Քաղաքական հակասության խոշոր ցուցադրություն․ «Ժողովուրդ»

7 Ապրիլի, 2026

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ իշխանությունները նախատեսում են մայիսի 28-ին՝ Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա առթիվ, Հանրապետության հրապարակում անցկացնել լայնամասշտաբ զորահանդես։ Ըստ նույն աղբյուրի՝ նախատեսվում է ցուցադրել վերջին տարիներին ձեռք բերված ամբողջ զինտեխնիկան՝ փորձելով ստեղծել մի տպավորություն, թե իբր վերջին տասնամյակներում նման ծավալի սպառազինում չի իրականացվել։

Եթե այս տեղեկությունը հաստատվի, ապա ստացվում է չափազանց ուշագրավ և խոր հակասություններով լի պատկեր։ Խաղաղության օրակարգի մասին ամեն օր խոսող, իրեն «խաղաղության կուսակցություն» ներկայացնող իշխանությունը, փաստորեն, պատրաստվում է հենց մայրաքաղաքի կենտրոնում զինտեխնիկայի ցուցադրությամբ քաղաքական ուղերձ հղել հանրությանը։ Ընդ որում՝ ոչ միայն արտաքին լսարանին, այլ առաջին հերթին՝ ներքին սպառման համար՝ ցույց տալու, թե իր օրոք բանակաշինության և սպառազինման աննախադեպ փուլ է եղել։

Այս փորձը, ըստ էության, նաև քաղաքական համեմատության փորձ է։ ՔՊ-ն ակնհայտորեն ձգտում է իրեն նույն հարթության մեջ դնել այն շրջանի հետ, երբ պաշտպանության, բանակի, պետականության և հաղթանակի գաղափարները մարմնավորվում էին Վազգեն Սարգսյանի ժամանակների պետական մտածողության մեջ։ Սակայն այստեղ կա մի հիմնարար խնդիր․ նման համեմատությունը չի կարող համոզիչ լինել, երբ այն արվում է ոչ թե նույն արժեքային համակարգի, այլ դրա գրեթե հակառակ քաղաքական վարքագծի պայմաններում։

Սա անում է մի իշխանություն, որը տարիներ շարունակ հետևողականորեն դուրս է մղել ազգային հիշողության, հերոսության և դիմադրության խորհրդանիշները հանրային կրթական ու գաղափարական տարածքներից։ Մի իշխանություն, որի օրոք դպրոցներից և բուհերից հանվում են փառքի անկյունները։ Մի իշխանություն, որի վարքագծում գնալով ավելի նկատելի է դառնում 1915 թվականի ցեղասպանության հիշողությունը նսեմացնելու, այն երկրորդականացնելու կամ մոռացության տալու վտանգավոր միտումը։ Մի իշխանություն, որը սեփական ընդդիմախոսներին մեղադրում է «ագրեսիվ խոսույթի», պատերազմ հրահրելու, խաղաղությունը խաթարելու մեջ, բայց հիմա, փաստորեն, պատրաստվում է հենց ինքն օգտագործել բանակն ու զինտեխնիկան որպես քաղաքական ցուցադրության գործիք։

Հակասությունն առավել ակնառու է դառնում այն պատճառով, որ նույն իշխանությունը հանրությանը տարիներ շարունակ բաժանել է շատ պարզունակ բանաձևով՝ իրենք խաղաղության կողմնակիցներն են, իսկ իրենց քննադատողները՝ պատերազմի։ Այդ քարոզչական գիծը մշտապես օգտագործվել է ներքաղաքական պայքարում՝ ընդդիմախոսներին վարկաբեկելու, նրանց խոսքն արժեզրկելու և ցանկացած կոշտ քննադատություն «պատերազմատենչության» դաշտ հրելու համար։ Հիմա, սակայն, նույն իշխանությունը փորձում է զինված ուժերի, զենքի և ռազմական ցուցադրության միջոցով կապիտալիզացնել իր քաղաքական դիրքերը։

Եթե ՔՊ-ն իսկապես պատրաստվում է մայիսի 28-ը վերածել զինտեխնիկայի ցուցադրական շքերթի, ապա պետք է արձանագրել՝ սա ոչ միայն խորհրդանշական միջոցառում է, այլև ինքնախոստովանական քայլ։ Սա նշանակում է, որ իշխանությունն ինքն էլ է հասկանում՝ խաղաղության մասին անվերջ խոսելով չի կարող այլևս հանրությանը համոզել իր արդյունավետության մեջ և ստիպված է դիմել այն պատկերներին ու սիմվոլներին, որոնցից մինչև հիմա խուսափել է կամ որոնք փորձել է արժեզրկել։

Այս պատմության ամենախորքային շերտն այն է, որ այստեղ գործ ունենք ոչ թե գաղափարական ամբողջականության, այլ քաղաքական հարմարության հետ։ Երբ պետք է մեղադրել ընդդիմախոսներին՝ գործի է դրվում խաղաղության խոսույթը։ Երբ պետք է ուժ, պետություն, բանակ, վերահսկողություն ու ազդեցություն ցուցադրել՝ հրապարակ է բերվում զինտեխնիկան։ Այսինքն՝ իշխանությունը փորձում է միաժամանակ խոսել խաղաղությունից և օգտվել պատերազմի ու բանակի սիմվոլիկ կապիտալից։

Բայց այդ փորձը դժվար է ընկալել անկեղծ, երբ այն գալիս է նույն ձեռքից, որը տարիներ շարունակ մղել է հիշողության, ազգային դիմադրության ու արժանապատվության նահանջի քաղաքականություն։ Եվ որքան էլ փորձ արվի մայիսի 28-ի հնարավոր զորահանդեսը ներկայացնել որպես պետական հպարտության ակտ, այն միևնույնն է կմնա նաև որպես քաղաքական հակասության խոշոր ցուցադրություն․ խաղաղության մասին խոսող իշխանությունը, ի վերջո, իր քաղաքական դիրքը փրկելու համար կրկին ստիպված է դիմել ուժի պատկերին»։

Նմանատիպ նյութեր

Իրանի դեմ պատժամիջոցային քաղաքականությունը ճնշում է գործադրում համաշխարհային տնտեսության վրա. Հասան Ղաշղավի

Իրանի դեմ պատժամիջոցային քաղաքականությունը ճնշում է գործադրում համաշխարհային տնտեսության վրա. Հասան Ղաշղավի

ԱՄՆ-ն այնքան շատ պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ, որ պարզ չէ՝ էլ ինչ կարող են սահմանափակել, РИА Новости-ին հայտնել է Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Հասան Ղաշղավին։ «Արդեն ամբողջ աշխարհն է հարց...

Ռեթքլիֆը մեկնել է Մոսկվա՝ Ռուսաստանին զգուշացնելու, որ չհարձակվի ՆԱՏՕ-ի անդամ երկրի վրա. ТWJ

Ռեթքլիֆը մեկնել է Մոսկվա՝ Ռուսաստանին զգուշացնելու, որ չհարձակվի ՆԱՏՕ-ի անդամ երկրի վրա. ТWJ

CIA-ի տնօրեն Ջոն Ռեթքլիֆը այս շաբաթվա սկզբին մեկնել է Մոսկվա՝ Ռուսաստանին զգուշացնելու, որ չհարձակվի ՆԱՏՕ-ի անդամ երկրի վրա։ Այդ մասին The Wall Street Journal-ին հայտնել են այցի մասին տեղեկացված աղբյուրներ։ Այցը տեղի է ունենում այն ժամանակ, երբ ԱՄՆ-ի հետախուզական նոր...

Ասել եք՝ «Տոյոտան» կապարակնքում ենք, բոլորիդ Corolla ենք բաժանելո՞ւ․ Խաչատրյանը՝ ՔՊ-ականներին 

«Վերջին երկու օրվա իրադարձությունները, այն քաղաքական բեսպրիդելը, որը իրականացվում է Ռոբերտ Քոչարյանի և իր ընտանիքի անդամների հետ կապված, այսպիսի մի խոսք կա՝ նույնիսկ ոզնուն է հայտնի, որ սա քաղաքական հետապնդում է։ Որքան էլ որ փորձեք ինչ-որ...

Վեհափառ Հայրապետի և վեց եպիսկոպոսների նկատմամաբ կիրառվող մեղադրանքը անօրինական միջամտություն է Եկեղեցու ներքին կյանքին․ Մայր Աթոռ

Վեհափառ Հայրապետի և վեց եպիսկոպոսների նկատմամաբ կիրառվող մեղադրանքը անօրինական միջամտություն է Եկեղեցու ներքին կյանքին․ Մայր Աթոռ

Ի գիտություն մեր զավակների հայտնում ենք, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Գերագույն հոգևոր խորհրդի անդամ վեց եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործով նախնական դատալսումների նիստը նշանակվել է 2026 թվականի օգոստոսի 28-ին՝ ժամը 16։30-ին։ Այս մասին...

Անկախության 35-ամյակի տոնակատարությունների համար 1.3 մլրդ դրամ կհատկացվի

Անկախության 35-ամյակի տոնակատարությունների համար 1.3 մլրդ դրամ կհատկացվի

ՀՀ անկախության 35-ամյակի կապակցությամբ Երևանում, Կապանում, Վանաձորում, Գյումրիում և Իջևանում նախատեսված տոնական միջոցառումների համար կառավարության պահուստային ֆոնդից 1 մլրդ 326 մլն 969,8 հազար դրամ կհատկացի։ ԿԳՄՍ նախարարության նախագծի համաձայն` ամենամեծ գումարը՝ 1...