Անցնող շաբաթը լի էր իրադարձություններով՝ Ջահերով երթ, Ցեղասպանության 111-ամյա տարելից, մեկ օր անց՝ անարգանք զոհերի հիշատակին՝ խորոված փարթիով, մեկ օր անց՝ Նիկոլի Փաշինյանի շարասյան անմեղ զոհերի՝ Սոնա Մնացականյանի և նրա դեռ չծնված զավակի հիշատակի միջոցառումը, հետո՝ ՔՊ-ի անհույս շրջագայությունը մարզեր և այլն։
Ջահերով երթը համազգային միջոցառում է, որը թեև կազմակերպում է դաշնակցությունը, սակայն այն չի դիտվում կուսակցական միջոցառում․ մարդիկ գիտեն, որ այդ օրը տեղի է ունենալու պահանջատիրության երթ և մասնակցում են։ Վերջին տարիներին ջահերով երթն առանձնանում է նրանով, որ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ միասին նաև ՔՊ-ն է դատապարտում թուրքական դրոշի այրումը։ Այս անգամ Թուրքիան կարծես չդատապարտեց, բայց փոխարենը ՔՊ-ից մի երկու աղմուկ ավել եղավ։ Շատերն արձանագրեցին, որ ընդամենը վերջերս Ադրբեջանը քանդել է Ստեփանակերտի Սուրբ Աստվածածնի մայր տաճարը․ բայց դա ՔՊ-ականներ իշխանությունը չի դատապարտել։ Ավելին, Ադրբեջանը քանդել-ավերել է Արցախի 5 հազար պատմամշակութային ժառանգությունից արդեն 1000-ից ավելին։ 1000-ը քանդել են, ջարդել են, ավերել են, պղծել են, սրանք ձայն չեն հանել։ Ռուսաստանը դատապարտել է, Ֆրանսիան դատապարտել է, Հայաստանը չի դատապարտել, բայց դատապարտում է թուրքական դրոշի այրումը։
Ադրբեջանը 1000 հուշարձան ոչնչացրել է ու չի ստացել Հայաստանի իշխանություններից պահանջ, որ մեղավորներին պատժեն, բայց նույն իշխանություններից պահանջում է պատժել դրոշն այրողներին։ Չեմ բացառում, որ պատժեն, մի ուրիշ հիմնավորմամբ։
Ցեղասպանության 111-ամյա տարելիցին արձանագրում ենք սրանց քաղաքականության աղետալի հետևանքը․ Ցեղասպանության միջազգային ճանաչումն այլև ՀՀ իշխանության օրակարգում չէ և միանգամայն հավանական է թվում, որ սրանց մնալու պարագայում արգելվի Ծիծեռնակաբերդ այցելելը․ ԱԱԾ-ն, ոստիկանություը մտնի հերթով տները, խորհուրդ տա, կոչ անի, շառից-փորձանքից հեռու մնալ ու չայցելել․ իսկ հետո արգելվի կառավարության որոշմամբ։ Եթե որևէ մեկը մտածում է, թե աբսուրդ է, հիշեք, թե էս 8 տարում քանի աբսուրդ դարձավ իրականություն։ Նիկոլ Փաշինյանն էր, չէ՞, ասում՝ դեռ պետք է պարզենք ինչ է տեղի ունեցել, ինչու է տեղի ունեցել, ասում է՝ «Մեծ եղեռնը հայ ժողովրդին միջազգային խարդավանքների մեջ ներքաշելու գործելակերպի հետևանք է»։ Հաջորդիվ ասելու է՝ գուցե մենք էինք մեղավոր։ Մաքուր թուրքական թեզեր են, ու այս ելույթները ստացան համապատասխան արձագանք Թուրքիայից։ Առաջին անգամ ականատես եղանք բավականին սադրիչ հայտարարության․ Թուրքիայի պաշտպանության նախարարությունն ապրիլի 24-ին ուղերձ է հղում, թե․ «Սգում ենք 1915–ի իրադարձությունների ժամանակ հայերի կողմից դաժանորեն կոտորված անմեղ ու անպաշտպան թուրքերի հիշատակը»։ Էսպիսի բան չի եղել երբեք ու սա հետևանք է ՆԻկյոլի քաղաքականության։ Որովհետև երբ Նիկոլն ասում է՝ դեռ պետք է պարզենք՝ ինչ է եղել, թոքւրքերնհ ասում են խնդրեմ, մեր վերսիան սա է, հայերն են կոտորել թուրքերին։
Եվ ուրեմն, արձանագրենք, որ Հայոց ցեղասպանության հարցում Հայաստանի այս իշխանության քայլերը համընկնում են Թուրքիայի ու Ադրբեջանի քաղաքականությանը։ Իհարկե՝ նաև բազմաթիվ այլ հարցերում։ Ու զավեշտ է, երբ Ռուսաստանի նախագահն ուղերձում Ցեղասպանություն բառը Նիկոլից շատ է օգտագործում, թուրքերն ուղերձում ասում են, թե հայերն են կոտորել թուրքերին, Նիկոլը թուրքերի հետ ջերմանում է, ռուսների հետ՝ թշնամանում։
Ապրիլի 24-ին հաջորդող օրերը սովորաբար մեր երկրում դարձյալ ծանր տպավորությունների օր էր լինում, բայց Նիկոլը որոշեց իր ամենասիրելի տոնը անցկացնել՝ ուտել-խմելու, իսկ որ շատ ավելի ճշմարիտ է հնչում՝ լափելու փարթին։ Ցեղասպանության զոհերի հիշատակը անարգելու՝ խորոված փարթի անելու որոշումը հենց ինքն է կայացրել՝ գգուցե հենց այդ՝ պղծելու նպատակով։
Այսպես կոչված «քաղաքացու օրն» էր։ Ո՞ր քաղաքացու օրն էր, շատ հետաքրքիր է։ Սերժ Սարգսյանի հրաժարականը սրանք սարքեցին պետական տոն։ Թե բա՝ հեղափոխություն ենք արել։ Կա՞ 1 հրապարակված նպատակ այդ հեղափոխություն կոչված թավշյա խուլիգանության, որ իրականացել է։ Երբ քաղաքացու օրն էին սահմանում, արդարադատության նիկոլական նախարարը, որ հիմա ՍԴ դատավոր է, ասում էր՝ ելնելով սոցիալ–տնտեսական, իրավական և քաղաքական բազմաթիվ խնդիրների շուտափույթ լուծման անհրաժեշտությունից․․․ Լավ, քաղաքական խնդիրը լուծեցիք, իսկ Ժողովուրդ ջան, սոցիալ-տնտեսական խնդիր կա՞, որ լուծվել է, ձերը, իրենցը չէ։ Ուզում եմ իմանալ՝ ո՞ր քաղաքացու օրն էր, էն որ 30 տարի անվտանգ ապրում էին, բայց 3 տարում 3 պատերազմ տեսան, ու 5 հազարը զոհվեցի՞ն, նրա՞նց տոնն էր։ Թե՞ էն քաղաքացիների տոնն է, որոնց Նիկոլի բերած ու պարտված պատերազմում ձեռք բերեցին հաշմանդամություն։ Գուցե էն 150 հազար քաղաքացու օ՞րն էր, որ բռնագաղթեցին, կորցրեցին տունն ու հայրենիքը, թե՞ էն հարյուր հազարավորների, որոնք սոցիալական, քաղաքական, իրավական, անվտանգային կամ այլ անլուծելի խնդիրների բախվելով՝ բռնում են գաղթի ճամփան։ Էն քաղաքացու օ՞րն է, որ ճամպրուկը միշտ կապած պահում է, որովհետև չգիտի՝ վաղը ինչ օյին եք խաղալու գլխին։ Գուցե էն քաղաքացու օ՞րն է, որին թալանում եք ու ասում՝ աղքատ ես քո խելքից, կամ էն մյուս աղքատ քաղաքացու օրը, որ ասում ես՝ անուղեղ ես, 10 հազար դրամը տամ չես իմանա ոնց ծախսես։ Իսկ ի՞նչ կասեք էն քաղաքացիների մասին, որոնք փողոցներում սպանվում են բեսպրեդելի պատճառով, իսկի՞ նրանց օրը չէ կամ էն քաղաքացիների, որ ենթարկվում են իշխանական-ոստիկանական բռնություններին։ Կարդում եմ՝ նախաքննական մարմինները 2024թ․ դատարան են ներկայացրել մարդկանց անձնական նամակագրությունը կարդալու 647 միջնորդություն, 2025-ին, ուշադրություն՝ 6662 միջնորդություն։ 24 ժամ գաղտնալսվող քաղաքացու օրն է, երևի։ Էն քաղաքացու օրն է, միգուցե, որին ներքին անվտանգություն էին խոստացել, բայց դեռ չծնված զավակի հետ զոհվեց Նիկոլի շարասյան անիվների տակ։ Ա՜, երևի էն քաղաքացու օրն է, որը հիմա հա՛մ տուգանքի մատերիալ է, հա՛մ դատվելու ու բռնաճնշումների մատերիալ է, հա՛մ զոհվելու մատերիալ է։ Էն քաղաքացու օ՞րն է, որ ասում են՝ արի քեզ փոխհատուցում տանք, տունդ հանձնեմ թուրքին։ Պատերազմում զավակ կորցրած ու Եռաբլուրում բռնության ենթարկված ծնողի օրն է երևի։
Մարդկանց խաբեցին նաև տոնին հրավիրելիս, ասացին եկեք խորոված փարթիի․ տարեցներ էին եկել հրապարակ՝ մի կտոր միս ուտելու, որովհետև թոշակով անհնար է, էն էլ պարզվեց՝ ոչ միայն ձրի չէ, այլև՝ շատ թանկ է։ Այստեղ երևաց հեղափոխական այսպես կոչված արժեքների ու իրականության ողջ թշվառությունը։ Իշխանության են եկել բարեկեցության խոստումով, 8 տարի հետո թոշակառուն գնում է փողոցային փարթիի, որ փոր կշտացնի, քուչեքում ձրի սնվի։
Քաղաքացու օրը, եթե ուզում եք իմանալ, պետք է նշեն միայն ՔՊ-ական պաշտոնյաները, որոնց բանկային քարտերը արդեն տրաքվում են փողից, օղակի վրա էլ տեղ չկա, որ հերթական տան բանալին ավելացնեն, էն ՔՊ-ականները, որ ոչինչ էին, հիմա դարձան հարուստ, բայց էլի մնացին էությամբ ոչինչ, նրանք, որ պարգևատրվեցին ձեր փողերով, սկսեցին շրջագայել, երազանքներն իրականացնել պետության հաշվին։
Կարճ ասած՝ երբ այս ամենը գումարում ես իրար, ստացվում է, որ իրականում խաբված քաղաքացու օրն էր, խաբված ամեն ինչով․ որովհետև մարդիկ բոլոր հարցերում խոստում էին ստացել, որ լավ է լինելու, առանց բացառության՝ բոլոր հարցերում։ Հեղափոխությոիւնն ուներ հռչակված ու չհռչակված նպատակներ․ Իրականացավ մտածածը, բայց չհրապարակածը՝ Ցեղասպանության ուրացում, Սփյուռքի մերժում, ռազմավարական գործընկերների հետ թշնամացում, ներքին ատելություն, անհավասարություն, թշվառություն, կոռուպցիա, թալան․ անխնա թալան։ Մենք բոլորս հեղափոխության զոհն ենք, կապ չունի՝ մասնակցել ենք, թե չենք մասնակցել։ Ու կշարունակենք տուժել, կորցնել, զոհվել, թալանվել, խեղճանալ ու նվաստանալ, եթե նորից հավատանք խաբեբաներին։
Սևակ Հակոբյան






