Նախ՝ չկատարածի կամ հակառակը կատարածի հաշիվն է պետք տալ. «Փաստ»

23 Ապրիլի, 2026

«Փաստ» օրաթերթը գրում է. ՔՊ-ի ղեկավար Նիկոլ Փաշինյանը վերջին օրերին ակնհայտ «ֆալստարտով» կտորկտոր ներկայացնում է իր նախընտրական ծրագիրը՝ հունիսի 7-ի ԱԺ ընտրություններին ընդառաջ: Դեռ մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ նախընտրական քարոզարշավը մեկնարկում է մայիսի 8-ին: Այստեղ առավել էական են հետահայաց զուգահեռները՝ հինգ տարվա կտրվածքով:

2021 թվականին էլ Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ն, բնականաբար, հանդես են եկել «նախընտրական ծրագրով», որը հետագայում՝ նույն 2021 թ. օգոստոսին, փաստացի դարձել է «ՀՀ կառավարության 2021-26 թթ. ծրագիր»: Այսինքն, խոսքը զուտ առանձին վերցրած 1 կուսակցության նախընտրական խոստումների մասին չէ, այլ գործող իշխանության, մի ամբողջ կառավարության հնգամյա գործունեության ծրագրի՝ պաշտոնական, կարգավիճակ ունեցող փաստաթղթի: Ու հիմա, երբ Փաշինյանը մի նոր «հնգամյա պլան» կամ «նախընտրական ծրագիր» է ներկայացնում, առավել քան տեղին ու տրամաբանական է հարցը. իսկ նախորդ 5 տարվա ծրագիրը կատարե՞լ է:

Իրեն որ լսես, կասի՝ կատարել է: Բայց կատարե՞լ է: Ոչ միայն չի կատարել, այլև իր իսկ կառավարության որոշմամբ ամրագրված 2021-26 թթ. ծրագրի ամբողջական բլոկներ ուղղակիորեն տապալել է: Ավելին, շատ դեպքերում արել է լրիվ հակառակը: Մենք մեկ անգամ չէ, որ անդրադարձել ենք այս խնդրին, և նման նախանձախնդիր մոտեցման հիմնապատճառներից մեկն այն է, որ դա ցանկացած իշխանության, կառավարության գործունեությունը գնահատելու ամենաառարկայական տարբերակ է:

Եվ այսպես. կառավարության այդ ծրագրի «Անվտանգություն և արտաքին հարաբերություններ» բաժնի 1.2 ենթակետը՝ «Ղարաբաղյան հիմնախնդիր», Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ն հիմնովին տապալել կամ ձախողել են: Համոզվեք: Փաշինյանը 2021-ին խոստացել է (ու նաև դրա համար շուրջ 680 հազար քվե է ստացել), որ «կառավարության գլխավոր խնդիրը պետք է լինեն ԼՂ ժողովրդի անվտանգության ապահովումն ու Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ և համապարփակ կարգավորումը: Ղարաբաղյան հիմնախնդրի վերջնական կարգավորումը կառավարությունը տեսնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հստակեցմամբ՝ հայտնի սկզբունքների և տարրերի, այդ թվում՝ ինքնորոշման իրավունքի հիման վրա: …Հայաստանի Հանրապետությունը շարունակելու է լինել Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը և շարունակելու է աշխատել Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության ուղղությամբ: … Ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման համար առանցքային կարևորություն ունի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի շրջանակներում բովանդակային բանակցությունների անցկացումը»:

Իսկ ի՞նչ ունենք արդյունքում: Արցախն ուրացել է (Պրահա, 06.1.2022 թ.), Ադրբեջանի կողմից վերջին ագրեսիայի ու Արցախի հայության բռնի տեղահանության ժամանակ գործնականում մատը մատին չի տվել (սեպտեմբեր 2023 թ.), այնուհետև հանդես է եկել (կամ միացել է ադրբեջանական նախաձեռնությանը) ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման դիմումով: Այսինքն, արել է 2021-ին խոստացածի ու իր կառավարության ծրագրով ամրագրվածի տրամագծորեն հակառակ գործողությունները: Այն աստիճան է արել, որ նույն Փաշինյանը, որը 2021-ին խոստանում էր Շուշիի ու Հադրութի դեօկուպացիա, ինքնորոշման իրավունքի իրացում, այսօր՝ 5 տարի անց, հայտարարում է, թե «Ղարաբաղյան շարժման էջը փակված է, իսկ ով ուզում է բացել, պատերազմ է ուզում…» և նման բաներ:

Հենց միայն այսքանը բավարար կլիներ, որ որևէ այլ կառավարություն, որևէ այլ գործիչ ոչ միայն դադարեր իշխանություն լինելուց, այլև առհավետ հրաժեշտ տար քաղաքական ասպարեզին: Իսկ Փաշինյանը վերստին հավակնում է մի 5 տարի էլ կառավարել երկիրը:

Բայց միայն ծրագրային այդ մի բլոկը չէ, որ Փաշինյանը չի կատարել: Առհասարակ, ավելի հեշտ կլինի պարզել, թե ինչ խոստում է կատարել, եթե կատարել է: Չկատարածներից. «Նվազագույն կենսաթոշակի և կենսաթոշակի միջին չափերը հավասարեցնել համապատասխանաբար պարենային և սպառողական զամբյուղների արժեքներին, …վերացնել ծայրահեղ աղքատությունը» (կետ 4.6): Փաստն այն է, որ Փաշինյանն ու իր գլխավորած կառավարությունը անցած 5 տարում ոչ միայն չեն վերացրել ծայրահեղ աղքատությունը, այլև աղքատության մակարդակը չեն կարողացել նվազեցնել: Որոշ աննշան տատանումներ գուցե վիճակագրությունն արձանագրել է, բայց աղքատության մակարդակը շարունակում է մնալ բարձր՝ 22- 24 տոկոսի միջակայքում: Իսկ թե ինչ չափով են նվազագույն կամ միջին թոշակները «համընկնում» սպառողական ու պարենային զամբյուղների արժեքներին, թող նվազագույն ու միջին թոշակ ստացող մեր տարեց հայրենակիցներն ասեն: Ըստ որում, Փաշինյանը, որ անցյալ տարեվերջին կուրծք էր ծեծում, թե ոչ մի տարբերակ չկա թոշակները բարձրացնելու, որ եթե բարձրացնեն, ապա տնտեսությունը կփլուզվի և այլն, ընտրությունների նախաշեմին, այն էլ՝ ընդդիմադիրների ճնշման տակ, «հիշեց» թոշակառուների մասին ու, ասես մեծ լավություն է անում, մի 10000 դրամով թոշակներն ավելացրեց: Իսկ ոչի՞նչ, որ այդ ընթացքում նույն պարենային զամբյուղի միջի եղած-չեղածը կտրուկ թանկացավ:

Ու այսպես, կարելի է ցանկացած այլ բնագավառի հետ կապված վերցնել Փաշինյանի նախորդ ծրագիրն ու այն անցկացնել փաստացի իրականության պրիզմայով:

Իրականում այդ ինքը՝ Փաշինյանը, պետք է շահագրգռված լիներ հաշվետվություն ներկայացնել, կետ առ կետ: Բայց ի՞նչ ներկայացնի: Ստիպված մենք ենք ներկայացնում ու առաջիկայում այլ ոլորտների ևս կանդրադառնանք:

Ու այստեղ ծագում է մյուս հարցը. 5 տարի իր իսկ կառավարության գործունեության ծրագիրը չկատարած, որոշ դեպքերում կիսատ-պռատ կատարած, իսկ առանձին բլոկներով ծրագրածի հակառակն արած գործիչն ու ուժը ի՞նչ երեսով են նորից մարդամեջ ելնում, դեռ մի բան էլ՝ նորից մի 5 տարի իշխելու հայտ ներկայացնում: «Չալաղաջ» ինքնապարգևատրումնե՞րն են ուզում պահպանել: Ո՞նց էին ասում՝ «պետության համը» բերաննե՞րն է ընկել:

…Եթե որևէ մեկը շինարարների բրիգադ է վարձում, իսկ նրանք, բնակարանը վերանորոգելու փոխարեն, այն քարուքանդ են անում, ապա պատվիրատուն նրանց քշում է, այլևս այդ բրիգադի հետ գործ չի բռնում, իսկ առավել խստապահանջները նաև հատուցում են պահանջում ու ստանում:

Փաշինյանի «բրիգադը» երկրաքանդություն է արել: Իսկ պատվիրատուն, այսինքն՝ ժողովուրդը, ի՞նչ որոշում է կայացնելու, «բնակարանը» քարուքանդ արածներին նոր պատվեր տալ, թե՞…

 

Նմանատիպ նյութեր

Պետաշխատողների սոցիալական փաթեթի տրամադրման ծրագիրը 2027 թվականից կդադարեցվի

Պետաշխատողների սոցիալական փաթեթի տրամադրման ծրագիրը 2027 թվականից կդադարեցվի

ՀՀ–ում պետաշխատողների սոցիալական փաթեթի տրամադրման ծրագիրը 2027 թվականից կդադարեցվի։ Այդ մասին այսօր ՀՀ կառավարության նիստից հետո հայտարարեց ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանը։ Սոցիալական փաթեթի ծրագիրը դադարեցնելու համար կառավարությունը օրենսդրական...

Բենզինի գինը հասավ ու սոսնձվեց 600 դրամին. տեղին է հիշել Փաշինյանի հրճվանքը, երբ կես դույլ ադրբեջանական բենզինը մտավ Հայաստան. Խաչատրյան

Բենզինի գինը հասավ ու սոսնձվեց 600 դրամին. տեղին է հիշել Փաշինյանի հրճվանքը, երբ կես դույլ ադրբեջանական բենզինը մտավ Հայաստան. Խաչատրյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «A-92 (ռեգուլյար) բենզինի գինը հասավ ու սոսնձվեց 600 դրամին: Իհարկե, սա ռուս-ուկրաինական ու իրան-ամերիկյան պատերազմների ուղիղ հետևանքն է: Չեմ կարծում, թե այստեղ որևէ քաղաքաքական...

Ճեպազրույցում Եկեղեցու հանդեպ հնչեցրած սպառնալքիներից հետո՝ Փաշինյանն ընդունել է հավատքի հարցերով Սպիտակ տան  ներկայացուցչին

Ճեպազրույցում Եկեղեցու հանդեպ հնչեցրած սպառնալքիներից հետո՝ Փաշինյանն ընդունել է հավատքի հարցերով Սպիտակ տան ներկայացուցչին

Փաշինյանն ընդունել է Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդական Ուայթ Քեյնին։ Նա  ողջունել է  այցը Հայաստան և կարևորել Սպիտակ տան հավատքի հարցերով զբաղվող գրասենյակի հետ ձևավորված երկխոսությունը։ Ուայթ Քեյնը շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | ՀՅԴ-ն սկսում է Արտաշատում քարոզարշավը

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | ՀՅԴ-ն սկսում է Արտաշատում քարոզարշավը

Արտաշատի համայնքապետի ՀՅԴ թեկնածու Գերասիմ Վարդանյանը սկսում է նախընտրական քարոզարշավը։ Նա հանդիպում է ունենում ընտրողների հետ։ Ընտրությունները, հիշեցնենք, տեղի կունենան հոկտեմբերի 25-ին։ Քարոզարշավն առաջարկում ենք դիտել ուղիղ...

Հայաստանում անցկացվում են Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրեր

Հայաստանում անցկացվում են Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրեր

Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրերի շրջանակում Հայաստանում հյուրընկալվել է «Օրփեոս» հեռուստառադիոկենտրոնի «Երգչախմբային երգեցողության վարպետներ» ակադեմիական մեծ երգչախումբը: Մշակույթի օրերն անցկացվում են Երևանում և Գյումրիում։ ՌԴ նախագահի միջազգային մշակութային...