Զգուշացնում եմ՝ ամեն ինչ այդքան հեշտ չէ․ Գագիկ Ծառուկյան

14 Օգոստոսի, 2026

Ես շատ լավ եմ հասկանում, թե ինչ են զգում այն արտահանողները, գործարարները, որոնց զրոյից սկսած, կյանքի ու մեծագույն ջանքի ներդրումով ստեղծած բիզնեսները հայտնվել են ոչնչացման վտանգի առջև: Այս մասին Կենտրոն ՔԿՀ-ից գրել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը:

«Նախորդ ուղերձում ես իմ մտորումներն էի ներկայացրել բարեգործության թեմայով։ Հիմա ուզում եմ կիսվել իմ մտքերով՝ գործարարության մասին։

Ես կայացել եմ զրոյից՝ առանց որևէ ազդեցիկ բարեկամի, ժառանգված կապիտալի։ Սկսել եմ փոքր բիզնեսից, անցել եմ բոլոր դժվարությունների միջով։ Սա ասում եմ մեկ պարզ պատճառով. հայաստանյան գործարարության ամբողջ բովանդակությունը ես իմ մաշկի վրա գիտեմ։

Վստահաբար ասում եմ. գործարար խավը Հայաստանի Հանրապետության կայացման գործում, հաջողությունների և զարգացման գործում ունեցել է բացառիկ դերակատարում։

Անկախության հենց սկզբից՝ 90-ականների ահռելի դժվարությունների փուլից՝ շրջափակում, վտանգավոր ճանապարհներ, տնտեսական համակարգի փլուզում, ֆինանսական ճգնաժամ, պատերազմ, մեծապես մեր գործարարների տաղանդի, աշխատասիրության և հայրենասիրության շնորհիվ է, որ Հայաստանը դիմացավ փորձություններին ու բռնեց զարգացման ճանապարհը։

Մեր գործարարներն անհավանական հաջողությունների են հասնում աշխարհի տարբեր ծայրերում, վայելում հարգանք և հեղինակություն։

Բազմաթիվ անգամներ հրապարակային ասել եմ, որ Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է։ Որքան այս խավը պինդ լինի, ունենա զարգանալու հնարավորություն, այնքան մեր երկիրը ամուր կլինի։ Եվ պետության խնդիրն է՝ ճիշտ տնտեսական քաղաքականությամբ օգնել այս շերտին։

Ասել եմ նաև, որ բիզնեսի կայացումը կարող է տևել տարիներ, պահանջել երկար տարիների դժվար աշխատանք, բայց քանդվելը կարող է լինել ամիսների, եթե ոչ՝ շաբաթների հարց։

Առանձնահատուկ ուզում եմ խոսել դրսի, արտահանման շուկաների մասին։ Ժամանակակից աշխարհում ոչ ոք ոչ մեկին չի սպասում։ Շուկա գտնելը, հարմարվելը չափազանց բարդ խնդիր է։ Ապրանքի որակը, գինը անշուշտ կարևոր են, բայց կարևոր են նաև անձնական կապերը, վստահությունը, ձևավորված հարաբերությունները։

Հիմա մեր բազմաթիվ արտահանողներ կանգնած են լուրջ խնդիրների առաջ։ Մեծագույն սխալ է մտածելը, թե իբր հարցերը միևնույն է՝ մի օր կկարգավորվեն, ու հայ արտահանողները կվերադառնան իրենց ավանդական շուկաները։ Բիզնեսում ժամանակը կանգ չի առնում։

Զգուշացնում եմ՝ ամեն ինչ այդքան հեշտ չէ։ Շուկայում մեր տեղերն արդեն իսկ գրավում են ուրիշները։ Չեն էլ թաքցնում, դա անում են հրապարակայնորեն և ցուցադրաբար։ Բազմաթիվ հայկական ապրանքների տեղերում այսօր արդեն ադրբեջանական ապրանքներ են։ Այս պրոցեսի մասին դեռևս մեկ-երկու ամիս առաջ եմ ասել։

Չկան մշտական շուկաներ։ Այսպես շարունակվելու դեպքում, խնդիրները չկարգավորելու դեպքում վաղը հայկական կոնյակների, գինիների, օղիների , պանրի, ձկնեղենի, գյուղմթերքի, ծաղիկների, ցանկացած արտադրանքի տեղը վերցնելու են վրացական, ադրբեջանական, մոլդովական, ուզբեկական և այլ երկրների արտադրողները։ Սա կյանքն է, սա բիզնեսի դաժան օրենքն է։

Ու պետք է լավ պատկերացնել, որ սա միայն գործարարների խնդիրը չէ։ Սպառման շուկայի կորուստը կբերի ամբողջ ցիկլի խաթարմանը։ Բոլորը կզգան սրա հետևանքները։

Մենք իսկապես ունենք տաղանդավոր գործարար շերտ։ Ես միշտ մեծ ուրախությամբ շփվում եմ փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչների հետ։ Նրանց հոգսը, խնդիրները գիտեմ 100 տոկոսով։ Ինձ համար անասելի ցավ է այս շերտի դժվարությունները տեսնելը։ Ես տեսնում եմ խնդիրները, ու շատ հարցեր ինձ լրջորեն մտահոգում են։ Ես տեսնում եմ նաև լուծումները, որոնք թույլ կտան խուսափել վատագույնից։

Ես մի կողմ եմ դնում քաղաքական ենթատեքստերը։

Իմ մեջ խոսում է այն մարդը, որի հանդեպ կատարվում է ակնհայտ անարդարություն։ Ամբողջ կյանքիս ընթացքում իմ հայրենիքում իմ ստեղծածը, կառուցածը փորձում են ներկայացնել որպես անարդար ունեցվածք։ Ինչ սարքել եմ՝ սարքել են զրոյից, ինչը ձեռք եմ բերել՝ եղել է կիսավեր, կիսաքանդ, ու ես դրանք սարքել եմ ժամանակակից, ամենաբարձր ստանդարտի ձեռնարկություններ։ Փառք Աստծո, բոլոր փաստերը պահպանված են։ Բայց իմ մեջ հիմա խոսում է նաև զրոյից կայացած մարդը, որը սկզբում չուներ ոչինչ՝ բացի իր աշխատասիրությունից ու հավատից, և որն անցնելով շատ դժվար ճանապարհ՝ հասել է մեծ հաջողությունների։ Ես շատ լավ եմ հասկանում, թե ինչ են զգում այն արտահանողները, գործարարները, որոնց զրոյից սկսած, կյանքի ու մեծագույն ջանքի ներդրումով ստեղծած բիզնեսները հայտնվել են ոչնչացման վտանգի առջև։ Այս մարդկանց վրա է պահվում մեր պետությունը, այս մարդիկ մեր երկրի տնտեսական ողնաշարն են։ Նրանց շահը ամբողջ երկրի շահն է, նրանց վնասը բոլորիս վնասն է։ Այս գիտակցությամբ պիտի շարժվի պետությունը»,- նշել է նա։

Նմանատիպ նյութեր

Աղմուկից հետո՝ պարզաբանումներ․ իսկ ո՞վ է պատասխանատու

Աղմուկից հետո՝ պարզաբանումներ․ իսկ ո՞վ է պատասխանատու

Վերջին օրերին հանրային լայն դժգոհություն է առաջացել երկու դեպքի շուրջ։ Սեպտեմբերի 22-ին Երևանի քաղաքապետարանի կողմից 44-օրյա պատերազմում անմահացած հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարը հեռացվել էր Երևանի «Հաղթանակ» զբոսայգու գլխավոր մուտքի պատից, ինչից հետո սոցիալական...

«Հայաստան» խմբակցության ղեկավարն ու քարտուղարը ԱԺ-ում հյուրընկալել են IODA-ի ներկայացուցիչներին

«Հայաստան» խմբակցության ղեկավարն ու քարտուղարը ԱԺ-ում հյուրընկալել են IODA-ի ներկայացուցիչներին

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը և քարտուղար Արթուր Խաչատրյանը Ազգային ժողովում հյուրընկալել են «Հայաստանում Ժողովրդավարության միջազգային դիտարանի» (IODA) անկախ փաստահավաք առաքելության անդամների ներկայացուցիչներին: Հանդիպման ընթացքում ներկայացվել...

Ավտոմեքենաների ներմուծման պատրվակով 13 անձից 78 մլն դրամ է հափշտակվել

Ավտոմեքենաների ներմուծման պատրվակով 13 անձից 78 մլն դրամ է հափշտակվել

Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ավարտվել է ավտոմեքենաների ներմուծման պատրվակով խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը՝ մեկ անձի...

Կարևորը՝ ԵԽԽՎ զեկույցից

Կարևորը՝ ԵԽԽՎ զեկույցից

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը հրապարակել է Հայաստանի՝ 2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների դիտարկման վերջնական զեկույցը։ Թեև ԵԽԽՎ-ն ընտրությունների օրը ընդհանուր առմամբ գնահատել է որպես «խաղաղ, ներառական և տեխնիկապես լավ կազմակերպված»,...

Փաշինյանի՝ Սփյուռքի պառակտման փորձերը․ Հարություն Աղա-Սարգսյան

Փաշինյանի՝ Սփյուռքի պառակտման փորձերը․ Հարություն Աղա-Սարգսյան

Համահայկական ուսանողական ասոցիացիան ստեղծվել էր որպես ապաքաղաքական հովանոցային կառույց՝ միավորելու հայ ուսանողներին՝ անկախ նրանց քաղաքական հայացքներից։ Բայց սեպտեմբերի 24-ին Նյու Յորքում Նիկոլ Փաշինյանը հանդիպեց Ասոցիացիայի անդամ ուսանողների հետ և նրանց ներկայացրեց իր...