Ադրբեջանի ճնշումից հետո Քնեսեթում չի քննարկվել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը. ԶԼՄ

20 Հուլիսի, 2026

Իսրայելի կառավարության կողմից անցյալ ամիս հաստատված՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու որոշումը Քնեսեթում քվեարկության չի դրվել՝ վարչապետ Նեթանյահուի վրա Ադրբեջանի ճնշման պատճառով, հայտնում իսրայելական Haaretz-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Ըստ Haaretz-ի, Նեթանյահուն արգելափակել է արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարի կողմից առաջարկված քվեարկությունը, երբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խորհրդական Հիքմեթ Հաջիևը կապ է հաստատել վարչապետի գրասենյակի հետ, գրում է «Ազատություն»-ը։

Haaretz-ը տեղեկացել է, որ Իսրայելի կառավարությունն այնուհետև տեղեկացրել է Ադրբեջանի պաշտոնյաներին, որ հարցը հանվել է Քնեսեթի օրակարգից։

Արտգործնախարարությունը Haaretz-ի հարցմանն ի պատասխան հերքել է, որ քվեարկությունը չեղարկվել է Նեթանյահուի միջամտության արդյունքում, միաժամանակ այլ բացատրություն չի ներկայացրել։

Սաարը միայն հիշեցրել է, որ կառավարությունն այս հարցով որոշում է ընդունել՝ միաձայն, չհստակեցնելով՝ ինչու այն այդպես էլ Քնեսեթ չհասավ։

Haaretz-ը հիշեցնում է՝ դեռ տասն օր առաջ ադրբեջանական Haqqin.az-ը, որը անցյալ ամիս վաճառվել էր նախագահ Իլհամ Ալիևից մրցանակ ստացած լրագրողի, հոդված էր հրապարակել՝ պնդելով, թե Իսրայելը «ուշադրություն է դարձրել» Ադրբեջանի մտահոգություններին։ Ադրբեջանական կայքը, հղում անելով իր աղբյուրներին, նշել էր, թե «Ադրբեջանի դիրքորոշումը փոխանցվել է իսրայելցի պաշտոնյաներին, վերջիններս էլ արգելափակել են նախաձեռնությունը»։ Հոդվածում պնդում էին, թե Բաքվի ջանքերով որոշումը ոչ միայն հիմա է «թաղվել», այլև քայլեր են ձեռնարկվել՝ ապագայում դրա վերակենդանացումը կանխելու համար։

Մինչ այդ՝ անցյալ ամիս Ադրբեջանի կառավարությունը պաշտոնապես դատապարտել էր Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու որոշումը և կոչ արել վերանայել այն։ Արտգործնախարարությունը նշել էր, որ որոշումն աղավաղում է «1915 թվականի իրադարձությունների շուրջ պատմական փաստերը», չի նպաստի հաշտեցմանը, այլ կխորացնի առկա բաժանումները և կխաթարի տարածաշրջանում երկարատև խաղաղության և կայունության հասնելու ջանքերը։

Ընդ որում, ըստ Haaretz-ի, չնայած ցեղասպանությունը ճանաչելու որոշումը հանվել է Քնեսեթի օրակարգից, անցյալ շաբաթ Ադրբեջանը ևս մեկ ազդանշան է ուղարկել, որը կարող է վկայել Իսրայելի հետ հարաբերությունների սառեցման մասին․ խոսքը Պաղեստինի վարչապետ Մոհամմադ Մուստաֆայի՝ Ադրբեջան կատարած այցի մասին է, ում Ալիևը հյուրընկալեց Բաքվի իր նստավայրում։ Հանդիպումից հետո Ադրբեջանի նախագահականը հայտարարել էր, թե Բաքուն աջակցում է Արևելյան Երուսաղեմ մայրաքաղաքով Պաղեստինյան պետության ստեղծմանը՝ անգլերեն մի հատվածում քաղաքը անվանելով «Ալ-Քուդս ալ-Շարիֆ»՝ Երուսաղեմի ավանդական արաբերեն անվանումը։ Ավելին, Բաքուն ընդգծել էր, որ շարունակում է օգնել պաղեստինցիներին, այդ թվում՝ ավագ դպրոց կառուցել Արևմտյան ափին։

Վերջին տարիներին Իսրայելը Բաքվին համարում է իր ամենակարևոր գործընկերներից մեկը՝ թե՛ տարածաշրջանում, թե՛ միջազգային հարթակում, փաստում է Haaretz-ը՝ հիշեցնելով, որ հայ-ադրբեջանական հակամարտության ընթացքում Թել Ավիվը Ադրբեջանին զենք էր ուղարկում։

CNN-ն էլ վերջերս հաղորդել էր, որ Իսրայելը նաև հատուկ նշանակության ուժեր է ուղարկել Ադրբեջան՝ Իրանի դեմ վերջին ռազմական գործողությունների ժամանակ։

Իսրայելում Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու նախորդ բոլոր փորձերը ձախողվել են։ Այս մի որոշումը հրապարակ եկավ Թուրքիայի ու Իսրայելի միջև լարվածության ֆոնին, երբ Անկարան մեղադրեց Նեթանյահուի կառավարությանը Գազայում ցեղասպանություն իրականացնելու համար։

Հայաստանի կառավարությունը քննարկումներին զուսպ էր արձագանքել։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, «Ազատության» հարցին ի պատասխան, ասել էր. «Արձագանքի կարիք մենք չենք տեսնում, որովհետև կարծում ենք՝ Հայոց ցեղասպանության զենքայնացման թեմայի մեջ չմտնելը բխում է Հայաստանի Հանրապետության շահերից»։

Նմանատիպ նյութեր

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | ԿԸՀ-ն մանդատներ է բաժանում

Տեղի է ունենում կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստ, որի օրակարգում երկու հարց է՝ հունիսի 7-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքում մանդատից հրաժարման դիմումների հաստատում և մանդատների...

Մեր թիմը զրպարտության վերաբերյալ հայցեր է պատրաստում․ Իվետա Տոնոյան

Զանգվածային լրատվամիջոցներում Գագիկ Ծառուկյանի հասցեին տարածվող հայտարարություններն բացարձակ զրպարտություն ու էժանագին հնարքներ են, իսկ կուսակցության իրավաբանական թիմն արդեն դատական հայցեր է նախապատրաստում այդ հրապարակումների հեղինակների...

Ինչո՞ւ Փաշինյանը լռեց Իսրայելի որոշման վերաբերյալ․ Հարութ Սասունյան

Ինչո՞ւ Փաշինյանը լռեց Իսրայելի որոշման վերաբերյալ․ Հարութ Սասունյան

Մենք բոլորս ամեն օր այնքան շատ ապատեղեկատվություն ենք ստանում, որ գրեթե անհնար է դառնում տարբերակել իրականությունը հորինվածքից։ Լրատվական ոլորտի աշխատակիցներիս համար այս մարտահրավերն է՛լ ավելի մեծ է։ Եթե սովորական մարդիկ կարող են անհիմն լուրերը տարածել միայն իրենց...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Արամ Վարդևանյանի ճեպազրույցը

  ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում այսօր՝ հուլիսի 21-ին, տեղի է ունենում ԱԺ պատգամավորական մանդատների բաշխման արարողությունը։ ԿԸՀ շենքի դիմաց ճեպազրույցով է հանդես գալիս «Ուժեղ Հայաստան»...

Թրամփը 50 տոկոս մաքսատուրքեր է սահմանել կանադական ապրանքների մեծ մասի նկատմամբ

Թրամփը 50 տոկոս մաքսատուրքեր է սահմանել կանադական ապրանքների մեծ մասի նկատմամբ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի 50 տոկոս մաքսատուրքեր է սահմանել կանադական ապրանքների մեծ մասի նկատմամբ՝ հայտարարելով, որ Օտտավան խտրական քաղաքականություն է վարել ամերիկյան ավտոմեքենաների, ալկոհոլային արտադրանքի և կաթնամթերքի նկատմամբ․ գրում է Reuters...