Ինչպե՞ս փորձել խանգարել Ադրբեջանի պատվերների կատարմանը և չկալանավորվել․ «Կարճ ասած»

31 Օգոստոսի, 2026

5-րդ օրն է, ինչ ապօրինի, պատվիրված կալանքի տակ է Արցախի Հանրապետության առաջին, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Մեղադրանքը․․․ Իսկ իմաստ կա՞ նշելու, թե ինչ հիմքով․․․ Վստահ եմ՝ որևէ բանական մարդ չկա, ով հավատում է, թե իրավական հիմքով են կալանավորել ոչինչ չխախտած մարդու, էլ չասեմ՝ որևէ մի թեթև գոնե բան չապացուցված ու 9-րդ տարին քրեական գործերով մեղադրվող նախկին նախագահին․․․ Այո՛, այդ ամենը պարզից էլ պարզ է, բայց եկեք բարձրաձայնեմ մեկանգամ էլ ես․ ուրեմն՝ մեղադրվում է՝ նախագահության տարիներին պաշտոնեական պարտականությունների կատարման, այն է՝ կառավարության որոշումներ վավերացնելու մեջ, ինչի պարտավորությունն ուներ սահմանադրությամբ։

Մեղադրանքն աբսուրդ է, կարդում ես ու տարակուսում․ մյուս կողմից, նման աբսուրդի նախագահ Քոչարյանն առնչվում է արդեն 9 տարի, 2018-ից։ Էն ժամանակ էլ էին ասում, որ գործը ջուր է, հիմա էլ են ասում։ Ուղղակի էն ժամանակ հեղափոխական էյֆորիայի տակ մարդիկ ասում էին՝ դե ճշմարտությունն են բացահայտում․ այդ վստահությունը տևեց երկու ամիս․ սեպտեմբերին գաղտնալսումներ բացվեցին ԱԱԾ-ՀՔԾ-Նիկոլ զրույցից, ու պարզվեց, որ հետապնդումը ոչ միայն  քաղաքական է, այլ ուղիղ այդ պաշտոնյաների ցուցումներով։ Տարբերությունը՝ էն ժամանակ փսփսալով էր հրահանգը, հիմա՝ գոռալով, ԱԺ ամբիոնից։

Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ հետապնդումը ո՛չ կապ ունի արդարության հետ, ո՛չ արդարադատության հետ, ո՛չ էլ այսպես կոչված ապօրինի գույքի հետ․ դա շատ խորը և հեռուն գնացող աշխարհաքաղաքական վերադասավորումների ֆոնին հետապնդում է, և իզուր չէ, որ Քոչարյանի քաղաքական և իրավական ներկայացուցիչների այսօրվա ասուլիսը վերնագրված էր «Աշխարհաքաղաքական գործ N1»։ Նախագահ Քոչարյանի նկատմամբ, իրապես կան մի շարք աշխարհաքաղաքական պատճառներ, որոնց ոչ բոլորին կփորձենք անդրադառնալ։

Այսօր՝ օգոստոսի 31-ին, Բիշքեկում հանդիպել են Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը։ Չեմ կասկածում, որ թեմաների շարքում է եղել Քոչարյանին հերթական կալանք տալը․ Փաշինյանը, ըստ էության, զեկուցել է հրամանի կատարված լինելու մասին, գլուխ է գովել, թե՝ տեսնո՞ւմ ես, ինչ գոռում եմ, անմիջապես անում են, նա էլ, ըստ երևույթին, գովել է և տվել նոր հրահանգներ։ Բաքվից մշտապես են նոր պահանջներ դնում Փաշինյանի առաջ։ Ամեն օր վերաթարմացնում են Սահմանադրության փոփոխության թեման, միակողմանի հողերի հանձնման թեման՝ անկլավների անվան տակ։ Ու քանի որ Փաշինյանը բավարար քվե չունի, իսկ դա ցույց տվեցին ընտրությունների արդյունքները, ահա այսպես է փորձելու անել հնարավորը, մինչ ժողովրդի համբերության հերթական բաժակի լցվելը։ Ինձ թվում է՝ Քոչարյանի կալանքով Փաշինյանը փորձում է սիրաշահել Ալիևին և մի քիչ էլ ժամանակ խնդրել․ «Սահմանադրությունը դեռ չեմ կարողանում փոխել, բայց Քոչարյանին կալանավորել եմ, պահանջներիցդ էր՝ կատարված է»։

Փաշինյանն ի վերջո, եթե կարողացավ, ստիպված է լինելու գնալ հանրաքվեի՝ Սահմանադրության միջից հեռացնելու ամեն ազգայինը։ Նոր Սահմանադրություն կոչված փաստաթուղթը բացահայտ կազմվել է Ալիևի պատվերով, և այդ ընկալումը ժողովրդի մոտ նստած է․ նոր Սահմանադրության դեմ ըմբոստությունը սպասելի է, և այժմ Փաշինյանն ու Ալիևը չեզոքացնում են լիդերներին, որոնք կարող են ապահովել կոնսոլիդացիա և տապալել ադրբեջանական հերթական պարտադրանքը։ Հասկանու՞մ եք ինչից ենք խոսում, տեսեք ուր ենք հասել, մեր երկրում Սահմանադրություն են փոխելու Ադրբեջանի ճաշակով․․․ Ինքնիշխանությո՜ւն եմ ասել։

Ռոբերտ Քոչարյանը մեր անկախության և ուժի խորհրդանիշներից մեկն է, պատմական դերակատար, իսկ Ալիևը, Փաշինյանի օգնությամբ, կռիվ է տալիս մեր անկախության դեմ, փորձում է Փաշինյանի ձեռքով չեզոքացնել երկրորդ նախագահին։

Այո, պատվերը Բաքվից է, բայց ոչ միայն Բաքվից․ Ռոբերտ Քոչարյանի կալանքը կարելի է դիտարկել արտաքին քաղաքական իրողությունների, պահանջների շրջանակներում։ Արևմուտքը ստիպում է Փաշինյանին խզել Հայաստան-ՌԴ կապերը։ Թուրքիայի նպատակն էլ է դա, Հայաստան՝ Ռուսաստանի հետ թշնամի։ Իրենց ռեգիոնալ ծրագրերն իրականացնելու արդյունքում մեզ դարձնում են Ուկրաինա։ Այն երկրները, որ Ուկրաինային մղում են կորուստների, թշվառության, ողբերգությունների, ինչ-որ կերպ, սակայն, նաև աջակցում են․ բայց Հայաստանը մնալու է միայնակ՝ Նիկոլի ձեռքով արդեն թշնամու վերածված Ռուսաստանի դեմ։ Ելքը թողնելու են Թուրքիան, դեպի ԵՄ ճանապարհը մեզ համար կանգ է առնելու Թուրքիայում։ Իրականում՝ Փաշինյանի՝ դեպի Եվրոպա գնալու օրակարգը կեղծ է, Հայաստանը Ռուսաստանի հետ վերջնականապես թշնամացնելու և թուրքերի կողմից «կուլ տալու» օրակարգ է։ Այդ արկածախնդրությանը դեմ է ժողովուրդը, ինչը երևաց ընտրությունների արդյունքներով, իսկ դեմ քվեները համակարգող ուժերի լիդերները կալանքի տակ են։ Դե հիմա ինձ ասեք՝ ու՞մ հրահանգով։

Ինչպես տեսնում ենք, այստեղ լուրջ նպատակներ են, գուցե առևտուր. Ռոբերտ Քոչարյանի կալանքի տանելը, Նիկոլի վրեժ կամ եսիմինչ չէ, դա ի սկի նրա որոշումը չէ, սա առևտուր է Ադրբեջանի հետ, ԵՄ-ի հետ, Ռուսաստանի հետ։ Ստացվում է՝ Հայաստանում կա մարդ, պետական գործիչ, որը չլինելով իշխանության, խորհրդանշում է հարաբերություններ, իրենից ներկայացնում է այնպիսի արժեք, որ նրան բռնելը, նրան թողնելը աշխարհաքաղաքական պայմանավորվածությունների տիրույթում է, այլ հարց է, որ եթե մի բան շատ է ուզում թշնամիդ, ուրեմն հենց դա է քեզ ձեռնտուն։ Որովհետև, դժվար թե Ալիևն ու Էրդողանը նստած երազում են Քոչարյան կալանավորեն, որ հայերին լավ լինի․ դա իրենց է լավ, իրենց ազգային շահերից է ու ոչ մի դեպքում՝ հայերի։ Բա՛, այդքան պարզ բանաձև։ Կյանքի օրենք է՝ եթե ինձանից մի բան ուզում է իմ թշնամին, ուրեմն դա իրեն շատ լավ է, իսկ ինձ՝ շատ վատ։

Ժողովուրդ ջան, պարզ է չէ՞, եթե իշխանությունը որոշում է ինչ-որ քայլեր անել, ու դրա համար նա պետք է բռնի քաղաքական լիդերների, պետք է ճնշում գործադրի ժողովրդի վրա, ուրեմն էդ քայլերը գիտակցվում են, չէ՞, որ վատն են, հակապետական են։ Ուրեմն երկիրը հասցրել են աղետի, բերել են, ինչպես նախագահն է նշում, աշխարհաքաղաքական շահերի բախման կենտրոն, և ամեն մեկի պահանջը կատարելու, զիջելու, իշխանությունը պահելու համար պետք է պառակտեն ժողովրդին, ատելություն ու վախ տարածեն, համոզեն, թե՝ մեկ է՝ մենք բան չենք կարող փոխել, պետք է հաշտվենք։ Չհաշտվողներին, ծնկի չեկողներին, չպայմանավորվողներին սպասում է բանտ․ բայց բանտում էլ այդ կամքը կա, որովհետև ճշմարտությունը այլ է, քան մեզ ներկայացնում են։ Մեր այս աղետներին մասնակից է Փաշինյանն ամբողջ թիմով, որի մեջ մտնում է նաև ողջ իրավապահ-դատական-քննչական համակարգը։ Ու խնդալու է, երբ էս խնդիրները հիմքում ունենալով՝ սրանք ներկայացնում են, իբր ինչ-որ ապօրինի գույքի թեմա է, ավտոկայանատեղիների կամ ժամանցի գոտու թեմա է։ Ու՞մ եք հիմարի տեղ դնում։

Քոչարյանին կալանավորելու ցուցումը խորհրդարանի ամբիոնից Նիկոլը, հիշո՞ւմ եք երբ տվեց․ այն բանից հետո, երբ խոսեց իրենց կառավարության առաջին 5 տարվա ծրագրից, այն է՝ Ցեղասպանության ուրացում, արցախցիների վերադարձի թեմայի փակում, Սահմանադրության փոխում, Կաթողիկոսի հեռացում, Հայաստանից հողերի հանձնում, Ռուսաստանին հաթաթա ու վերջում՝ Քոչարյանի կալանք։ Որովհետև սրանցից յուրաքանչյուրը ենթադրում է դիմադրություն, այս հակաազգային ծրագրերի տապալման նպատակ, իսկ ուժի ու պայքարի խորհրդանիշ հենց Քոչարյանն է։ Նրանից կա ակնկալիք ու պահանջ։

2018-ի այս օրերին, երբ Ռոբերտ Քոչարյանը կալանավորված էր առաջին անգամ, բազմիցս նշել ենք, որ կալանավորում են, որ Արցախը հանձնեն անխոչընդոտ։ Չէինք սխալվում։ Հիմա կարո՞ղ ենք մտածել, որ երկիրը շատ մեծ փորձությունների ու ողբերգությունների են նախապատրաստում, կարծում եմ՝ այո։

Կարճ ասած՝ այսօր՝ օգոստոսի 31-ին, Ռոբերտ Քոչարյանի ծննդյան օրն է, և չորս կալանքների ընթացքում երրորդ ծննդյան օրն է, որ անցկացնում է կալանավայրում։ Կալանավայրում է այն պատճառով, որ նա, ով իրականում պետք է դեռ 2020-ի պատերազմից հետո ինքնասպան լիներ կամ առնվազն ցմահ բանտում լիներ, ազատության մեջ է, իշխանության է, ու ինքը որոշումներ է կայացնում, այն էլ՝ դրսի ուժերի պարտադրանքով։ Փաշինյանն ու հայկական պետականությունը հակադիր բաներ են, նրանք միասին գոյատևել չեն կարող․ երկուսից մեկն է մնալու, եթե վերջը չգա այս ողբերգական օրակարգի։

Սևակ Հակոբյան

Նմանատիպ նյութեր

Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Infiniti»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կան վիրավորներ

Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Infiniti»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կան վիրավորներ

Այսօր՝ օգոստոսի 31-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 15։15-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 79-րդ կմ հատվածում բախվել են «Infiniti» մակնիշի և «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը վերածվել է մետաղե ջարդոնի։ Ինչպես...

Ստեղծվել է Գագիկ Ծառուկյանի պաշտպանության հանրային կոմիտե

Ստեղծվել է Գագիկ Ծառուկյանի պաշտպանության հանրային կոմիտե

Ստեղծվել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի պաշտպանության հանրային կոմիտե։ Հայտարարության մեջ ասվում է. «Մենք՝ ներքոստորագրող անձինքս, համատեղ նախաձեռնությամբ ձևավորել ենք Գագիկ Ծառուկյանի պաշտպանության հանրային կոմիտե։ Այս նախաձեռնության հիմքում միայն մեկ անձի...

Ռուսաստանը շարժվում է ուկրաինական հակամարտության ավարտի ուղղությամբ. Պուտին

Ռուսաստանը շարժվում է ուկրաինական հակամարտության ավարտի ուղղությամբ. Պուտին

Ռուսաստանը շարժվում է ուկրաինական հակամարտության ավարտի ուղղությամբ։ Այս  մասին հայտարարել է նախագահ Պուտինը Բիշքեկում Մոդիի հետ հանդիպման ժամանակ։ Հնդկաստանի վարչապետը զրույցի ընթացքում մասնավորապես անդրադարձել է Ուկրաինայի թեմային։ Նա հայտարարել է, որ անհրաժեշտ է...

Մաղթում եմ ձեզ ազատություն և հաղթանակ. դուք երկուսի համար էլ ցանկության պակաս չունեք․ Զատուլին՝ Քոչարյանին

Մաղթում եմ ձեզ ազատություն և հաղթանակ. դուք երկուսի համար էլ ցանկության պակաս չունեք․ Զատուլին՝ Քոչարյանին

Պետդումայի պատգամավոր և միջազգային Լազարևյան ակումբի համակարգող Կոնստանտին Զատուլինը շնորհավորել է «Հայաստան» դաշինքի առաջնորդ և Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ ծննդյան օրվա կապակցությամբ։ «Սիրելի՛ Ռոբերտ Սեդրակովիչ։ Շնորհավոր ծնունդդ։ Երեսուն տարուց...

3-րդ բանակային կորպուսի հրամանատար է նշանակվել

3-րդ բանակային կորպուսի հրամանատար է նշանակվել

Հիմք ընդունելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունը՝ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է հրամանագիր, որի համաձայն Սամվել Գրիգորյանը նշանակվել է 3-րդ բանակային կորպուսի...