Աննկուն պիտի լինենք և միասնաբար համառ ու տևական ջանքեր ներդնենք, որ դադարեն անիրավությունները մեր երկրում․ Վեհափառ

7 Օգոստոսի, 2026

Միասնական աղոթք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական պատգամը Միածնաէջ Մայր Տաճարում.
Օգոստոսի 7-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Գերագույն հոգևոր խորհրդի անդամ վեց եպիսկոպոսների քրեական գործով դատական առաջին նիստից հետո Մայր Աթոռի միաբանությունը և ներկա հավատացյալ ժողովուրդը Միածնաէջ Մայր Տաճարում մասնակցեցին Երեկոյան ժամերգությանը, որից ավարտին Վեհափառ Հայրապետն իր օրհնությունն ու պատգամը հղեց ներկաներին։
Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ
ԽՈՍՔԸ ՄԱՅՐ ՏԱՃԱՐՈՒՄ ՀԱՄԱԽՄԲՎԱԾ ՀԱՅՈՐԴԻՆԵՐԻՆ
Սիրելի հավատավոր զավակներ Մեր,
Հայրապետական Մեր սերը, օրհնությունն ու գնահատանքն ենք բերում ձեզ, որ դատարանի շրջափակում Հայ Եկեղեցու դեմ մերժելի գործընթացների առնչությամբ ձեր ընդվզումն արտահայտելուց հետո այժմ, համախմբված Մայր Տաճարում, միասնական աղոթք բարձրացրեցինք առ Աստված մեր Սուրբ Եկեղեցու և ժողովրդի համար։
Հայոց Եկեղեցին յուրաքանչյուր հայի հոգևոր օրրանն ու սրբությունն է։ Մեր Սուրբ Եկեղեցին մեր ժողովրդի հավատքի անսասան ամրոցն է, առաջնորդողը դեպի Աստված ու փրկություն և աննահանջ պահապանը հայոց ինքնության ու ազգային-հոգևոր ժառանգության։
Մեր օրերում իշխանությունների և իշխանական կառույցների կողմից քայլեր են ձեռնարկվումԵկեղեցու հեղինակությունը վնասելու, ինքնավարությունը սահմանափակելու և Եկեղեցին իրենցկամքին հպատակեցնելու, ինչպես և քաղաքական ժամանակավոր նպատակահարմարությունների առջև ազգային ինքնության ընկալումը, նվիրական ու սրբազան խորհրդանիշներն ու հիշատակները ձևափոխելու։ Արդարև, Եկեղեցու ինքնավարությունը ազգի բարօրության, պետության հզորացման կարևոր գրավականներից մեկն է եղել բոլոր ժամանակներում։
Ցավով ենք անդրադառնում, որ մեր Սուրբ Եկեղեցին ու հոգևորականները իշխանությունների կողմից ենթարկվում են հետապնդումների։ Ապօրինի և շինծու քրեական գործերով կալանք ու ազատության սահմանափակումներ են կիրառվել մի շարք եկեղեցականների, ազգային բարերարի և ազգանվեր ու եկեղեցասեր այլ անձանց նկատմամբ։ Քիչ առաջ վերադարձանք անհիմն և հանիրավի մեղադրանքներով նաև Մեր և Գերագույն հոգևոր խորհրդի անդամ երկու արքեպիսկոպոսի ու չորս եպիսկոպոսի դեմ հարուցված դատավարության առաջին նիստից, որը չկայացավ դատավորի կողմից ինքաբացարկ հայտնելու պատճառով։
Մենք լի ենք հավատով և վճռականությամբ, սիրելիներ, պաշտպանելու Մեր արդար իրավունքները՝ երաշխավորված ինչպես մեր պետության սահմանադրությամբ, այնպես և միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներով։
Այս գիտակցությամբ և պատասխանատվությամբ, առ ազգն ու հայրենին սիրով Մենք շարունակելու ենք Մեր տերունապատվեր առաքելությունը՝ հակառակ բոլոր դժվարությունների և արգելքների, քանզի, ինչպես սաղմոսերգուն է ասում, «Աստված ապավենն ու զորությունն է մեր, և մեր օգնականը մեզ հասած խիստ նեղությունների մեջ» (Սաղմ. 45.2)։ Անտարակույս, Մեր ապավինությունն Աստված է, և Մեր ծառայությունը բարեպաշտ աշխարհասփյուռ մեր ժողովրդի և հարազատ երկրի համար է։
Սիրելի հավատավոր հայորդիներ, աղոթական համախմբումի այս պահին Հայրական սիրով Մեր գնահատանքն ենք բերում ձեզ և եկեղեցասեր Մեր բոլոր զավակներին ի Հայաստան և ի սփյուռս, ազգային ու հասարակական կազմակերպություններին, փաստաբաններին,գիտական, կրթական, մշակութային, քաղաքական գործիչներին, որոնք առկա բարդ պայմաններում հաստատակամությամբ ու նախանձախնդրությամբ զորակցում են Մայր Եկեղեցուն և նրա ազգօգուտ առաքելությանը։
Աննկուն պիտի լինենք և միասնաբար համառ ու տևական ջանքեր ներդնենք, որ դադարեն անիրավությունները մեր երկրում, խտրականությունն ու անհանդուրժողականությունը, տարածում չգտնենչարակամության ու ատելության խոսույթները։Մենք պիտի համառ ու տևական ջանքեր ներդնենք, որպեսզի հայրենական ու ազգային մեր անդաստանը նորոգվի եղբայրասիրությամբ ու համերաշխությամբ, և մեր կյանքում գերակայեն ճշմարտությունը, օրինականությունն ու արդարությունը, հարգվեն Եկեղեցու դարավոր կարգերն ու ավանդույթները, որ չվիրավորվեն հավատացյալների բարեպաշտական զգացումները։
Հայրապետիս հորդորն է ամենքիդ՝ լինել սթափ և խոհեմ, չտրվել սադրանքների, նենգամիտ խարդավանքների, ամուր մնալ հավատով ու հույսով, քանզի Աստված բոլոր չարամիտ իրողություններից ու փորձություններից բարիքներ է վեր հանում իր Սուրբ Եկեղեցու և հավատացյալ ժողովրդի համար։ Նեղությունների մեջ է նաև զորանում մեր հավատքը, դրսևորվում հաստատուն նվիրումը Աստծուն, հայրենիքին և Եկեղեցուն, անխախտ հավատարմությունը՝ ազգային-հոգևոր մեր սրբազան արժեքներին։ Արտաքին և ներքին սպառնալիքների հանդիման ամրապնդենք մեր ազգային միաբանությունը, արդյունավորենք մեր ընթացքը հայրենանվեր ու ազգաշահ գործերով և ըստ առաքյալի պատգամի՝ զորանանք Տիրոջով և Նրա զորության կարողությամբ (Եփ. 6.10):
Հավատում ենք, որ մեր Սուրբ Եկեղեցին Աստծո ողորմությամբ և մեր ժողովրդի անսակարկ նվիրումով ու սիրով պիտի հաղթահարի այս նեղությունները նույնպես և նոր հաջողություններ ամրագրի իր առաքելության ճանապարհին՝ ի բարօրություն և ի պայծառություն համայն հայոց կյանքի։
Մեր հայացքն ուղղված է Աստծուն և Մեր ջանքերը՝ հայրենիքի շինությանն ու մեր ժողովրդի սպասավորությանը։ Թող Աստված օրհնի հայոց պետությունը, անվրդով ու խաղաղ պահի մեր ժողովրդին ի հայրենիս և ի սփյուռս այսօր և միշտ և հավիտյան։
Շնորհք, սէր և խաղաղութիւն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եղիցին ընդ ձեզ և ընդ ամենեսեան. ամէն։

Նմանատիպ նյութեր

«Պիտի պահենք ու պահպանենք Էջմիածինը»․ Ավետիք Իսահակյանի պատգամը

«Պիտի պահենք ու պահպանենք Էջմիածինը»․ Ավետիք Իսահակյանի պատգամը

Զաքարիա սրբազանը, ամփոփելով օրը, գրառում է կատարել, ներկայացնելով Ավետիք Իսահակյանի 1956 թ․ հունիսի 23-ին՝ Կաթուղիկե Ս․ Էջմիածնի տոնին ասված խոսքից մեկ հատված․ «Ես սիրում եմ Էջմիածինը և պաշտել եմ Էջմիածինը, և քանի ողջ եմ, նույնը իմ հոգու մեջ պիտի կատարվի, և ամեն մի...

Թուրքիան, Սաուդյան Արաբիան ու Պակիստանը կնքել են համատեղ պաշտպանության համաձայնագիր․ քաղաքագետ

Թուրքիան, Սաուդյան Արաբիան ու Պակիստանը կնքել են համատեղ պաշտպանության համաձայնագիր․ քաղաքագետ

Թուրքիան, Սաուդյան Արաբիան ու Պակիստանը կնքել են համատեղ պաշտպանության համաձայնագիր։ Երեքից որեւէ մեկի վրա հաձակումը դիտարկվելու է հարձակում երեքի վրա։ Այս մասին գրել է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը։ «Սա էական զարգացում է, որը վերաբերելի է թերևս ոչ միայն Ծոցի...

Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը մտահոգություն է հայտնել ՀԱ Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ

Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը մտահոգություն է հայտնել ՀԱ Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ

Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը խոր մտահոգություն է հայտնել Հայաստանում Հայ Առաքելական եկեղեցու շուրջ տեղի ունեցող զարգացումների կապակցությամբ։ Կազմակերպության գլխավոր քարտուղար վերապատվելի պրոֆեսոր Ջերի Փիլեյի հայտարարության մեջ նշվում է, որ մտահոգության պատճառ...

Տարածաշրջանային անվտանգության հարցերը պետք է լուծվեն հենց տարածաշրջանի երկրների մասնակցությամբ․ Ղարիբաբադի

Տարածաշրջանային անվտանգության հարցերը պետք է լուծվեն հենց տարածաշրջանի երկրների մասնակցությամբ․ Ղարիբաբադի

Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին հայտարարել է, որ տարածաշրջանային անվտանգության հարցերը պետք է լուծվեն հենց տարածաշրջանի երկրների մասնակցությամբ՝ առանց արտաքին ուժերի միջամտության։ Ինչպես հաղորդում է Al Jazeera-ն՝ հղում անելով Իրանի պետական IRNA լրատվական...

Մասկը հրաժարվում է թույլ տալ Կիևին օգտագործել Starlink-ը՝ Ռուսաստանին հարվածելու համար

Մասկը հրաժարվում է թույլ տալ Կիևին օգտագործել Starlink-ը՝ Ռուսաստանին հարվածելու համար

SpaceX-ի սեփականատեր Իլոն Մասկը հրաժարվել է թույլ տալ Կիևին օգտագործել Starlink-ը՝ Ռուսաստանի խորքը հարվածներ հասցնելու համար, հաղորդում է The Atlantic-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ «Այս պահին դրական որոշում չկա, Մասկը շարունակում է կրկնել, որ ժամանակն է գործարք...