Բանակը քաղաքական փորձադաշտ չէ. գնդապետը՝ Փաշինյանին

21 Օգոստոսի, 2026

«Սրբազան պայքար»-ի աջակից, պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ԲԱՑ ՆԱՄԱԿ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ
Այն, ինչ այսօր կատարվում է Հայաստանի բանակում, այլևս հնարավոր չէ ծածկել գեղեցիկ խոսքերով, վիճակագրությամբ կամ քարոզչությամբ։ Բանակի այս ծանր վիճակի համար քաղաքական պատասխանատվության առաջին հերթին պետք է կրեն պաշտպանության նախարարը և ԳՇ պետը։

Ձեր իշխանության օրոք բանակից հեռացվեցին բազմաթիվ փորձառու սպաներ ու գնդապետներ, որոնք տարիներ շարունակ իրենց գիտելիքով, փորձով և հեղինակությամբ մեծ ծառայություն էին մատուցում բանակին։ Նրանց փոխարեն առաջ մղվեցին մարդիկ, որոնց համար հաճախ ավելի կարևոր դարձավ վերադասի ցանկությունը կատարելը, քան բանակի իրական շահը։
Այսօր բանակը շատ տեղերում վերածվել է, կոպիտ ասած, «մսուր-մանկապարտեզի»։ Սա վիրավորանք չէ զինվորների նկատմամբ․ սա ահազանգ է այն համակարգի մասին, որը չի կարողանում զինվորին մշտապես զբաղված պահել, կրթել, մարզել և կարգապահության մեջ պահել։

Հունվարից մինչ այսօր բանակում զոհերի թիվը հասել է 31-ի։ Ես երկար տարիներ ծառայել եմ բանակում և չեմ հիշում մի ժամանակաշրջան, երբ մեկ տարվա ընթացքում նման պատկեր ունենայինք։ Ամեն զոհ մեկ ընտանիքի կործանված կյանք է, և այս թվերին չի կարելի վերաբերվել որպես հերթական վիճակագրության։
Խնդիրը նաև նրանում է, որ բանակում ստորին օղակների սպաների և սերժանտների հեղինակությունն ու լիազորությունները թուլացվել են։ Երբ վաշտի հրամանատարը, դասակի հրամանատարը կամ սերժանտը չի կարողանում լիարժեք ղեկավարել իր ենթականերին, ինչպե՞ս եք ակնկալում կարգապահություն։

Նույնիսկ զինվորի արձակուրդի հարցը հասցվել է ԳՇ մակարդակ։ Սա աբսուրդ է։ Զորամասում ծառայության ամենօրյա կազմակերպումը պետք է իրականացնեն այն սպաները, որոնք ամեն օր տեսնում են զինվորին, ճանաչում են նրա վիճակը և պատասխանատվություն են կրում նրա ծառայության համար։ ԳՇ պետը չպետք է զբաղվի այնպիսի հարցերով, որոնք նախատեսված են ստորին օղակների համար։ Երբ վերևից ամեն ինչ մանրամասն կառավարվում է, ներքևում սպայի պատասխանատվությունն ու հեղինակությունը բնականաբար կաթվածահար են լինում։

Զինվորը պետք է մշտապես զբաղված լինի մարտական պատրաստությամբ։ Պարապ զինվորը բանակի համար ռիսկ է։ Եթե երիտասարդին չեն մարզում, չեն սովորեցնում, չեն զբաղեցնում և չեն վերահսկում, ապա հետո մի զարմացեք, որ բանակում ավելանում են անցանկալի դեպքերը։
Ատեստավորման համակարգն էլ բազմաթիվ հարցեր է առաջացրել։ Եթե նույն աշխատանքը կատարող երկու սպաներից մեկը ստանում է մոտ 600 հազար, մյուսը՝ մոտ 300 հազար դրամ, ապա համակարգում բնականաբար առաջանում է լարվածություն և անարդարության զգացում։ Նախ պետք է ապահովել արժանապատիվ և հնարավորինս հավասար բազային վարձատրություն, օրինակ՝ 450-500 հազար դրամի սահմաններում, և դրանից հետո կատարել լրացուցիչ գնահատում ու տարբերակում՝ իրական արդյունքի հիման վրա։
Բանակից շատ արագ հեռացվեցին փորձառու սպաներ, որոնց տասնամյակների ծառայությունն ու հեղինակությունը կարելի էր օգտագործել բանակը ուժեղացնելու համար։ Իմ համոզմամբ՝ բանակին պետք են ոչ թե «գրպանի սպաներ», որոնք պարզապես կատարում են վերևից եկած ցանկացած հրահանգ, այլ արժանապատիվ, ինքնուրույն մտածող և օրենքով առաջնորդվող հրամանատարներ։

Ես նաև չեմ զարմանում վերջին տարիների որոշ նշանակումների վրա։ Մարդը մի քանի տարում հասնում է գնդի հրամանատարի պաշտոնի, մինչդեռ նախկինում սպան պետք է անցներ ծառայության տարբեր օղակներով, կուտակեր փորձ և միայն հետո ստանձներ նման պատասխանատու պաշտոն։ Եթե սպան չի անցել համապատասխան հրամանատարական աստիճաններով և չունի անհրաժեշտ փորձ, ինչպե՞ս կարող է արդյունավետ ղեկավարել մի ամբողջ զորամաս։
Ես սա ասում եմ ոչ թե կողքից դիտողի, այլ տարիներ ծառայած սպայի դիրքից։ Ես ցավում եմ այն ամենի համար, ինչ այսօր կատարվում է բանակում, և ամենից շատ ցավում եմ այն զինվորների ու սպաների համար, որոնք ամեն օր կրում են այս համակարգի սխալների հետևանքները։

Բանակը քաղաքական փորձադաշտ չէ։ Բանակը պետության անվտանգության հիմքն է։Եթե իսկապես ցանկանում եք նվազեցնել բանակում զոհերն ու միջադեպերը, առաջին քայլը պետք է լինի պատասխանատու պաշտոնյաների աշխատանքը գնահատելը, ոչ թե ամեն ինչ հերթական անգամ արդարացնելը։

Եթե այս վիճակը շարունակվի, վաղը արդեն ուշ կլինի։
Ես պահանջում եմ ոչ թե հերթական խոստումներ, այլ պատասխանատվություն, համակարգային փոփոխություն։
Որպես երկարամյա սպա՝ ես իրավունք ունեմ բարձրաձայնելու այն, ինչ տեսնում եմ։ Եվ լռելու մտադրություն չունեմ։
Բանակը մեր զինվորների կյանքն է։ Նրանց կյանքով փորձարկումներ անելն անթույլատրելի է»։

Նմանատիպ նյութեր

Տավուշում մեքենաներ են բախվել․ մեկ զոհ, մեկ վիրավոր կա

Տավուշում մեքենաներ են բախվել․ մեկ զոհ, մեկ վիրավոր կա

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզի քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ հոկտեմբերի 4-ին Տավուշի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի փաստով։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, այդ օրը՝ ժամը 15։20-ի սահմաններում...

Այսօր մահացած զինծառայողը 3 ամսից պետք է զորացրվեր. մանրամասներ

Այսօր մահացած զինծառայողը 3 ամսից պետք է զորացրվեր. մանրամասներ

Այսօր հրազենային վնասվածքից մահացած զինծառայող Արմեն Ղազարյանին ընդամենը երեք ամիս էր մնացել, որ զորացրվի։ Այս մասին NEWS.am–ի փոխանցմամբ՝  հայտնել է Արարատի մարզի Ռանչպար գյուղի գյուղապետ Վահան Վարդանյանը: Արմենը ծառայում էր Վարդենիսում, նախնական տվյալով դեպքը տեղի է...

Օծվել են Լճաշենի նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու խաչերն ու զանգը

Օծվել են Լճաշենի նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու խաչերն ու զանգը

Հոկտեմբերի 10-ին Գեղարքունյաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը, աղոթակցությամբ թեմի փոխառաջնորդ Հոգեշնորհ Տեր Բաբկեն վարդապետ Սալբիյանի, Գավառի հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Նշան քահանա Սարգսյանի և Սևանի հոգևոր հովվության սպասավոր Արժանապատիվ Տեր...

Պայթյուն է որոտացել Ռիադում․ օդանավակայանը փակվել է

Պայթյուն է որոտացել Ռիադում․ օդանավակայանը փակվել է

Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադի Թագավոր Խալիդի անվան միջազգային օդանավակայանը շաբաթ օրը՝ հոկտեմբերի 10-ին, կրկին ենթարկվել է գրոհի։ Դեպքից հետո օդանավակայանը տարհանվել է, Associated Press գործակալությանը հայտնել են տարածաշրջանային երկու պաշտոնյաներ։ Ականատեսի՝...

Ամոթից պետք է գլուխները կախեն․ Ամստերդամը՝ Եկեղեցու հարցով կառավարության զեկույցի մասին

Ամոթից պետք է գլուխները կախեն․ Ամստերդամը՝ Եկեղեցու հարցով կառավարության զեկույցի մասին

Միջազգային իրավապաշտպան Ռոբերտ Ամստերդամը խայտառակություն է որակում Հայ Առաքելական եկեղեցու վերաբերյալ կառավարության պատվերով կազմված «զեկույցը»։ «Հայ Առաքելական Եկեղեցու վերաբերյալ կառավարության ներկայացրած զեկույցը որևէ լուրջ հիմնավորում չունի։ Այն քաղաքական պայքար...