Ինչո՞ւ են մարզպետներն ու նրանց տեղակալները թաքցնում իրենց պարգևավճարները. «Հետք»

6 Ապրիլի, 2026

Վերջին 5 տարում Հայաստանի 8 մարզպետարանների աշխատակիցներին վճարվել է ավելի քան 4,3 միլիարդ դրամի պարգևավճար: Մարզպետարանների մի մասը հրաժարվել է «Հետքին» ասել, թե բարձրաստիճան պաշտոնյաները կոնկրետ որքան գումար են ստացել որպես պարգեւավճար: Նրանց մի մասը հորդորել է ուսումնասիրել պաշտոնյաների եկամուտների հայտարարագրերը, որոնք հրապարակվելու են մայիսին, իսկ Սյունիքի և Վայոց ձորի մարզպետներն առհասարակ խուսափել են ամբողջական տեղեկատվություն տրամադրելուց։

«Հետքը» գրավոր հարցում էր ուղարկել բոլոր 10 մարզպետներին՝ խնդրելով տրամադրել 2021-2025թթ. պարգևավճար ստացած աշխատողների թվի, պարգևավճարի չափի վերաբերյալ տեղեկություններ։ Խնդրել էինք նաև առանձնացնել մարզպետների ու նրանց տեղակալների վերաբերյալ նշված տեղեկությունը։ Ութ մարզպետարանների աշխատակիցները մոտ 4 մլրդ 368 մլն դրամ պարգևավճար են ստացել վերջին 5 տարվա ընթացքում: Այս տվյալներում ներառված չեն Վայոց ձորի և Սյունիքի մարզպետարանների աշխատակիցների պարգևավճարները: Այս երկու մարզպետները չեն տրամադրել պարգևավճար ստացած աշխատակիցների ու պարգևավճարի չափի վերաբերյալ ամբողջական տեղեկություններ: Իսկ Արմավիրի ու Շիրակի մարզպետները չեն հայտնել, թե քանի աշխատակից է պարգևավճար ստացել:

Վայոց ձորրի մարզպետ Վահագն Արսենյանը գրավոր պատասխանում նշել է, թե մարզպետի աշխատակազմին հատկացված միջոցները, այդ թվում՝ պարգևատրման գումարները, արտացոլվում են Հայաստանի՝ յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի մասին օրենքով:

«Հայտնում եմ նաև, որ մարզպետը, մարզպետի տեղակալները, խորհրդականները և օգնականները հանդիսանում են հայտարարատու պաշտոնյաներ»,-նշված է մարզպետ Արսենյանի պատասխանում։ Նա, փաստացի, խուսափել է տեղեկություններ տրամադրել։

Սյունիքի մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղարի տրամադրած տեղեկատվությունն ամբողջական ու արժանահավատ չէ: Մեզ ուղղված պատասխանում նա նշել է, օրինակ, որ 2025թ. մարզպետարանի բոլոր աշխատակիցները  պարգևատրվել են 115 հազ. 444 դրամի չափով, 2024-ին՝ 132 հազ. 759 դրամի չափով և այլն: Չկա տեղեկատվություն, թե տարեկան կտրվածքով քանի՞ աշխատակից է պարգևատրվել, որքա՞ն գումար է հատկացվել այդ նպատակով: Արդյոք վարչության պետը, տեխնիկական աշխատողն ու մարզպետը նույն չափով են վարձատրվել:

Մարզպետի ու իր տեղակալների՝ տարվա կտրվածքով ստացած պարգևավճարների վերաբերյալ հարցին ի պատասխան՝ հղում է կատարվել հայտարարագրերին, որ այդ անձինք հայտարարատու են: Մինչդեռ տարին մեկ անգամ հրապարակվող հայտարարագրում չկա առանձնացված տեղեկատվություն, թե եկամուտների որ մասն է աշխատավարձը, որը՝ պարգևավճարը։

Հարկ է նշել, որ թե՛ մարզպետը, թե՛ տեղակալները պաշտոնավարման ընթացքում տարեկան հայտարարագրերը ներկայացնում են մինչև տվյալ տարվան հաջորդող տարվա մայիսի 31-ը։ Այսինքն՝ 2025թ. հայտարարագրերը ներկայացնելու են մինչև 2026թ. մայիսի 31-ը, ինչը նշանակում է, որ դրանից շուտ տեսականորեն հնարավոր չէ պարգևավճարների վերաբերյալ տեղեկություն ստանալ:

Արմավիրի ու Շիրակի մարզպետարաններն էլ չեն հայտնել, թե տարեկան կտրվածքով քանի՞ աշխատակից է պարգևավճար ստացել, հետևաբար հնարավոր չէ տվյալները միջինացնել:

Նշենք, որ 2024թ. համեմատ պարգևավճարների ընդհանուր չափը 2025թ.-ին կրճատվել է միայն Գեղարքունիքի, Արագածոտնի, Լոռու, Կոտայքի մարզերում (խոսքը 8 մարզի մասին է՝ բացառությամբ՝ Սյունիքի ու Վայոց ձորի): Օրինակ՝ Գեղարքունիքում 2024թ. ընդհանուր պարգևավճարի չափը կազմել է մոտ 180 մլն դրամ՝ 106 աշխատակցի հաշվով, իսկ 2025-ին 102 աշխատակից ստացել է մոտ 139 մլն դրամ:

Արարատի, Արմավիրի, Տավուշի, Շիրակի մարզպետարանների պարգևավճարների ընդհանուր գումարն ավելացել է: Օրինակ՝ եթե 2024թ.-ին Արմավիրի մարզի աշխատակիցները ստացել են 43 մլն 527 հազ. դրամ պարգևավճար, ապա 2025-ին՝ մոտ 68 մլն դրամ, Շիրակում 2024թ.-ին ստացել են 92 մլն 476 մլն դրամ, 2025-ին՝ մոտ 104 մլն և այլն:

Անդրադառնալով պարգևավճարների վերաբերյալ ամբողջական տեղեկություններ տրամադրած 6 մարզպետարաններին, նշենք, որ 2025թ. միջինում ամենամեծ չափով պարգևատրվել են Տավուշի մարզպետարանի աշխատակիցները՝ 1 մլն 399 հազ դրամ: Պարգևավճարի չափով հաջորդում են Արագածոտնի և Գեղարքունիքի մարզպետարանների աշխատակիցները՝ համապատասխանաբար 1 մլն 365 հազ. դրամ և 1 մլն 362 հազ. դրամի չափով: Միջինում ամենաքիչ չափով պարգևավճար ստացել են Արարատի մարզպետարանի աշխատակիցները՝ 817 հազ. դրամ:

Ներկայացված տվյալները չեն նշանակում, որ մարզպետարանների բոլոր աշխատակիցները ստացել են նույնքան պարգևավճար: Բարձր պաշտոններ զբաղեցնողները պարգևատրվել են ավելի շատ, ինչի պատճառով  էլ աշխատողների ընդհանուր թվի միջինացված տվյալներով՝ մեկ անձի հաշվով գումարի չափը մեծանում է:

Օրինակ՝ Կոտայքի մարզպետն ու իր 2 տեղակալները 2025թ. ստացել են ընդհանուրը մոտ 25 մլն 407 հազ. դրամ պարգևավճար, իսկ մարզպետարանի 81 աշխատակիցները միասին՝ 77 մլն 611 հազ. դրամ: Ստացվում է, որ մարզպետն ու իր տեղակալները միջինում ստացել են 8 մլն 469 հազ. դրամ պարգևավճար, իսկ աշխատակիցներից յուրաքանչյուրը՝ մոտ 958 հազ. դրամ:

2024թ. համեմատ Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի ու իր 2 տեղակալների պարգևավճարը շեշտակի ավելացել է, իսկ մարզպետարանների աշխատակիցներինը, հակառակը՝ նվազել: 2024թ. մարզպետն ու տեղակալները ստացել են մոտ 18 մլն դրամ պարգևավճար, իսկ 84 աշխատակիցները՝ 134 մլն դրամ։

Նմանատիպ նյութեր

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Ուկրաինայի կորցրած հողերը «նրանց տարածքը» չեն, դրանք պատմականորեն ռուսական հողեր են, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Կիևի համար անտեղի է խոսել որևէ տարածքային կորստի մասին։ Դոնբասի և Նովոռոսիայի բնակիչները քվեարկել են Ռուսաստանի հետ վերամիավորման...

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

Քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երկու կարևոր իրադարձություն, որոնց պետք է հետևել Հայաստանում։ Առաջինը՝ ԵԱՏՄ-ի վերջերս հրապարակած շատ հստակ զեկույցն է, որտեղ մանրամասն ներկայացված են Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները։...

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Թրամփն այսօր սոցիալական ցանցում հայտարարել է, որ Իրանը ամեն ինչ անում է՝ ԱՄՆ-ում վառելիքի գները բարձրացնելու համար՝ միջանկյալ ընտրություններին ընդառաջ: Այս մասին գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։ «Այս մասին ես գրել էի դեռ երկու օր առաջ՝ ընդգծելով, որ վառելիքի...

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է․ Իշխան Սաղաթելյան

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է, նրա հերթական ապօրինի, կեղտոտ, կարած գործը։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝...

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուի կողմից բարեգործության արգելքը խախտելու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել։ Կոմիտեից հայտնում են, որ վարույթը նախաձեռնվել է հանրաքվեի կամ ընտրության ժամանակ բարեգործության...