Կառավարության այսօրվա՝ հուլիսի 30-ի նիստը բավականին երկար-բարակ, անլուրջ խոսակցություններով մի բան էր․ դե հասկանալի է՝ մարդամեկը նոր էր վերադարձել արձակուրդից, լիքը անիմաստ մտքեր էին հավաքվել, պետք է կիսվեր կառավարության անդամների հետ։ Ովքեր չեն դիտել նիստը, բայց ուզում են իմանալ, թե կողմնացույցը քանի կողմ ունի, թե ֆլեյտա նվագողները կարո՞ղ են գողական գնալ, թող դիտեն ու այդ հարցերի պատասխանը լսեն թիվ 1 հեծանիվ քշողից։ Բայց հենց այդ ամբաղ-զամբաղ խոսակցությունները ծածկեցին այն անիմաստ միլիոնավոր դոլարները, որոնք հենց այսօր ՔՊ-ական կառավարությունը վատնեց պետական բյուջեից։
Այսօր բազմաթիվ որոշումներով փողեր դուրս գրվեցին պետբյուջեից։ Այդ որոշումներից մեկով որոշվեց հարկատուների միջոցներից 450 մլն դրամ, այսինքն՝ ավելի քան 1 մլն 200 հազար դոլար տալ այն ձկնարդյունահանող տնտեսություններին, որոնց արտադրանքը ՌԴ-ն արգելափակել է։ Հանրապետությունում տարեկան արտադրվում է շուրջ 24 հազար տոննա ձուկ, 40 տոկոսն արտահանվում է, հիմնականում՝ ՌԴ։ Հիմա չի արտահանվում, տնտեսությունները ճգնաժամի մեջ են։ Ու կառավարությունը որոշեց փոխհատուցել ձկան կերի 20 տոկոսը։ Գումարը կտան պետբյուջեի ծախսերի վերաբաշխման արդյունքում։ Այսինքն՝ ինչ-որ ծրագրեր կիսատ կանեն, չեն անի, դրա փոխարեն կփոխհատուցեն Նիկոլի բերած վնասների մի չնչին մասը։ Պետական բյուջեից գումար է տրվում Նիկոլի փչացրած հարաբերությունների վնասները մեղմելու համար։
Հա, բայց մարդամեկը չի ընդունում, որ մեղավորն ինքն է, ըստ իրեն՝ մեղավորը ձուկ արտադրողներն են, որովհետև հայկական ձուկը լավը չէ, ըստ իրեն։ Դե ասում է՝ վաղուց ես էդ աճեցրած ձուկը չեմ ուտում, որովհետև ակնհայտ խնդիր կա, ինչ-որ ճարպեր են հոսում և այլն։ Նախ մենք իմացանք, որ կա ինչ-որ բան, որը դա չի ուտում։ Մեղադրում է ձուկ արտադրողներին, թե՝ ջուրը վատնում են, ձուկը լավը չէ, հետն էլ ընդամենը տարեկան 2,5 մլրդ դրամ են հարկ մուծում։ Ստացվում է, որ հայ-ռուսական հարաբերությունները փչացել են ձուկ արտադրողները․ ձուկն արգելել են ոչ թե Նիկոլի պատճառով, այլ որովհետև վատն է։ Ասում էր, չէ՞, աղքատությունը ձեր գլխում է, հիմա սա դրա երկրորդ սերիան է՝ «խեղճ հարիֆն ի՞նչ մեղք ունի, դուք եք վատը արտադրում»։ Ու քանի որ ինքը ո՛չ կարողանում է հարաբերություն կարգավորել, ո՛չ կարողանում է շուկա ստեղծել, ուրեմն կփակվեն Հայաստանի ձկնաբուծարանները՝ վատը լինելու հիմնավորմամբ։ Որովհետև ստացվում է՝ շատ էլ լավ է անում ՌԴ-ն, որ արգելել է հայկական ձուկը։
Այդ մարդը, որը, ժողովուրդ ջան, ի պաշտոնե պետք է լիներ հարց լուծող, դարձել է մեղադրյալ նշանակող ու մեղադրանք առաջադրող։ Հա, բայց Ռուսաստանը մենակ ձուկը չի արգելել․ իսկ կարո՞ղ է ծիրանն էլ ենք վատ մշակում, ու Ռուսաստանը ճիշտ է արել, որ արգելել է, եկեք ծառերը կտրենք։ Ելակների շիթիլները հանենեք-թափենք։ Փաստորեն, էն որ ռուսական շուկան փակ է, իսկ եվրոպականը չի բացվում մեր առաջ, մեղավորը արտադրողներն են։ Ուղղակի Ռուսաստանի հետ հարաբերությունների փչացնելը համընկել է ծիրանի վատ ստանդարտներով արտադրելուն։ Ձեր բխնդալն էլ է, չէ՞, գալիս։
Կառավարության այսօրվա մեկ այլ որոշմամբ՝ 1 մլրդ 711 մլն դրամ (ավելի քան 4,5 մլն դոլար) հատկացվեց Հայաստանից արտահանվող առանձին ապրանքների համար տնտեսվարողներին փոխհատուցում տրամադրելուն՝ ելակի, լոլիկի, պղպեղի և այլ ապրանքատեսակների համար։ Ցանկը կշատանա, քանի որ արդեն այն սեզոնն է, որ ավելի շատ պտուղ-բանջարեղեն է սկսում աճել, որոնց ներկրումը Ռուսաստանն արգելել է։ Այսինքն, այս երկու որոշումներով 5,8 մլն դոլար մեր գումարներից քամուն է տրվում Նիկոլի արկածախնդրության պատճառով։
Հայկական արտադրանքը լավն էր, վատն էր, ինչ որ էր, արտահանվում էր, մրցակցության մեջ էր ու հաղթում էր, ինչո՞ւ հերն անիծեցիք։ Էսօր ասում է՝ տնտեսությունը շարունակում է անշեղորեն աճել, ու ինչքան որ տնտեսությունն է աճել, հենց այդքան անկում է ապրել գյուղատնտեսությունը։ Ախր մենակ գյուղարտադրանքը չէ, վաղը դեռ շատ արտադրանքի վրա է Ռուսաստանն արգելանք դնելու, ու բոլոր պարագաներում մարդամեկը ասելու է՝ ճիշտ են արել, մեր արտադրանքը վատն է։ Դե բա եթե մեր ամեն ինչը վատն է, ու դու չես կարողանում կարգավորել, ինչո՞ւ եք այդտեղ թիմով վեր ընկած արդեն 8 տարի։
Կրկնում եմ, ՀՀ պետական բյուջեն մսխվում է Նիկոլի արկածախնդրությունների պատճառով, բայց ոչ միայն դրա, նաև՝ փառասիրության պատճառով։ Օրինակ՝ այս նիստում մեկ այլ որոշմամբ էլ մոտ կես միլիոն դոլար հատկացվեց ինչ-որ «Վարչաֆեստ – 2026» երաժշտական մրցույթ-փառատոնի համար։ Սևանա լճի ափին կհավաքվեն։ Նիկոլի անվան գավաթ կա, հեծանվավազք կա, վարչաբենդ կա, էլ եսիմինչեր կան, վարչաֆեստ չկա, էլ ո՞նց կլինի։ Պետական բյուջեից կես միլիոն դոլար տալիս են, որ դրա անունով մի հատ էլ «Վարչաֆեստ» լինի։
Սա էլ դեռ ամենը չէ։ Մեկ այլ որոշմամբ էլ 24 մլն դրամ հատկացվեց «Սևանի շուրջ» սիրողական հեծանվային արշավի կազմակերպման համար՝ Նիկոլի հովանու ներքո։ Այդ մարդու «հովանին» շարունակում է քամել պետական բյուջեն, ժողովուրդ ջան։ Ինձ հետաքրքիր է՝ ինքը իր անձնական միջոցներից գումար ծախսե՞լ է իր անունով որևէ բանի վրա։ Բայց հարկատուների փողերը նշանակել է ավելորդ ու անիմաստ ծախսերի կաթսա։
Մեկ այլ որոշմամբ 1,5 մլրդ դրամ դուրս գրվեց (ավելի քան 4 մլն դոլար)՝ միջազգային դատարաններում, միջազգային արբիտրաժներում և այլ միջազգային ատյաններում ՀՀ շահերի ներկայացման, պաշտպանության վրա։ Խլում են բիզնեսներ, կայացնում են անարդար որոշումներ, անարդար դատական ակտեր, իսկ ինչպես ասում են՝ ջարմեն պետք է քաշի հերոս հարկատուն։
Ժողովուրդ ջան, ՔՊ-ական կառավարության միայն այսօրվա՝ հուլիսի 30-ի նիստը հարկատուների վրա արժեցել է 10 մլն դոլար։ Այնտեղ կային էլի գումարի դուրս գրման հարցեր, բայց չուսումնասիրեցի ժամանակի սղության պատճառով։ Մեկ նիստում այսքան անիմաստ ծախսեր․ հիմնականում՝ չզեկուցվող հարցերով միլիոնավոր դոլարներ են դուրս գրվում, հանրությունից թաքուն։ Ճանկերը սրել, ընկել են բյուջեի վրա․ 50 մլն՝ նորաձևության ինչ-որ շաբաթ, կես միլիոն դոլար՝ Վարդավառ նշելու համար․ էն որ Վարդավառին ավանդաբար ջուր ենք լցնում իրար վրա, կառավարությունը ասել ա՝ ես էլ գամ խառնվեմ, ու բյուջեից դուրս է գրել կես միլիոն դոլար, 680 հազար դոլար՝ ինչ-որ բալետի մրցումի համար, 1,8 մլն դոլար՝ գինու համտեսի համար, ու այսպես շարունակ։ Սրանք գումար վատնող հսկայական ապարատ են։
Կարճ ասած՝ էս փողերը կարող էին դառնալ աշխատատեղ, բարձրացված թոշակ, բարձրացված նվազագույն աշխատավարձ, նոր դպրոց, մի գործարան, բայց չէ, զոհ են գնում թալանին․ որովհետև հենց սա ի՞նչ է, եթե ոչ ժողովրդի թալան, ծախսեր, որոնք չեն տալիս որևէ արդյունք։ Միայն այսօր՝ Նիկոլի բերած վնասների վրա ծախսվեց մի քանի միլիոն դոլար․ դա միայն մեկ օրվա դուրս գրածներն են։ Իսկ նա սխալ որոշումների չեմպիոն է։
Այդ մարդը ծանր բեռ է ոչ միայն երկրի, իր թիմի, մեր ժողովրդի, այլև մեր պետական միջոցների վրա։
Սևակ Հակոբյան






