Հաստատվել է Հայաստանի բուհերի 2026-2027 ուսումնական տարվա ընդունելության տեղերը

19 Մարտի, 2026

Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 19–ի նիստում հաստատել է Հայաստանի բուհերի 2026-2027 ուսումնական տարվա՝ ըստ մասնագիտությունների պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ և վճարովի, առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ընդունելության տեղերը։

Ըստ այս որոշման՝ նախատեսվում է 2026-2027 ուստարվա համար ըստ մասնագիտությունների առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով 11 000 վճարովի ընդունելության տեղ, որոնք  կբաշխվեն բուհերի կողմից ներկայացրած հայտերին համապատասխան՝ տվյալ մասնագիտությանը լիցենզիայով հատկացված տեղերի շրջանակում:

Ինչպես նախորդ՝ 2025-2026 ուստարվա, այնպես էլ 2026-2027 ուստարվա համար համապատասխան տեղեր են հատկացվել ԵՊՀ «Ֆիզիկա» (47 տեղ), «Տվյալների մշակումը ֆիզիկայում և արհեստական բանականություն» (15 տեղ) և «Ռադիոֆիզիկա» (47 տեղ) կրթական ծրագրերին: Կադաստրի կոմիտեի առաջարկով ԵՊՀ «Աշխարհագրություն» մասնագիտության «Քարտեզագրություն և կադաստրային գործ» կրթական ծրագրի համար նախորդ տարվա 4 տեղի փոխարեն նախատեսվել է 5 տեղ:

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի մասնագիտությունների ցանկում ներառված՝ «Տեղեկատվական անվտանգություն» և «Ավիացիոն և հրթիռային տեխնիկա» մասնագիտություններին հատկացվել է ընդհանուր  50 տեղ, որից 15-ը «Բլոկչեյն և ՎԵԲ3 տեխնոլոգիաներ», իսկ 10-ը «Ավիատիեզերական ճարտարագիտություն» կրթական ծրագրերին:

Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում «Մասնագիտական մանկավարժություն» մասնագիտության «Մաթեմատիկա-Ֆիզիկա», «Մաթեմատիկա-Ինֆորմատիկա», «Կենսաբանություն-Քիմիա» «Աշխարհագրություն-Բնագիտություն» կրթական ծրագրերին հատկացվել են 12-ական տեղեր, «Արհեստ-արվեստ» ծրագրին՝ 1 տեղ, իսկ «Oպերատորություն» և «Ռեժիսուրա» մասնագիտություններին տրամադրվել են 1-ական, «Հատուկ մանկավարժություն» մասնագիտության նոր՝ «Հատուկ մանկավարժություն» կրթական ծրագրին՝ 2, «Էրգոթերապիա» կրթական ծրագրին՝ 1 տեղեր:

2026-2027 ուսումնական տարվա համար Վանաձորի Հ.Թումանյանի անվան պետական համալսարանում «Մասնագիտական մանկավարժություն» մասնագիտության «Ֆիզիկա», «Մաթեմատիկա» և «Քիմիա» կրթական ծրագրերի պետության կողմից ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ տեղերը բաշխվել են «Մաթեմատիկա-Ֆիզիկա» և «Կենսաբանություն-Քիմիա» կրթական ծրագրերին (ընդհանուր՝ 9 տեղ):

Հայաստանի ազգային ագրարային համալսարանին 2026-2027 ուստարվա համար նախատեսվել է 119 տեղ, նախորդ տարվա 118 տեղի փոխարեն: Մասնավորապես, նախորդ ուստարվա համեմատությամբ 8 տեղ է հատկացվել «Ագրոմեխատրոնիկա և ճշգրիտ ռոբոտատեխնիկա» կրթական ծրագրին, «Պարենամթերքի տեխնոլոգիա» մասնագիտության 32 տեղը բաշխվել է տվյալ մասնագիտության կրթական ծրագրերին՝ «Պարենամթերքի տեխնոլոգիա»՝ 18 տեղ  (նախորդ տարվա 22-ի փոխարեն), «Սննդամթերքի անվտանգություն»՝ 6 տեղ (նախորդ տարվա 5-ի փոխարեն), «Խմորման արտադրության տեխնոլոգիա և գինեգործություն» 8 տեղ։ «Մեքենասարքավորումների ճարտարագիտություն» կրթական ծրագրի համար նախատեսվաում է 7 տեղ (նախորդ տարվա 6-ի փոխարեն), «Ճշգրիտ գյուղատնտեսություն» կրթական ծրագրի համար՝ 5  տեղ (նախորդ տարվա 4-ի փոխարեն):

Ընդհանուր առմամբ 2026-2027 ուսումնական տարվա` պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ առկա ուսուցմամբ, բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրով ընդունելությանը կհատկացվի 2921 տեղ, որից 2109-ը՝ ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններին, ընդ որում՝ 2109 տեղից՝ 1282-ը՝ (որը կազմում է ընդհանուր տեղերի թվի շուրջ 61%-ը) նախատեսված է բնագիտամաթեմատիկական (STEM) ոլորտի կրթական ծրագրերի համար (2025-2026 ուսումնական տարում STEM ոլորտին հատկացվել ընդհանուր տեղերի 60%-ը):

ՊՆ–ի հայտով Վ. Սարգսյանի անվան ռազմական ակադեմիային կտրամադրվի 309 տեղ, «Պատիվ ունեմ» ծրագրով ընդունելության համար նախատեսել է 273 տեղ (2023-2025 թվականների ՄԺԾԾ-ով ամրագրված էր 350 տեղ)` հաշվի առնելով 2023-2025թթ «Պատիվ ունեմ» ծրագրով ընդունելության արդյունքների վերլուծությունը, ըստ որի՝ 2023-2024 ուստարվա նախատեսվել էր 180 տեղ, ընդունվել են 124-ը ( փաստացի սովորում են 63-ը), 2024-2025 ուստարում նախատեսվել էր 160 տեղ, ընդունվել են 119-ը (սովորում են 93-ը), 2025-2026 ուստարում տրամադրվել է 273 տեղ, ընդունվել են 137-ը:

Ինչպես 2025-2026, այնպես էլ 2026-2027 ուստարիների համար, ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններին հատկացվել են նպատակային ուսուցման համար պետության կողմից լրիվ փոխհատուցմամբ տեղեր, մասնավորապես՝ Մ.Հերացու անվան պետական համալսարանին՝ 47 (2025-2026 ուստարվա համար Առողջապահության նախարարության առաջարկով՝ Արմավիրի, Արարատի, Արագածոտնի, Շիրակի, Գեղարքունիքի, Լոռու, Վայոց Ձորի, Տավուշի և Սյունիքի մարզերի դիմորդների համար 5-ական տեղեր, Կոտայքի մարզի դիմորդների համար` 2 տեղ), Կոմիտասի անվան կոնսերվատորիա՝ 1 տեղ և Երևանի Թատրոնի և կինոյի ինստիտուտին՝ 10 տեղ (ՀՀ մշակույթի պահպանության, զարգացման և հանրահռչակման 2023-2027 թթ. ռազմավարությունը և դրա կատարումն ապահովող գործողությունների ծրագիր)։

Նմանատիպ նյութեր

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուի կողմից բարեգործության արգելքը խախտելու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել։ Կոմիտեից հայտնում են, որ վարույթը նախաձեռնվել է հանրաքվեի կամ ընտրության ժամանակ բարեգործության...

ԱՄՆ-ն Իրանին մեղադրել է նավթի գներն արհեստականորեն բարձրացնելու փորձերի մեջ

ԱՄՆ-ն Իրանին մեղադրել է նավթի գներն արհեստականորեն բարձրացնելու փորձերի մեջ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեղադրել է Իրանին՝ ԱՄՆ-ում միջանկյալ ընտրությունների նախաշեմին նավթի գներն արհեստականորեն բարձրացնելու փորձերի մեջ։ «Նրանք նույնիսկ միջադեպեր են հորինում, պայթյուններ հրահրում և այլ ստոր գործողություններ իրականացնում, քանի որ այժմ Հորմուզի...

Նախագահը լիազորություն չուներ չվավերացնելու Կառավարության որոշումները․ Արամ Օրբելյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստում այժմ ներկայացված միջնորդության շուրջ հարցուպատասխանի փուլն է։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասել է փաստաբան Արամ Օրբելյանը՝ անդրադառնալով...

«Թող ընտրողը հասկանա՝ ում է ընտրում»․ Արաքսի ընդդիմադիր թեկնածուն բանավեճի է հրավիրում ՔՊ-ի թեկնածուին

«Թող ընտրողը հասկանա՝ ում է ընտրում»․ Արաքսի ընդդիմադիր թեկնածուն բանավեճի է հրավիրում ՔՊ-ի թեկնածուին

Հոկտեմբերի 25-ին ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն Արմավիրի մարզի Արաքս խոշորացված համայնքում։ Ընտրություններին մասնակցում է երկու ուժ՝ ՔՊ-ն և «Համերաշխություն» և «Առաջ» կուսակցություններից կազմված «Արդարություն» դաշինքը։ Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, YerevanToday-ի տաղավարում...

Վանաձորում հրդեհ է բռնկվել Նաիրի փողոցի բնակարաններից մեկում․ կա վիրավոր

Վանաձորում հրդեհ է բռնկվել Նաիրի փողոցի բնակարաններից մեկում․ կա վիրավոր

Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Նաիրի փողոցի շենքերից մեկում բնակարան է այրվում։ Shamshyan.com-ի...