Լիբանանը պատրաստվում է քաղաքացիական պատերազմից ի վեր ամենախոշոր համաներմանը. հազարավոր բանտարկյալներ կարող են ազատ արձակվել

6 Հունիսի, 2026

Լիբանանում առաջիկա շաբաթներին սպասվում է 1975–1990 թվականների քաղաքացիական պատերազմից ի վեր ամենախոշոր համաներման մասին օրենքի ընդունումը, որով նախատեսվում է կալանավորների մի մասի ազատ արձակում և պատժաչափերի մեղմացում, հայտնում է «Associated Press» լրատվական գործակալությունը։

Ըստ նախագծի՝ խորհրդարանի հավանությանն արժանանալուց և նախագահի ստորագրումից հետո փաստաթուղթը մահապատժի դատավճիռները կփոխարինի այլ պատժատեսակներով, կկրճատի ցմահ ազատազրկման ժամկետները, ինչպես նաև կարող է հանգեցնել դատապարտված զինյալների ու նարկոբարոնների մի մասի ազատ արձակմանը։ Միևնույն ժամանակ, համաներումը չի տարածվի այնպիսի հանցագործությունների վրա, ինչպիսիք են բռնաբարությունը, մարդկանց առևտուրը, կոռուպցիան, ահաբեկչության ֆինանսավորումն ու կանխամտածված սպանությունը։ Լիբանանի զինվորականների սպանության համար դատապարտվածները կկարողանան ակնկալել պատժաչափերի կրճատում։

Օրենսդիրների տվյալներով՝ համաներումը կվերաբերի շուրջ 8,6 հազար կալանավորներից ավելի քան 3 հազարին, այդ թվում՝ նրանց, ովքեր առանց դատավճռի կալանքի տակ են գտնվում 14 և ավելի տարի։ Օրենքի ընդունման գլխավոր պատճառներից մեկն էլ համարվում է բանտերի գերբեռնվածությունը։

Այս նախաձեռնությունն իրականացվում է Լիբանանում Իսրայելի շարունակվող ռազմական գործողությունների և տարածաշրջանում տիրող լարված իրավիճակի ֆոնին, ինչն իր ազդեցությունն է թողել նաև քաղաքական գործընթացների ու խորհրդարանական ընթացակարգերի ժամկետների վրա։

Նախագիծը երկրի ներսում տարաձայնությունների տեղիք է տվել։ Զոհված զինծառայողների ընտանիքների մի մասը դեմ է համաներմանը և պահանջում է անփոփոխ թողնել դատավճիռները։

Քննարկումներն է՛լ ավելի են սրվել նախկին ծայրահեղական սուննի քարոզիչ Ահմեդ ալ-Ասիրի գործի ֆոնին, ով 2013 թվականին մեղավոր էր ճանաչվել Սայդա քաղաքում Լիբանանի բանակի հետ բախումներ հրահրելու մեջ։ Այդ բախումների հետևանքով զոհվել էր 18 զինծառայող, այդ թվում՝ Սամիրա Բու Սաաբի որդին՝ բանակի սպա Ջորջ Բու Սաաբը։ Ալ-Ասիրը դատապարտվել է մահապատժի և արդեն շուրջ 11 տարի գտնվում է բանտում։ Օրենքի ընդունման դեպքում մահապատիժը կփոխարինվի այլ պատժաչափով, իսկ նրա կալանքի ժամկետը փաստացի կարող է երկարաձգվել ևս մոտ 10 տարով։

Ալ-Ասիրի կողմնակիցներն ու ընտանիքը քննադատում են գործող դատավճիռը՝ այն համարելով քաղաքականապես մոտիվացված։ Նրա կինը պնդում է, որ ամուսինը «Հեզբոլլահ» շարժման հետ կապված դավադրության զոհ է դարձել, և պահանջում է ազատ արձակել բանտարկյալներին։

Լիբանանում վերջին խոշոր համաներումն ընդունվել էր 1991 թվականին՝ շուրջ 150 հազար մարդու կյանք խլած քաղաքացիական պատերազմի ավարտից հետո։ Այն ժամանակ զինված խմբավորումների զգալի մասն ինտեգրվել է երկրի քաղաքական համակարգին։

Համաներման ներկայիս նախագիծն արտացոլում է նաև խորհրդարանի ներսում առկա քաղաքական տարաձայնությունները։ Սուննիական դաշինքի ներկայացուցիչները կողմ են իսլամիստների ազատ արձակմանը, շիա պատգամավորները՝ Բեկաայի հովտի նարկոբարոնների պատժաչափերի մեղմացմանը, իսկ քրիստոնյա քաղաքական գործիչները պահանջում են համաներում կիրառել երկիրը լքած և Իսրայելում բնակվող քաղաքացիների նկատմամբ։ Նրանց թվում են նաև Հարավային Լիբանանի բանակի նախկին անդամները, որոնք համագործակցել են Իսրայելի հետ՝ մինչև 2000 թվականին իսրայելական զորքերի դուրսբերումը։

Օրինագծով նախատեսվում է, որ Իսրայելում բնակվող լիբանանցիների հարցը կկարգավորվի 2011 թվականի օրենքի նորմերով, որոնց համաձայն՝ հայրենիք վերադառնալիս նրանք կձերբակալվեն և կկանգնեն դատարանի առաջ։

Պատգամավորների գնահատմամբ՝ այս օրենքի շուրջ քննարկումները քաղաքական առևտրի են վերածվել երկրի տարբեր դավանական ու քաղաքական ուժերի միջև։

Նմանատիպ նյութեր

Կարևորվել է հոգևոր սպասավորների փոխայցելություններն ու փորձի փոխանակումը. Մայր Աթոռ

Կարևորվել է հոգևոր սպասավորների փոխայցելություններն ու փորձի փոխանակումը. Մայր Աթոռ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Կաթոլիկ Եկեղեցու Նեապոլի թեմի հոգևորականներին: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից: Հոկտեմբերի 22-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց...

Իրան-ԱՄՆ բանակցությունների դանդաղման պատճառը ԱՄՆ-ի կողմից թելադրվող պայմաններն են․ Բաղայի

Իրան-ԱՄՆ բանակցությունների դանդաղման պատճառը ԱՄՆ-ի կողմից թելադրվող պայմաններն են․ Բաղայի

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային քննադատել է ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի հայտարարությունները, ըստ որոնց՝ «իրանցիների կրոնական համոզմունքները» խոչընդոտում են երկու երկրների միջև...

Հայաստանի բողոքը «Ռոսսելխոզնադզոր»-ի սահմանափակումների վերաբերյալ կքննարկվի ԵԱՏՄ-ում․ Ալեքսանդր Սուբբոտին

Հայաստանի բողոքը «Ռոսսելխոզնադզոր»-ի սահմանափակումների վերաբերյալ կքննարկվի ԵԱՏՄ-ում․ Ալեքսանդր Սուբբոտին

«Ռոսսելխոզնադզոր»-ի սահմանած սահմանափակումների վերաբերյալ Հայաստանի բողոքը կքննարկվի ԵԱՏՄ անդամ բոլոր երկրների մասնագետների մասնակցությամբ։ Այս մասին Sputnik Արմենիային փոխանցմամբ՝ հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեխնիկական կարգավորման հարցերով նախարար...

Եթե զրոյական կետը չլիներ, այսօր Հայաստանի Հանրապետությունը չէր լինի․ Փաշինյանը՝ իր խոստումների մասին

  «Հենց մեր քաղաքականության իմաստը դա է, որ մենք պետք է մեր ստացած գիտելիքի հիման վրա չվախենանք փոխվել։ Մեր ստացած գիտելիքի հիման վրա չվախենանք փոխվել, որովհետև նա, ով իր ստացած գիտելիքի և փորձառության հիման վրա չի փոխվում, դա մի...

Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը տնտեսությունից բան չի հասկանում

  Այսօրվա՝ հոկտեմբերի 22-ի ճեպազրույցի ժամանակ Նիկկոլ Փաշինյանին լրագրողը հարց ուղղեց գազի գնի հնարավոր թանկացման մասին՝ հիշեցնելով, որ ԿԲ նախագահն ասում է, որ դա ապոկալիպտիկ սցենար է, այնինչ ՔՊ-ականներն ասում են՝ էական նշանակություն...