Արտյոմ Մեհրաբյանի կարճատև պատգամավորությունն ու հայտարարագրերի խճանկարը․ «Ժողովուրդ»

4 Օգոստոսի, 2026

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Խորհրդարանական վերջին զարգացումների ֆոնին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Արտյոմ Մեհրաբյանի համար պատգամավոր լինելը շատ կարճ տևեց։ Նա չկա նոր խորհրդարանում, սակայն նրա պաշտոնավարման ընթացքն ու ներկայացրած հայտարարագրերը բավականին ուշագրավ պատկեր են ստեղծում։

«Ժողովուրդ» օրաթերթը ցանկացել է պարզել, թե ով էր, ի վերջո, ՔՊ-ական այս պատգամավորը, և ինչ ունեցվածքով նա հեռացավ քաղաքական ասպարեզից՝ ուսումնասիրելով նրա անցած ուղին ու ֆինանսական միջոցների շարժը պաշտոնը ստանձնելիս և հեռանալիս։

Ունեցվածքը մինչև խորհրդարան գալը և 130 մլն դրամի առեղծվածը

Արտյոմ Մեհրաբյանը, ով «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախկին փոխնախագահ, վաղամեռիկ Ղուկաս Մեհրաբյանի որդին է, մինչև խորհրդարան հասնելը զբաղեցրել է մի շարք առանցքային պաշտոններ։ 2019 թվականին նա Աջափնյակ վարչական շրջանի աշխատակազմի քարտուղարն էր, ապա՝ Չարենցավանի հաստոցաշինական գործարանի տնօրենը, իսկ 2022-2024 թվականներին ղեկավարում էր ԲՏԱ նախարարության Ռազմարդյունաբերության կոմիտեն։

ԱԺ է եկել 2025 թվականի ապրիլին։

Դեռևս 2024 թվականին ArmLur.am-ը և «Ժողովուրդ» օրաթերթը գրել էին, որ, երբ վարչապետի որոշմամբ Մեհրաբյանն ազատվեց Կոմիտեի նախագահի պաշտոնից, նրա ունեցվածքի պատկերը բավականին տպավորիչ էր։ Այդ տարվա հայտարարագրով նա ուներ մեկ բնակարան Երևանում, որևէ տրանսպորտային միջոց չէր հայտարարագրել, սակայն նրա բանկային հաշիվների մնացորդները կազմում էին ռեկորդային 130 միլիոն դրամ, իսկ կանխիկ միջոցները՝ 10 միլիոն դրամ։

Այն ժամանակ նրա հաշվետու տարվա եկամուտները գերազանցել էին 16.3 միլիոն դրամը, իսկ հիփոթեքային վարկի մայր գումարի մնացորդը՝ 45.4 միլիոն դրամ էր, որի մարման նպատակով Ֆինանսների նախարարությունից ստացել էր ավելի քան 2.2 միլիոն դրամ եկամտահարկի վերադարձ։ Դեռ այն ժամանակ մենք հիշեցրել էինք իշխանությունների՝ խնամի-ծանոթ-բարեկամ հանգույցը մերժելու խոստումների մասին, քանի որ Մեհրաբյանի կինը՝ Աննա Բալայանը, որպես ընդհանուր բաժնի ղեկավար, աշխատում էր այն նույն Աջափնյակի թաղապետարանում, որտեղից սկսվել էր ամուսնու վերելքը՝ ընդգծելով, որ հենց այս տեսքն ունի իշխանության կողմից սիրված «պոզով և պոչով» կոռուպցիան։

Պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը. անհետացած միլիոններն ու խոշոր փոխառությունը

Արդեն 2025 թվականի ապրիլի 9-ին Մեհրաբյանը խորհրդարան մտավ՝ ստանձնելով ԱԺ պատգամավորի լիազորությունները։ Ուսումնասիրելով պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ նրա ներկայացրած հայտարարագիրը՝ նկատում ենք հետաքրքիր փոխակերպումներ. նախկին 130 միլիոն դրամ բանկային մնացորդն անհետացել էր։ Փոխարենը պատգամավորը հայտարարագրել էր ընդամենը 1.48 միլիոն դրամ բանկային հաշվին և 7.5 միլիոն դրամ կանխիկ գումար։

Բանկային խոշոր միջոցների փոխարեն ի հայտ էր եկել խոշոր փոխառություն. Մեհրաբյանը զրո տոկոսադրույքով 54.8 միլիոն դրամ էր տրամադրել «Ռատկո» ՍՊԸ-ին։ Մինչև մանդատ ստանձնելը նրա եկամուտը կազմել էր շուրջ 6.3 միլիոն դրամ, որը գոյացել էր վարկից և երկու՝ «ԴԻԱՅԷՍ» ու «ՄԱՐՔՍ-ՄԱՆ» ընկերություններում աշխատանքի վարձատրությունից։ Զուգահեռաբար, նրա կինը հասցրել էր մասնակցություն ձեռք բերել բիզնեսում՝ դառնալով «ԴԻԱՅԷՍ»-ի 66 տոկոսի և «ԷՅ ԷՍ ՊԻ ՎԻ» ընկերության 50 տոկոսի սեփականատերն ու տնօրենը։

2025 թվականի տարեկան պատկերը. աճած կանխիկն ու ընտանիքի բիզնես շահերը

Պատգամավորական մանդատի այս կարճատև ժամանակահատվածն ամփոփող՝ 2025 թվականի տարեկան հայտարարագիրը լրացնում է նրա ունեցվածքի ընդհանուր խճանկարը։ Տարեվերջին «Ռատկո» ՍՊԸ-ին տրամադրված փոխառությունը նվազել է՝ հասնելով 46.5 միլիոն դրամի։ Չնայած բանկային հաշիվների մնացորդը կազմել է ընդամենը 221 հազար դրամ, նրա կանխիկ միջոցները կրկին աճել են՝ հասնելով 10 միլիոն 85 հազար դրամի։

Տարվա ընթացքում Մեհրաբյանի ընդհանուր եկամուտը կազմել է ավելի քան 15.3 միլիոն դրամ, որի հիմնական աղբյուրն Ազգային ժողովի վճարած 10.2 միլիոն դրամ աշխատավարձն է եղել, և ՊԵԿ-ից եկամտային հարկի վերադարձը՝ շուրջ 2.6 միլիոն դրամի չափով։ Միաժամանակ, նրա վարկային պարտավորությունները դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել են շուրջ 49.7 միլիոն դրամ, որից հիփոթեքը կազմում է 42.7 միլիոն դրամ, իսկ մնացածը՝ այլ վարկ է։ Նա նաև 3 միլիոն դրամ է ծախսել անշարժ գույքի վերանորոգման վրա և ևս 7.7 միլիոն ուղղել վարկերի մարմանը։

Այսպիսով, վարչական շրջանի ապարատից մինչև ռազմարդյունաբերության ոլորտի ղեկավար, ապա՝ ՔՊ-ական պատգամավոր դարձած Արտյոմ Մեհրաբյանի քաղաքական կարիերան գուցե խիստ կարճատև ստացվեց, սակայն պաշտոնական այս վայրիվերումների ընթացքում նրա և նրա ընտանիքի բիզնես շահերի, տասնյակ միլիոնների հասնող փոխառությունների և եկամուտների շարժը խոսուն փաստեր են թողնում նախկին պաշտոնյայի ֆինանսական գործունեության մասին։ Հետաքրքիր է նաև այն ուշագրավ հանգամանքը, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի (ԿԿՀ) կայքում մենք գտանք միայն նրա՝ 2025 թվականի պաշտոնը ստանձնելու և տարեկան հայտարարագրերը, իսկ նախորդ տարիների հայտարարագրերն այնտեղ պարզապես չկան»։

Նմանատիպ նյութեր

Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են «Kia»-ն և «ՎԱԶ 21703»-ը

Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են «Kia»-ն և «ՎԱԶ 21703»-ը

Այսօր խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում։ Ժամը 16:00-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 15 կմ հատվածում բախվել են ռուսական համարանիշներով «Kia»-ն և «ՎԱԶ 21703»-ը։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են...

Հորմուզի նեղուցի վերաբացման շուրջ բանակցություններում առաջընթաց է գրանցվել, սակայն դեռ վերջնական համաձայնության չենք հասել․ Ռուբիո

Հորմուզի նեղուցի վերաբացման շուրջ բանակցություններում առաջընթաց է գրանցվել, սակայն դեռ վերջնական համաձայնության չենք հասել․ Ռուբիո

Հորմուզի նեղուցի վերաբացման շուրջ բանակցություններում առաջընթաց է գրանցվել, սակայն դեռևս վերջնական համաձայնության չենք հասել։ Այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք հույս ունենք, որ համաձայնագիրը շատ շուտով կյանքի կկոչվի։ Նեղուցներով նավեր են...

Ես կեղտ եմ համարում այն մարդկանց, ովքեր սուտ են խոսում, զրպարտում են․ Լևոն Քոչարյան

  «Այն ոստիկանը, ով քաղաքացուն՝ բացարձակապես ոչինչ չանելու, նույնիսկ հետը առանց մի բառ խոսելու, կսկսի հարվածել, իմ համար դադարում է կրել այն պատիվը, որը պիտի ունենա ոստիկանի համազգեստ կրողը։ Ինքը կեղտ է իմ համար։ Ավելին ասեմ, ու խոսքը...

Եթե Զանգեզուրի միջանցքը բացվի, Ստամբուլից Բաքու հնարավոր կլինի հասնել ավտոմեքենայով կամ գնացքով․ Հաջիև

Եթե Զանգեզուրի միջանցքը բացվի, Ստամբուլից Բաքու հնարավոր կլինի հասնել ավտոմեքենայով կամ գնացքով․ Հաջիև

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը CNN Turk-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացումը նոր տրանսպորտային հնարավորություններ կստեղծի Թուրքիայի և Ադրբեջանի համար։ Նրա խոսքով՝ Ադրբեջանն գրեթե ավարտել է տրանսպորտային...