանից, Արցախի Հանրապետության պետական ինստիտուտների հանդեպ իրականացվող բռնաճնշումները և նրանց ռեսուրսների ու կարողությունների խորը ճգնաժամը լրացուցիչ հիմնախնդիրներ են հարուցում Արցախի ժողովրդի հիմնարար ու հավաքական իրավունքների պաշտպանության ու վերականգնման պայքարի ճանապարհին: Այնուամենայնիվ, մենք վստահ ենք, որ համայն հայության շահագրգիռ անձանց ու ինստիտուտների ջանքերով Արցախի ժողովրդին հաջողվելու է վառ պահել մեր պայքարի ջահը և հետևողական կերպով հետամուտ լինել իր իրավունքների ու շահերի պաշտպանությանը՝ մինչև մեր անվտանգ ու արժանապատիվ վերադարձը հայրենի տներ:

Անկախության հռչակումից 35 տարի անց և վերոնշյալ ծանրագույն պայմաններում Արցախ Միությունը վերահաստատում է հետևյալ առաջնահերթությունները՝

• Արցախի ժողովրդի անվտանգ, արժանապատիվ ու հավաքական վերադարձը իր հայրենիք՝ պատշաճ միջազգային երաշխիքների ներքո, ի կատարումն ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի 2023 թ. նոյեմբերի 17-ի հրամանի.

• Բաքվում պատանդառության մեջ պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության և մնացած բոլոր հայ գերիների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը.

• Ադրբեջանի կողմից իրականացված զանգվածային ոճրագործությունների հանդեպ պատասխանատվության ապահովումը՝ անկախ միջազգային հետաքննության միջոցով.

• Ադրբեջանում պետականորեն խրախուսվող հայատյացության քաղաքականության դադարեցումը՝ կրթական ու մշակութային քաղաքականությունների վերանայման միջոցով.

• Մայր Հայաստանում Արցախի ժողովրդի արժանապատիվ ու կայուն կեցությունը և ինքնության պահպանումը՝ մինչև վերադարձի ապահովումը:

Արցախի Հանրապետության անկախության 35-ամյակը վկայում է, որ մեր ժողովրդի ինքնության և իրավունքների գիտակցությունը գոյատևել է բոլոր փորձությունների միջով: Արցախ Միությունը շարունակելու է իր հնարավորությունների սահմաններում փաստագրել իրավախախտումները, ներկայացնել գործեր միջազգային իրավական մարմիններին, պաշտպանել բռնի տեղահանվածների շահերը Հայաստանում ու արտերկրում և պահանջել, որ ոչ մի խաղաղության գործընթաց չկառուցվի Արցախի ժողովրդի բացակայության կամ լռության հաշվին:

Մեր հարցը փակված չէ: Մեր իրավունքները վաղեմություն չունեն: Մենք շարունակելու ենք պայքարել՝ մինչև արդարությունն ու վերադարձի իրավունքը դառնան իրականություն:

Արցախ Միություն

Երևան, 2026 թվականի սեպտեմբերի 2

 

Նմանատիպ նյութեր

Մայր Տաճարում կատարվեց Խաղաղության աղոթք

Մայր Տաճարում կատարվեց Խաղաղության աղոթք

Սեպտեմբերի 2-ին Արցախի Հանրապետության Անկախության օրվա առիթով Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ Միածնաէջ Մայր Տաճարում կատարվեց Խաղաղության աղոթք։ Մայր Աթոռի միաբանությունը և ներկա ժողովուրդը աղոթք բարձրացրեցին առ Աստված բռնի...

Իմ խնդրանքն է, որ աջակից և պաշտպան լինեք այսօր ՀՀ-ում քաղաքական հետապնդումների ենթարկվող բոլոր մեր քաղաքացիներին. Ծառուկյան

Իմ խնդրանքն է, որ աջակից և պաշտպան լինեք այսօր ՀՀ-ում քաղաքական հետապնդումների ենթարկվող բոլոր մեր քաղաքացիներին. Ծառուկյան

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ուղերձը՝ «Կենտրոն» ՔԿՀ-ից. «Տեղեկացա, որ Հայաստանի և սփյուռքի տարբեր ոլորտների մոտ վեց տասնյակ հեղինակավոր գործիչներ հանդես են եկել «Գագիկ Ծառուկյանի պաշտպանության հանրային կոմիտե» ստեղծելու նախաձեռնությամբ։ Շնորհակալ եմ բոլորին։ Դժվար է...

Գյումրիում բնակարանային գողության դեպքեր են արձանագրվել. ձերբակալվածներ կան

Գյումրիում բնակարանային գողության դեպքեր են արձանագրվել. ձերբակալվածներ կան

ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են. «Օգոստոսի 7-ի երեկոյան ստացվել էր ահազանգ, որ գողություն է կատարվել Գյումրիի Շերամի թաղամասի մի բնակարանից։ Մեկնել էր Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության օպերատիվ խումբը։ Ոստիկանները պարզել էին, որ գողությունը կատարվել է...

Քրեական դատարանից փախուստի դիմած կալանավորին դեռ չեն գտել. «Փաստինֆո»

Քրեական դատարանից փախուստի դիմած կալանավորին դեռ չեն գտել. «Փաստինֆո»

Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի «Ավան» նստավայրից փախուստի դիմած կալանավորի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենագրքի 506-րդ հոդվածի 1-ին մասով (արգելանքի վերցված, ձերբակալված, կալանավորված կամ քրեակատարողական հիմնարկում պատիժ...

ԿԳՄՍ նախարարի մամուլի քարտուղարը և 2 փոխնախարարները պաշտոնանկ են արվել

ԿԳՄՍ նախարարի մամուլի քարտուղարը և 2 փոխնախարարները պաշտոնանկ են արվել

ԿԳՄՍ նախարարի մամուլի քարտուղար Նելլի Վահանյանը գրել է. «Տեղեկացնում եմ, որ այսօրվանից դադարեցնում եմ ՀՀ ԿԳՄՍ նախարարի մամուլի քարտուղարի պարտականություններս։ Այս երկու տարին ինձ համար իսկապես մեծ ու արժեքավոր դպրոց էր։ Այս ընթացքում հասցրինք մի շարք բաներ փոխել ու...