Մի 20 օր առաջ ֆեյսբուքյան լայվ էր մտել մարդամեկն ու ասում էր՝ այսօր զինվորների ծնողները գիշերը հանգիստ են քնում ու, դա անարժանապատիվ է ընդդիմադիրների համար, որովհետև, ասում էր, ընդդիմադիրների համար արժանապատիվ է, որ միայն իրենք հանգիստ քնելու հնարավորություն ունենան»։ Նիկոլի այս ելույթից հետո բանակում երկու զոհ է գրանցվել։ 20 օր է անցել այդ ելույթից, ունենք մի քանի դեպք, երկու զոհ, դանակահարություն։ Երեկ՝ ապրիլի 14-ին, հրազենային վիրավորումից մահացավ զինծառայող Նարեկ Արշակի Հակոբյանը։ Փետրվարի 26-ին էլ զոհ ունեինք, ու էլի՝ Նարեկ Հակոբյան էր, Համլետի։ Ապրիլի 2-ին զորավարժադաշտում էլի մահացավ զինծառայող։ Ընդդիմությունը շարունակում է ահազանգել, իսկ ահա նիկոլն ու իր պաշտպանության նախարարը հանգիստ քնում են։ Իսկ այդ զինծառայողների ծնողները հանգի՞ստ են քնում, Նիկոլ։ Ցույց կտա՞ք մեկ հոգու, որը բանակում ունի որդի, ու գիշերը հանգիստ գլուխը դնում է բարձին։ Ցույց կտա՞ք մեկ հոգու, որը չունի զինծառայող, բայց մտածող քաղաքացի է ու հանգիստ է քնում ձեր օրոք։ Շարունակում եք երիտասարդ կյանքեր խլել բանակում։ Երբ ծնողը զավակին ճանապարհում է բանակ, գիտի, որ վտանգը թշնամին է։ Բայց զավակը զոհ է գնում ներքին խնդիրների, կարգապահության բացակայության, բարոյահոգեբանական ճգնաժամի, պարզապես Նիկոլի, Պապիկյանի, Ասրյանի ապաշնորհ կառավարման պատճառով։ Ու ծնողի համար սրանք դառնում են հավասարապես թշնամի։ Կանգնում-ցինիկաբար ասում են՝ դե սահմանին չեն կրակում, գնացեք քնեք։ Սահմանին դեռ հրադադար է, բայց մեր բանակն արյունահոսում է ներսից, ու դրա միակ մեղավորը այս քաոսի հեղինակներն են։ Պաշտպանության նախարարն ու գենշտաբի պետը վաղուց պետք է հեռացված ու դատված լինեին։ Էս կարգի բարդակ անգամ էն 90-ականների սկզբում չկար, երբ բանակը նոր-նոր էր կազմավորվում։
Դիրքեդրում տեղի է ունենում դանակահգարության դեպք, պաշտպանության նախարարը նախընտրական քաղաքական գրառումներ է անբում։ Առաջ էլ, երբ Երասխում կրակում էին, Վեդիում նախընտրական քարոզարշավի բուկլետ էր բաժանում։ Հայաստանի Հանրապետության արտաքին անվտանգությունը խայտառակ վիճակում է, թշնամու առաջ՝ ազատ, բաց։ Բայց ներքին անվտանգությունը շատ ավելի վատ վիճակում է։ Այստեղ այլ թշնամի է գրավելով գալիս։ Մենք անընդհատ ու արդարացիորեն խոսում ենք արտաքին թշնամուց և սահմանային վտանգներից։ Բայց ի՞նչ արժեք ունի պետությունը, եթե քաղաքացին իրեն ապահով չի զգում բանակի ներսում, իր իսկ բակում, իր երեխայի դպրոցի ճանապարհին։
ՔՊ ծրագրում մի բաժին կա, անունը դրել են «ներքին անվտանգություն»։ Բացում եմ, որ կարդամ, տեսնեմ էս բարդակի հայրերը կարգավորման ինչ ուղի են առաջարկում, բայց սրանք գրել են ինչ-որ լեգիտիմության ու սահմանադրական փոփոխությունների մասին։ Գրել են՝ «անվտանգության աղբյուրը քաղաքացիների ամբողջությունն է, պետություն ունենալու կամքը» և այլ անիմաստ լոլոներ։ Սա ի՞նչ կապ ունի, եթե ոստիկանության բացակայության պատճառով երկրում քաոս է։ Ասում է՝ նախկինում սահմանադրություններն ընդունվել են կեղծիքով, դրա համար․․․ Ու ինչ-որ հիմարություններ։ Ամեն օր ու ամենուր կրակոցներ են, մահ, սպանություններ, սահմանադրական հանրաքվեն ի՞նչ կապ ունի դրա հետ։ Ձեր օրոք հանցագործությունների՝ ՀՀ պատմության մեջ ամենառեկորդային թիվն է, ի՞նչ սահմանադրական հանրաքվե հետ։ Ո՞նց կարող եք դրանք կապել։ Քանի հատ էլ սահմանադրություն փոխես, Նիկոլի իրավապահ համակարգի գլխավոր խնդիրը լինելու է դրա աթոռը պահելը։ Մի քանի օր առաջ մարդամեկը գնում էր Լոռի․ ու ինչ եղավ․ ոստիկանական գվարդիայի ավտոբուսը, որը Նիկոլի համար կարգուկանոն իբր հաստատելու համար գնում էր Լոռի, վթարվեց, ունեցանք զոհ և 12 վիրավոր։
Ներքին աանվտանգությունը զրո է, որովհետև ոստիկանների մի կեսը ու ուժայինների, քննչականների, դատախազության մի կեսը զբաղված է Նիկոլի պաշտպանությամբ, մյուս կեսը՝ ընդդիմադիրների ու ժողովրդի գլխին սարքելով։ Երեկ երեկոյան էլի հերթական ապօրինի ձերբակալությունն էր, մարդկանց գլխին սարքոցին, ձերբակալել էին «Ուժեղ Հայաստան» կուսակցության երկու կին անդամի։ Հայաստանում նախընտրական նկատառումներով, զուտ քաղաքական հայացքների համար ձերբակալում են մանկահասակ երեխայի մոր։ 2018-ի իրադարձությունների ժամանակ օրերոցով փողոց էին փակում Մայրերը՝ Նիկոլի համար, այսօր մայրն ու օրորոցը հայտնվում են բնանտում։ Փորձում են հասարակությանը կառավարել միայն տեռորով, վախով։ Սա հենց ներքին անվտանգային ճգնաժամն է։
Երբ իրավապահ-ուժայինը վերածվում է իշխանության անձնական պահնորդի, ընդդիմության գլխին սարքող, ընդդիմության վրա նռնակ բանեցնող տեռորիստի, փողոցում գլուխ է բարձրացնում գողը, ավազակը, մարդասպանը, թմրավաճառը։ Այսօր ապրիլի 15-ն է․ վերջին 15 օրում քա՞նի հանցագործության, կրակոցների, սպանության մասին եք կարդացել։ Էջմիածնի գլխավոր հրապարակում հնչել են կրակոցներ։ Մրգաշենում տեղի է ունեցել սպանություն, ձերբակալվածներից մեկն անչափահաս է։ Կրակոցներ Արմավիրի մարզի Շեռնիկ գյուղում, մեկ անձն մահացել է։ Նորապատ գյուղում 15 հոգով ծեծել են մեկին, Երևանում անչափահասը դանակահարել է համադասարանցուն, ու ամեն օր նման ահազանգերով լեցուն է լրահոսը։
Հանցագործությունների մեջ սարսափելի տեմպերով աճել է անչափահասների, դեռահասների ներգրավվածությունը՝ սպանությունից մինչև թմրաշրջանառություն։ Մարդամեկը վերջին երկու-երեք տարիներին անընդհատ խոսում է կրթությունից, ամեն օր, դպրոց ենք սարքել, կրթում ենք, ակադեմիական քաղաք և այլն․ ու վերջին երկու-երեք տարում, հենց դա սկսեց իր դիպլոմ չունեցող հալով կրթության կարևորությունից խոսել, տեսնում ենք, որ շատացել են անչափահասների մասնակցությամբ հանցագործությունները։ Այսինքն՝ կրթության մասին աղաղակելով հանդերձ, ոչնչացրել են կրթական ու դաստիարակչական հիմքերը։ Իշխանության ներկայացուցիչն ինքն է խորհրդարանի ամբիոնից խուլիգանի բառապաշարով խոսում և մնում անպատիժ, դեռահասն ընկալում է դա որպես նորմ։ Բռնությունը Նիկոլի ու իր թիմի բառապաշարն է, ատելությունը գլխավոր զենքն է։ Բա ի՞նչ եք ուզում։
Այն իշխանությունը, որն ի վիճակի չէ պաշտպանել Հայաստանի արտաքին սահմանները, կարգուկանոն հաստատելկ սահմանին, բնականաբար, ի վիճակի չի լինելու պաշտպանել նաև քաղաքացու կյանքն ու գույքը երկրի ներսում։ Կրկնապատկված հանցագործություններն ու հանցագործ դարձող երեխաները հենց այն «Իրական Հայաստանն» են, որը կառուցել է ՔՊ-ն այս վեց տարիներին՝ անպատժելիության, պառակտման և արժեքների ոչնչացման ճանապարհով։ Հանցագործների համար Հայաստանը դարձել է դրախտ, իսկ սովորական քաղաքացու և նրա երեխայի համար՝ ամենօրյա վտանգ։
Կարճ ասած՝ սրանք ձիգ իշխանության քայլեր չեն, խուճապի մատնված, հոգեվարքի մեջ գտնվող և ընտրություններից սարսափող ռեժիմի ձեռագիր է։ Եվ որքան մոտենան այդ ընտրությունները, այնքան նրանց վախերն ավելի շատ են բացահայտվելու։
ՔՊ ծրագրում գրել են, թե՝ «Պետությունը պետք է սիրի իր քաղաքացուն»։ Սրանք, որ հասարակությանը բաժանում են սևերի ու սպիտակների, ոստիկանական բիրտ ուժով քաղաքացիներին ասֆալտին են փռում, թոշակառուի ու ուսուցչի վրա մունաթ են գալիս, 30 հազար ընտանիքի զրկել են տնից, հայրենիքից, գրել են, թե «Պետությունը պետք է սիրի քաղաքացուն»։ Ինչպես ասում է ՀՀ երկրորդ նախագահը, սիրել պետք չէ։ Արեք այնպես, որ ձեր պատճառով մարդիկ չմահաննան, աղբամանում սնունդ ման չգան, գիշերը բաց երկնքի տակ չքնեն, մարդկանց գլխին մի սարքեք, մի թալանեք, հեչ էլ սիրեք։
Սևակ Հակոբյան





