Արցախը՝ «հակապետակա՞ն», թե՞ պետական առաջնահերթություն․ «Ժողովուրդ»

17 Հուլիսի, 2026

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի իշխանությունների մշակութային քաղաքականությունը վերջին տարիներին ավելի շատ հարցեր է առաջացնում, քան պատասխաններ տալիս։ Մի կողմից՝ պետական հաստատություններում Արցախի հիշատակումը, խորհրդանիշների ցուցադրումը կամ նրա մշակութային ժառանգության ներկայացումը դառնում են ճնշումների, անգամ պաշտոնանկությունների պատճառ, մյուս կողմից՝ նույն պետությունը պետական միջոցներով շարունակում է ֆինանսավորել Արցախի մշակույթի պահպանման ծրագրերը։

Սա պարզապես հակասություն չէ, այլ պետական քաղաքականության երկակիության հերթական դրսևորումն է։

«Ժողովուրդ» օրաթերթի իրազեկ աղբյուրների փոխանցմամբ՝ իշխանական շրջանակներում շարունակում է գերակշռել այն մոտեցումը, ըստ որի՝ պետական հիմնարկներում պետք է բացառվեն Արցախի պետականությանն ու խորհրդանիշներին առնչվող ցանկացած դրսևորումներ։ Սակայն պետական փաստաթղթերը բոլորովին այլ պատկեր են արձանագրում։

Վերջին ամիսներին տեղի ունեցած մի շարք աղմկահարույց դեպքերն այդ հակասության ամենախոսուն օրինակներն են։ Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Էդիտա Գզոյանի պաշտոնանկության շուրջ հանրային քննարկումների պատճառներից մեկը դարձավ այն, որ նա ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին նվիրել էր Արցախի մասին գիրք։ Սարդարապատի դպրոցի նախկին տնօրեն Կարինե Սմբատյանը հեռացվեց աշխատանքից, քանի որ հրաժարվել էր դպրոցից հեռացնել Արցախի դրոշը։ Իսկ Երևանի Անուշավան Տեր-Ղևոնդյանի անվան երաժշտական դպրոցում ցուցահանդեսի ժամանակ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը տաղավարից հեռացրեց աշակերտի պատրաստած Ստեփանակերտի «Մենք ենք մեր լեռները» («Տատիկ-պապիկ») հուշակոթողի ձեռագործ աշխատանքը։

Այս ամենը տեղի է ունենում այն պայմաններում, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարել է, որ պետական հաստատություններում Արցախի դրոշի, Արցախի պետականության կամ դրան առնչվող խորհրդանիշների ներկայացումը չի համապատասխանում պետության որդեգրած քաղաքականությանը։ Նրա ձևակերպմամբ՝ այլևս վերադարձ չի լինելու «Ղարաբաղյան շարժման» գաղափարախոսությանը։

Սակայն հենց այստեղ էլ առաջանում է ամենակարևոր հարցը։

«Ժողովուրդ» օրաթերթին ուշագրավ տեղեկություններ են հայտնի դարձել։ Եթե պետական հիմնարկներում Արցախի մշակութային ժառանգության ներկայացումը համարվում է անընդունելի, ապա ինչպե՞ս է ստացվում, որ նույն Հայաստանի Հանրապետությունը՝ ԿԳՄՍ նախարարության միջոցով, 2023-2027 թվականների մշակութային ռազմավարության շրջանակում պետական միջոցներ է հատկացնում «Արցախի մշակույթի պահպանման կենտրոն» հասարակական կազմակերպությանը։

Այս մասին հիշեցնում է նաև կազմակերպության տնօրեն Ապրես Մարգարյանը՝ նշելով, որ ՀՀ կառավարության հաստատած 2023-2027 թվականների մշակույթի պահպանության, զարգացման և հանրահռչակման ռազմավարությամբ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի մշակութային իրավունքների պաշտպանությունը, ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանումը, գույքագրումն ու սերունդներին փոխանցումը ճանաչվել են պետական առաջնահերթություն։

Այսպիսով, ստացվում է ակնհայտ իրարամերժ իրավիճակ. նույն պետությունը մի ձեռքով ֆինանսավորում է Արցախի մշակույթի պահպանությունը, իսկ մյուս ձեռքով պատժում է մարդկանց՝ հենց այդ մշակութային ժառանգությունը ներկայացնելու կամ դրա խորհրդանիշները պահպանելու համար։

Եթե Արցախի մշակույթի պահպանումը պետական առաջնահերթություն է, ապա ինչո՞ւ են այդ թեմայով նախաձեռնությունները պետական հաստատություններում արժանանում պատժի։ Իսկ եթե դրանք հակասում են պետական քաղաքականությանը, ապա ինչո՞ւ է պետությունը շարունակում ֆինանսավորել դրանք պետական բյուջեից, այսինքն՝ հարկատուների միջոցներով։

Այս հարցերը մինչ օրս պատասխան չեն ստացել։

Պետական քաղաքականությունը չի կարող հիմնված լինել երկակի չափանիշների վրա։ Այն չի կարող միաժամանակ խրախուսել և պատժել նույն երևույթը՝ կախված նրանից, թե որտեղ և ում կողմից է այն դրսևորվում։ Նման գործելաոճը ոչ միայն ստեղծում է իրավական և քաղաքական անորոշություն, այլև խարխլում է հանրային վստահությունը պետական ինստիտուտների նկատմամբ։

Արցախի մշակութային ժառանգությունը քաղաքական ճաշակի կամ պահի թելադրանքի հարց չէ։ Այն հայկական մշակութային ժառանգության անբաժանելի մասն է, որի պահպանությունը Հայաստանի Հանրապետությունն իր իսկ ռազմավարական փաստաթղթերով ճանաչել է պետական առաջնահերթություն։

Հետևաբար, իշխանությունները պարտավոր են վերջապես հստակեցնել, թե որն է իրական պետական քաղաքականությունը՝ Արցախի մշակույթի պահպանո՞ւմը, թե՞, ընդհակառակը, դրա խորհրդանիշների և դրսևորումների սահմանափակումը։

Եվ այս ամենի ֆոնին չպետք է անտեսել ևս մեկ կարևոր հանգամանք։ Մինչ Հայաստանի իշխանությունները շարունակում են հակասական ազդակներ փոխանցել սեփական հասարակությանը, Ադրբեջանը օկուպացված Արցախում հետևողականորեն ոչնչացնում է հայկական մշակութային ժառանգությունը։ Տարբեր միջազգային և մասնագիտական գնահատականների համաձայն՝ ավերվել կամ լրջորեն վնասվել են եկեղեցիներ, հարյուրավոր և նույնիսկ հազարից ավելի պատմամշակութային հուշարձաններ, իսկ մի շարք բնակավայրեր հիմնահատակ վերացվել են։

Այս պայմաններում առավել անհասկանալի է դառնում, թե ինչու է հայկական մշակութային ինքնության պահպանման հարցը Հայաստանի ներսում երբեմն ընկալվում ոչ թե որպես պետական առաջնահերթություն, այլ որպես խնդրահարույց կամ անցանկալի երևույթ»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր

Այս պահին որևէ հստակ ինֆորմացիա չկա, թե երբ նիստը տեղի կունենա․ Արամ Օրբելյան

  «Դատական նիստը տեղի չի ունեցել․ դեռ սպասում ենք, թե երբ կլինի, երբ տեղի կունենա՝ դժվարանում եմ ասել։ Փորձեցինք ճշտել կազմից՝ դատարանի օգնականից և կարգադրիչներից, այս պահին որևէ հստակ ինֆորմացիա, տեղեկատվություն չեն կարողանում տալ։...

Արման Աբովյանը ստանձնել է ԲՀԿ հանրային կապերի պատասխանատուի և պաշտոնական ներկայացուցչի գործառույթները

Արման Աբովյանը ստանձնել է ԲՀԿ հանրային կապերի պատասխանատուի և պաշտոնական ներկայացուցչի գործառույթները

Սիրելի՛ գործընկերներ, Տեղեկացնում եմ, որ այսօրվանից ստանձնում եմ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հանրային կապերի պատասխանատուի և պաշտոնական ներկայացուցչի գործառույթները։ Ստեղծված իրավիճակում, երբ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն անարդարացիորեն գտնվում է անազատության...

Չեղարկվել է Վիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը. դեսպանատներից մեկը նրանց որակել է «վտանգավոր»

Չեղարկվել է Վիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը. դեսպանատներից մեկը նրանց որակել է «վտանգավոր»

«Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն» ՀԿ-ն տեղեկացնում է, որ Համաշխարհային փառատոնների ասոցիացիան (World Festival Association, WOFA) չեղարկել է նոյեմբերին Վիեննայում նախատեսված միջազգային փառատոնին կազմակերպությանն անդամակցող Արցախի ազգային նվագարանների պետական...

ԿԳՄՍՆ-ի հրահանգով Արտենիի դպրոցի մուտքի պատից հեռացնում են Զորավար Անդրանիկի նկարը

ԿԳՄՍՆ-ի հրահանգով Արտենիի դպրոցի մուտքի պատից հեռացնում են Զորավար Անդրանիկի նկարը

Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Արագածոտնի մարզի Թալին խոշորացված համայնքի Արտենի բնակավայրում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, արդեն մի քանի օր է գյուղում անհանգիստ իրավիճակ է ստեղծվել, քանի որ բնակիչները տեղեկություն են ստացել, որ...

Ստեփան Ասատրյանը շարունակում է զավթված պահել Հովհաննավանքը՝ չնայած դատարանի որոշմանը․ «Փաստինֆո»

Ստեփան Ասատրյանը շարունակում է զավթված պահել Հովհաննավանքը՝ չնայած դատարանի որոշմանը․ «Փաստինֆո»

Կարգալույծ նախկին քահանա Ստեփան Ասատրյանը շարունակում է զավթված պահել Հովհաննավանքը՝ չնայած դատարանի որոշմանը։ «Փաստինֆո»-ի փոխանցմամբ՝ Հովհաննավանքի քահանա Տեր Սարգիսն ասել է, որ Ստեփան Ասատրյանը ոչ միայն չի հեռացել եկեղեցուց, այլ նաև ոստիկաններն են շարունակում...