Այս անորակ և մշտապես կրկնվող գործընթացն իր մեջ պարունակում է նաև կոռուպցիոն լուրջ բաղադրիչ. Մհեր Մելքոնյան

11 Մարտի, 2026

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանը գրում է. «Շիրակի մարզի բազմաթիվ համայնքներում ճանապարհների փոսալցման գործընթացը տարիների ընթացքում վերածվել է համակարգային խնդրի, որը այլևս չի կարելի դիտարկել որպես պարզապես տեխնիկական կամ սեզոնային երևույթ։ Ամեն տարի գարնան գալուն պես համայնքներում սկսվում են ճանապարհների փոսալցման աշխատանքներ, որոնց վրա համայնքային բյուջեներից ծախսվում են միլիոնավոր դրամներ։ Սակայն ցավալի իրականությունն այն է, որ այդ աշխատանքների մեծ մասը ապահովում է միայն կարճաժամկետ արդյունք, և նույն ճանապարհները մի քանի ամիս անց կրկին հայտնվում են նույն անմխիթար վիճակում։
Այս իրավիճակը ոչ միայն անհարմարություն է պատճառում քաղաքացիներին և վարորդներին, այլ նաև լուրջ հարցեր է առաջացնում հանրային միջոցների արդյունավետ օգտագործման վերաբերյալ։ Երբ նույն խնդիրը տարիներ շարունակ կրկնվում է՝ նույն ծախսերով և նույն անարդյունավետությամբ, ապա արդեն խոսքը գնում է ոչ թե ճանապարհների վիճակի, այլ կառավարման որակի և պատասխանատվության մասին։
Ավելին, ստեղծված իրավիճակը հիմք է տալիս ենթադրելու, որ այս անորակ և մշտապես կրկնվող գործընթացը իր մեջ պարունակում է նաև կոռուպցիոն լուրջ բաղադրիչ։ Երբ նույն ճանապարհները ամեն տարի «վերանորոգվում» են, սակայն իրականում խնդիրը չի լուծվում, իսկ բյուջետային միջոցները շարունակաբար ծախսվում են, բնական հարց է առաջանում՝ ո՞ւմ է ձեռնտու այս անվերջ փոսալցումների քաղաքականությունը։ Սա այն դեպքն է, երբ խնդրի չլուծվելը որոշ շրջանակների համար կարող է դառնալ շահավետ գործընթաց։
Հետևաբար անհրաժեշտ է, որպեսզի յուրաքանչյուր նման դեպք ենթարկվի հստակ և մանրամասն վերլուծության։ Պետք է պարզվի՝ ինչ ծավալի աշխատանքներ են կատարվել, ինչ միջոցներ են ծախսվել, ով է իրականացրել այդ աշխատանքները և ինչու է դրանց որակը այդքան արագ դառնում անբավարար։ Ամեն մի դեպքով պետք է տրվի հստակ գնահատական, և անորակ աշխատանքների համար պատասխանատու անձինք ու կազմակերպությունները պետք է ենթարկվեն շատ խիստ պատասխանատվության։ Միայն այս կերպ հնարավոր կլինի վերջ տալ տարիներով շարունակվող անարդյունավետ և կասկածելի գործընթացներին։
Փոսալցումը չի կարող լինել երկարաժամկետ լուծում։ Այն պետք է լինի միայն ժամանակավոր միջոց, մինչ ճանապարհների հիմնանորոգումը։ Սակայն Շիրակի մարզի բազմաթիվ համայնքներում այն դարձել է մշտական մեխանիզմ, որի արդյունքում յուրաքանչյուր տարի կրկնվում են նույն ծախսերը՝ առանց խնդրի իրական լուծման։
Համոզված եմ, որ ժամանակն է այս խնդրին տալ համակարգային մոտեցում։ Անհրաժեշտ է իրականացնել ճանապարհների փուլային հիմնանորոգում, կիրառել որակյալ շինարարական տեխնոլոգիաներ, ինչպես նաև ապահովել կատարվող աշխատանքների նկատմամբ խիստ և անկախ վերահսկողություն։ Բացի այդ, համայնքներում պետք է ապահովվի ճանապարհաշինարարական աշխատանքների լիարժեք թափանցիկություն, որպեսզի քաղաքացիները հստակ պատկերացում ունենան, թե ինչպես են ծախսվում իրենց վճարած հարկերից ձևավորված միջոցները։
Հանրային միջոցների արդյունավետ օգտագործումը ոչ միայն տնտեսական, այլև բարոյական պատասխանատվություն է ժողովրդի առաջ։ Եվ այդ պատասխանատվությունը պարտավոր են կրել բոլոր նրանք, ովքեր տնօրինում են այդ միջոցները։ Ժամանակն է վերջ տալ տարիներով շարունակվող անարդյունավետ և կասկածելի գործընթացներին՝ վերականգնելով հանրային վստահությունն ու պետական կառավարման պատասխանատվությունը»։

Նմանատիպ նյութեր

Սիսիանում 15 և 16-ամյա դեռահասները խաղալիք ատրճանակով կրակել են 9-ամյա երեխայի վրա, ապա դանակով սպառնացել

Սիսիանում 15 և 16-ամյա դեռահասները խաղալիք ատրճանակով կրակել են 9-ամյա երեխայի վրա, ապա դանակով սպառնացել

Հոկտեմբերի 17-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 17։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սիսիանի բաժին է դիմել Սյունիքի մարզի բնակիչ 32-ամյա Ռոզա Մ․-ն և հայտնել, որ նույն օրը՝...

Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների՝ սահմանը հատած ադրբեջանցին վերադարձվել է

Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների՝ սահմանը հատած ադրբեջանցին վերադարձվել է

Սահմանը հատած ադրբեջանցին վերադարձվել է Ադրբեջան, գրում են ադրբեջանական ԶԼՄ–ները։ Հայկական կողմը պաշտոնապես չի հաստատել տեղեկությունը։ Նշենք, որ  ԱԱԾ-ն այսօր է միայն հաստատել, որ  Հայաստանի սահմանը ադրբեջանցի է հատել,  նշվելով, որ ձեռնարկվում են համապատասխան...

ԵԱՏՄ-ից հնարավոր հեռացման աղետալի հետևանքները՝ թվերով

ԵԱՏՄ-ից հնարավոր հեռացման աղետալի հետևանքները՝ թվերով

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակում Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի նախագահների՝ 2026 թվականի մայիսի 29-ի համատեղ հայտարարության հիման վրա պատրաստվել է զեկույց՝ Հայաստանի անդամակցության հնարավոր կասեցման հետևանքների վերաբերյալ։ Փաստաթղթում...

Կարևորվել է հոգևոր սպասավորների փոխայցելություններն ու փորձի փոխանակումը. Մայր Աթոռ

Կարևորվել է հոգևոր սպասավորների փոխայցելություններն ու փորձի փոխանակումը. Մայր Աթոռ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Կաթոլիկ Եկեղեցու Նեապոլի թեմի հոգևորականներին: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից: Հոկտեմբերի 22-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց...

Իրան-ԱՄՆ բանակցությունների դանդաղման պատճառը ԱՄՆ-ի կողմից թելադրվող պայմաններն են․ Բաղայի

Իրան-ԱՄՆ բանակցությունների դանդաղման պատճառը ԱՄՆ-ի կողմից թելադրվող պայմաններն են․ Բաղայի

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային քննադատել է ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի հայտարարությունները, ըստ որոնց՝ «իրանցիների կրոնական համոզմունքները» խոչընդոտում են երկու երկրների միջև...