Հերթական հարվածը մեր հավաքական հիշողությանը. ահազանգ
Կառավարության երեկվա որոշումը՝ Արթիկի կենտրոնական հրապարակում տեղադրված Հայրենական Մեծ պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը տեղափոխելու վերաբերյալ, հերթական հարվածն է մեր հավաքական հիշողությանը:
Այս հարցի շուրջ իմ դիրքորոշումը եղել է ու մնում է անկոտրում. հուշարձանը պետք է մնա իր տեղում, վերանորոգվի, իսկ հարակից տարածքը՝ ամբողջությամբ բարեկարգվի: Սա միայն քարեղեն կոթողի հարց չէ, այլ մեր պապերի հերոսական անցյալի, նրանց թափած արյան և սերունդների պատմական հիշողության պահպանման խնդիր:
Այսօր, երբ տարածաշրջանում տիրում է չափազանց բարդ աշխարհաքաղաքական իրավիճակ, և հայ-ռուսական հարաբերությունները փաստացի մազից են կախված, նման որոշում կայացնելը առնվազն քաղաքական արկածախնդրություն է: Նման քայլերը միտումնավոր լարվածություն են մտցնում առանց այն էլ զգայուն հարաբերություններում՝ վտանգելով մեր պետական շահերը:
Սակայն այս իշխանությունների վարքագիծը կանխատեսելի էր.
Պատերազմ պատմության դեմ.
Սրանց հիմնական թիրախը մեր ինքնությունն ու հաղթանակների հիշատակն են: Այն, ինչ չեն կարողանում իմաստավորել կամ հարգել, փորձում են ջնջել ու ոչնչացնել:
Անցյալի ուրացում.
Արցախը դավաճանաբար հանձնածներից ուրիշ ի՞նչ սպասել: Հայրենիքի մի հատվածը թշնամուն նվիրողների համար սեփական քաղաքի պատմությունն ու հուշարձանները ոչ մի արժեք չեն ներկայացնում:
Այս ապազգային ընթացքը հավերժ չէ: Ցանկացած իշխանություն ժամանակավոր է, իսկ պատմության անողոք օրենքով՝ ցանկացած դավաճանի վերջն էլ բոլորս լավ գիտենք, թե ինչ է լինում:
Այս որոշումն ընդունողները, դրա կատարումն ապահովողներն ու յուրաքանչյուր մասնակից պետք է հստակ գիտակցեն՝ եկող իշխանության օրոք տրվելու է թե՛ քաղաքական, թե՛ իրավական ամենախիստ գնահատականը: Պատմությունն ու սերունդները չեն ներելու մեր հիշատակը սակարկության հանածներին:
Ժամանակն անցնելու է, իսկ արդարությունն ու պատմական ճշմարտությունը վերականգնվելու են:
Հ.Գ. Դե որ սկսել եք, չմոռանաք Արթիկ համայնքի մյուս բնակավայրերում էլ, որտեղ կան նմանատիպ հուշարձաններ, անպայման տեղափոխել, իսկ տեղերը շատրվաններ տեղադրել…: