Դամասկոսի, Իրաքի և Քյոլնի սրբազան հայրերը կոչ են անում դադարեցնել Եկեղեցու նկատմամբ ճնշումները․ հայտարարություն

6 Օգոստոսի, 2026

Դամասկոսի առաջնորդ Հայր Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանը իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է իր, Իրաքի և Քյոլնի սրբազան հայրերի համատեղ հայտարարությունը.

«Մենք` Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ներքոստորագրյալ եպիսկոպոսներս, խոր մտահոգությամբ տեղեկացանք, որ 2026 թվականի օգոստոսի 7-ին նախատեսված է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի եւ Գերագույն Հոգեւոր Խորհրդի անդամ վեց եպիսկոպոսների նկատմամբ հարուցված քրեական վարույթի դատական քննությունը։

Այս դատավարությունը, մեր համոզմամբ, ոչ միայն ցավ եւ մտահոգություն է առաջացնում Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու հետեւորդների շրջանում, այլեւ լուրջ հարցադրումներ կարող է առաջացնել բոլոր նրանց շրջանում, ովքեր կարեւորում են կրոնական ազատությունը, իրավունքի գերակայությունը եւ ժողովրդավարական պետության հիմնարար սկզբունքները։

Հայաստանյայց Առաքելական մեր Սուրբ Եկեղեցին դարեր շարունակ եղել է եւ շարունակում է մնալ հայ ժողովրդի հոգեւոր ու ազգային ինքնության կարեւորագույն հենասյուներից մեկը։ Մեր Եկեղեցին, ի գլուխ ունենալով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, իր առաքելությունն իրականացրել եւ իրականացնում է ժողովրդի ու պետության բարօրությանը ծառայելու բարձր գիտակցությամբ։ Այդ իսկ պատճառով Եկեղեցու բարձրագույն հոգեւոր իշխանության նկատմամբ իրականացվող ցանկացած իրավական գործընթաց պետք է լինի առավելագույնս զգուշավոր, բացառիկ հիմնավորված եւ լիովին համապատասխանի ինչպես Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, այնպես էլ միջազգային իրավունքի չափանիշներին։

Մինչդեռ ներկա իրավիճակը լուրջ հարցադրումներ է առաջացնում ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված խղճի եւ կրոնի ազատության, պետության եւ եկեղեցու տարանջատման սկզբունքի, Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու ներքին ինքնավարության եւ նրա առաջնորդի իրավասություններին առնչվող հիմնարար սկզբունքների պահպանման առնչությամբ։ Այս իրավիճակը խաթարում է մեր Եկեղեցու բնականոն գործունեությունը։

Միաժամանակ մենք գիտակցում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում վերջին տարիներին պետություն-եկեղեցի հարաբերություններում ձեւավորվել են լարվածություն, փոխադարձ անվստահություն եւ առաջացել բազմաթիվ այլ խնդիրներ։ Մենք համոզված ենք, որ նման բարդ ու զգայուն հարցերը չեն կարող ստանալ իրենց արդար ու կայուն լուծումը իրավական ճնշումների, քրեական հետապնդումների, սուր առճակատման կամ Եկեղեցու ներքին կյանքին միջամտության միջոցով։ Նման գործընթացները վտանգում են հասարակության ներքին համերաշխությունը, խորացնում պառակտումը եւ կարող են վնասել պետության ժողովրդավարական հեղինակությանը, ինչպես նաեւ Հայաստանի միջազգային վարկանիշին՝ որպես մարդու իրավունքներն ու կրոնական ազատությունները հարգող պետության։

Մենք վստահ ենք, որ իշխանության եւ եկեղեցու միջեւ առկա բոլոր տարաձայնությունները պետք է կարգավորվեն սահմանադրական սկզբունքների պահպանման եւ օրենքի գերակայության, փոխադարձ հարգանքի, ինչպես նաեւ առողջ ու կառուցողական երկխոսության ճանապարհով։

Հետեւաբար կոչ ենք անում Հայաստանի Հանրապետության իշխանություններին` առաջնորդվել բացառապես օրինականության սկզբունքներով՝ ձեռնպահ մնալով այնպիսի քայլերից, որոնք կարող են խորացնել հասարակական բաժանումները կամ վտանգել երկրի հոգեւոր ու հասարակական կայունությունը։

Միաժամանակ դիմում ենք մեր քույր եկեղեցիներին, միջեկեղեցական կազմակերպություններին, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում գործող կառույցներին՝ ուշադրությամբ հետեւելու ընթացող զարգացումներին եւ իրենց աղոթքով ու բարոյական աջակցությամբ նպաստելու առողջ երկխոսության ու փոխըմբռնման ձեւավորմանը։

Աղոթում ենք, որ Ամենակալ Աստված իմաստություն ու խոհեմություն պարգեւի բոլոր պատասխանատուներին, որպեսզի ստեղծված ծանր իրավիճակը հաղթահարվի բարվոք ճանապարհով՝ ի շահ Հայաստանի Հանրապետության, Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու եւ մեր ժողովրդի ապահով ու անվտանգ ներկայի ու ապագայի»։

 

Նմանատիպ նյութեր

Դատախազներ են պարգևատրվել․ ի՞նչ պաշտոններ են զբաղեցնում նրանք

Դատախազներ են պարգևատրվել․ ի՞նչ պաշտոններ են զբաղեցնում նրանք

Մխիթար Գոշի մեդալով են պարգևատրվել ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության պետ Կորյուն Վարդանի Սերոբյանը և ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության...

Միածնաէջ Մայր Տաճարում կատարվեց Հանրապետական մաղթանք․ Մայր Աթոռ

Միածնաէջ Մայր Տաճարում կատարվեց Հանրապետական մաղթանք․ Մայր Աթոռ

Սեպտեմբերի 21-ին, Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առիթով, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, Միածնաէջ Մայր Տաճարում կատարվեց Հանրապետական մաղթանք: Այս մասին հայտնում են Մայր Աթոռից։ Հոգևորականաց դասը...

Իրանի հետ հակամարտությունում ժամանակն աշխատում է ամերիկյան կողմի օգտին․ Մայք Ուոլթց

Իրանի հետ հակամարտությունում ժամանակն աշխատում է ամերիկյան կողմի օգտին․ Մայք Ուոլթց

Իրանի հետ հակամարտությունում ժամանակն աշխատում է ամերիկյան կողմի օգտին: Այս կարծիքն է հայտնել ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ​​ներկայացուցիչ Մայք Ուոլթցը, հաղորդում է ՏԱՍՍ-ը: «Ես իսկապես այդպես եմ կարծում», - ասել է նա՝ պատասխանելով համապատասխան հարցին Նյու Վիորքում Al-Monitor...

Անկախությունը մեզ վստահված մեծ պատասխանատվություն է․ Խորեն սրբազան

Անկախությունը մեզ վստահված մեծ պատասխանատվություն է․ Խորեն սրբազան

Հունահայոց թեմի առաջնորդ Խորեն եպիսկոպոս Առաքելյանն ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության Անկախության 35-րդ տարեդարձի առթիվ։ «Հայաստանի Հանրապետության Անկախության 35-րդ տարեդարձի առիթով իմ օրհնությունն ու աղոթքն եմ հղում հավատացյալ մեր քույրերին և եղբայրներին՝...

Մերցի իշխանությունը հայտնվել է երերուն վիճակում. Bloomberg

Մերցի իշխանությունը հայտնվել է երերուն վիճակում. Bloomberg

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի իշխանությունը հայտնվել է երերուն վիճակում. Մեկլենբուրգ-Առաջավոր Պոմերանիայի ընտրություններում Քրիստոնեա-դեմոկրատական միության (ՔԴՄ) կրած պատմական պարտությունից հետո նա ստիպված է պայքարել պաշտոնը պահպանելու համար: Կուսակցությունն առաջին...