Արայիկ Հարությունյանը մանիպուլացնում է Հայաստանի երկնքով տարանցիկ թռիչքների թեման. «Հետք»

7 Մարտի, 2026

«Հետքը» գրում է. «ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը մարտի 6-ին մանիպուլյատիվ հայտարարություն է արել Հայաստանի երկնքով տարանցիկ (տրանզիտ) թռիչքներ իրականացնող օդանավերի վերաբերյալ:

«Ֆեյսբուք» սոցցանցի իր էջում թռիչքներին առցանց հետեւող flightradar24.com կայքից մի պատկեր տեղադրելով՝ Հարությունյանը գրել է. «Էն, որ առաջին օրից Խաղաղության խաչմերուկը ծաղրում էիք, ասում էիք մեռելածին նախագիծ է, հիմա զգու՞մ եք ձեր սնանկությունը: «Թրիփն» էլ առաջիկա տարիներին կբացվի, եւ Հայաստանը կամրապնդվի որպես շատ կարեւոր հանգույց»:

Բարձրաստիճան պաշտոնյան չի նշել եւ օբյեկտիվորեն չէր էլ կարող նշել ՀՀ գործող իշխանության «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի եւ Հայաստանի երկնքով անցնող թռիչքների հոսքի որոշակի ավելացման պատճառահետեւանքային կապը, քանի որ այն պարզապես չկա:

Փետրվարի 28-ից Մերձավոր Արեւելքում պատերազմական իրավիճակ է, եւ անկախ նրանից, թե այս տարածաշրջանի որ երկրի օդային տարածքն է ֆորմալ առումով բաց քաղաքացիական չվերթերի համար, պատերազմում այս կամ այն կերպ չներգրավված երրորդ երկրների ավիափոխադրողները, թռիչքային եւ ավիացիոն անվտանգության նկատառումներից ելնելով, շրջանցում են Մերձավոր Արեւելքը, մասնավորապես՝ Իրանը, Իրաքը, Պարսից ծոցի արաբական մյուս երկրները՝ բացառությամբ Սաուդյան Արաբիայի եւ Օմանի (տես ստորեւ):

Մինչեւ ԱՄՆ-Իրան-Իսրայել պատերազմի մեկնարկը Եվրոպայից դեպի Մերձավոր Արեւելք, Հնդկաստան, Հարավարեւելյան Ասիա եւ Ավստրալիա թռիչքներն իրականացվում էին Իրանով, Իրաքով, Քաթարով ու ԱՄԷ-ով անցնող օդային մայրուղիներով: Պատերազմի մեկնարկին զուգահեռ այս մեծ հոսքերը դադարել են, ինչը կարելի է տեսնել flightradar24.com-ի տարածած կարճ տեսանյութում:

Վերոնշյալ հոսքերը շատ արագ ուղղվել են դեպի հարավ ու հյուսիս: Հարավը Եգիպտոս-Սաուդյան Արաբիա-Օման երթուղին է, հյուսիսը՝ Թուրքիա-Վրաստան/Հայաստան-Ադրբեջան-Միջին Ասիա ուղղությունը:

Պատճառահետեւանքային այս կապը (եւ ոչ թե «Խաղաղության խաչմերուկի» գոյությունը) արձանագրել է նաեւ flightradar24.com-ը:

Ավիացիայում եւ, մասնավորապես, քաղաքացիական ավիացիայում գլխավոր նախապայման են թռիչքային (air safety) եւ ավիացիոն (aviation security) անվտանգությունը: Պարզ լեզվով ասած՝ ոչ մի ավիաընկերություն կամ օդանավ չի մտնում այնպիսի օդային տարածք, որը վտանգավոր է, առավել եւս՝ պաշտոնապես փակված տվյալ երկրի իշխանությունների կողմից: Այսինքն՝ Արայիկ Հարությունյանի նշած «Խաղաղության խաչմերուկը» ոչ մի կապ չունի պատերազմական իրավիճակում հայտնված երկրների օդով տարանցիկ հոսքերի՝ մասամբ Հայաստանի երկինք տեղափոխվելու հետ:

Եթե Հարությունյանի հայտարարության տրամաբանությունն այն է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ, իշխանության ձեւակերպմամբ, խաղաղություն է հաստատվել, ինչն էլ նպաստել է տարանցիկ թռիչքների աճին, ապա դա եւս մանիպուլյատիվ է, քանի որ երրորդ երկրների ավիաընկերություններին տրամաբանորեն հետաքրքիր չէ, թե ինչ պատմական կոնֆլիկտ ունեն, ասենք, Հայաստանն ու Ադրբեջանը կամ Հայաստանն ու Թուրքիան կամ Հնդկաստանն ու Պակիստանը, Պակիստանն ու Աֆղանստանը, այդ կոնֆլիկտները լուծվել են, թե ոչ, «խաղաղության պայմանագիր» է (նախա)ստորագրվել, թե ոչ:

Եթե այս երկրների օդային տարածքը պաշտոնապես փակված չէ քաղաքացիական թռիչքների համար, եւ ավիաընկերությունները դրանց վրայով չվերթերի իրականացումը գնահատում են անվտանգ, ապա, կախված չվերթի ուղղությունից եւ ավիացիոն հաշվարկներից, Թուրքիա-Հայաստան-Ադրբեջան կամ Աֆղանստան-Պակիստան-Հնդկաստան եւ հակառակ երթուղիներով տարանցիկ թռիչքներ կատարելը (տես ստորեւ) միանգամայն նորմալ է, ավելին՝ շահավետ:

Նկատենք, որ երբ մարտի 5-ին ԱԹՍ-ն հարվածեց Հայաստանի սահմաններից ոչ հեռու գտնվող Նախիջեւան քաղաքի օդանավակայանին, նկատվեց ՀՀ երկնքով անցնող տարանցիկ հոսքերի որոշակի «գաղթ» դեպի Հայաստանի հյուսիս եւ Վրաստան: Սա եւս մեկ անգամ ապացուցում է, որ ամեն ինչի հիմքում նախեւառաջ (բայց ոչ բացառապես) թռիչքային ու ավիացիոն անվտանգությունն է:

Եթե որոշ ժամանակ անց Մերձավոր Արեւելքում իրավիճակը հանդարտվի, եւ անվտանգությանն առնչվող ռիսկերը խիստ նվազեն, դեպի Հայաստան տեղափոխված տարանցիկ հոսքերը կրկին վերադառնալու են այն երկրներ, որոնցով անցել են: Ինչու՞: Պատասխանը պարզ է. ճանապարհն այդպես ավելի կարճ է: Իսկ կոմերցիոն ավիացիայում գնագոյացման առանցքային գործոններից մեկը վառելիքն է. որքան երկար է ճանապարհը, այնքան մեծ է վառելիքի, հետեւաբար եւ՝ ֆինանսական ծախսը:

Փոխարենը Հայաստանը, անկախ «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի լինել-չլինելուց, եղել եւ մնում է տարանցիկ երկիր հյուսիս-հարավ երթուղու վրա: Օրինակ՝ քաթարական կամ էմիրաթական ավիափոխադրողների համար Հայաստանը տարանցիկ (տրանզիտ) երկիր է դեպի Վրաստան կամ Ռուսաստան թռիչքների համար, բայց, իհարկե, միակը չէ: Հայաստանը եղել եւ մնում է տարանցիկ երկիր, օրինակ, Թուրքիայից դեպի Միջին Ասիա թռիչքների համար, չնայած այս դեպքում էլ կա այլընտրանք (առաջին հերթին՝ Վրաստանը):

Հարկ է նկատել, որ այն բանից հետո, երբ 2022 թ. սկսված ռուս-ուկրաինական պատերազմի հետեւանքով Ուկրաինայի երկինքը փակվեց քաղաքացիական թռիչքների համար, իսկ ԵՄ-ն ու Ռուսաստանն արգելեցին մյուս կողմի ավիաօպերատորների մուտքը իրենց օդային տարածք, Եվրոպայից, մասնավորապես, դեպի Չինաստան ու Հեռավոր Արեւելք եւ հակառակ ուղղությամբ չվերթերը սկսեցին կազմակերպվել Բելառուսը, Ուկրաինան, ու Ռուսաստանը շրջանցելով, ինչը, առաջին հերթին բխում էր այս երկրների հարավային հարեւանների՝ Թուրքիայի, Վրաստանի, Ադրբեջանի շահերից, որոնք դարձան շրջանցող հոսքերն ընդունողներ:

Փետրվարի 28-ին՝ Մերձավոր Արեւելքում սկսված հերթական պատերազմից ժամեր անց, flightradar24.com-ը տարածեց ավիացիոն գլոբալ հոսքերի պատկերը, որտեղ երեւում են քաղաքացիական թռիչքներից ազատ այնպիսի կոնֆլիկտային գոտիներ, ինչպիսիք են Ուկրաինան, Ռուսաստանի հարավ-արեւմուտքը, Բելառուսը, Մերձավոր Արեւելքը, այդ թվում՝ ներկայիս կոնֆլիկտի մեջ ներքաշված երկրները, նաեւ՝ Սիրիան, Եմենը:

Բնականաբար, այս երկրներով/շրջաններով անցնող տրանզիտային թռիչքներն այժմ իրականացնում են այլ երթուղիներով:

Ամփոփենք՝ Հայաստանի երկնքով տարանցիկ չվերթերի ակտիվացման պատճառն այն է, որ այդ թռիչքների՝ Մերձավոր Արեւելքով անցնող ամենաօպտիմալ երթուղիները ներկայում վտանգավոր են եւ/կամ փակ, հետեւաբար Հայաստանի երկինքը դարձել է այլընտրանքային տարբերակներից մեկը: Իսկ այս փաստը սեփական քաղաքական թիմի արտաքին քաղաքական ծրագրին կապելը, մանավանդ առանց որեւէ հիմնավորման, պարզ քաղաքական-տեղեկատվական մանիպուլյացիա է, առավել եւս՝ գալիք խորհրդարանական ընտրություններից առաջ»։

Նմանատիպ նյութեր

Ճի՞շտ է թույլ տալ, որ նրանք զրկեն մեզ մեր ռազմական և պաշտպանական կարողություններից և խոնարհվենք նրանց առջև․ մենք դա չենք անի․ Փեզեշքիան

Ճի՞շտ է թույլ տալ, որ նրանք զրկեն մեզ մեր ռազմական և պաշտպանական կարողություններից և խոնարհվենք նրանց առջև․ մենք դա չենք անի․ Փեզեշքիան

Իսրայելը և ԱՄՆ-ն փորձում են Պարսից ծոցի երկրներին մեր դեմ տրամադրել: Մենք աշխատում ենք դա կանխելու ուղղությամբ: Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանց նպատակն էր մեզ լիովին զինաթափել։ Եթե նրանք դա անեն, նրանք կգան և կոչնչացնեն մեր հողը, ինչպես...

Խիստ զգուշացրել են՝ ոչ մեկին չասել պարգևավճարի չափը, սպառնացել ազատել․ «Հրապարակ»

Խիստ զգուշացրել են՝ ոչ մեկին չասել պարգևավճարի չափը, սպառնացել ազատել․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Կառավարության՝ հուլիսի կեսերին ընդունած որոշումներից մեկով, ինչպես հայտնի է, 5 մլրդ պարգեւավճար կբաժանվի պետական համակարգի բարձրաստիճան պաշտոնյաներին, պարգեւատրումները կստանան ընթացիկ տարվա երկրորդ կեսին՝ հուլիս, սեպտեմբեր, նոյեմբեր...

Հայկական ծիրանի մասին ռուս-ադրբեջանական սահմանին մատնել են «հայկական թերթերը»․ «Հրապարակ»

Հայկական ծիրանի մասին ռուս-ադրբեջանական սահմանին մատնել են «հայկական թերթերը»․ «Հրապարակ»

«Հրապարակը» գրում է. Օրերս հայտնի դարձավ, որ իրանա-ադրբեջանական սահմանին վերաարտահանման հերթական փորձն է կանխվել, երբ հայկական պղպեղը փորձել են իրանականի անվան տակ տեղափոխել Ռուսաստան։ Մաքսային ծառայության մեր աղբյուրներից տեղեկացանք, որ ամիսուկես է՝ Իրանով Ռուսաստան...

Խաղաղությունն անշրջելի դարձնելու համար անհրաժեշտություն է «Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձի» իրավունքի մասին խոսույթը չշարունակելը. Փաշինյան

Խաղաղությունն անշրջելի դարձնելու համար անհրաժեշտություն է «Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձի» իրավունքի մասին խոսույթը չշարունակելը. Փաշինյան

Մեկ տարի առաջ այս օրը՝ 2025 թվականի օգոստոսի 8–ին նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնությամբ եւ մասնակցությամբ Վաշինգտոնում՝ Սպիտակ տանը, հրավիրված եռակողմ հանդիպման արդյունքում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղություն հաստատվեց։ Այս մասին գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ...

Հեռացող պատգամավորների հաշվին 5 մլն դրամ գումար է փոխանցվել․ «Հրապարակ»

Հեռացող պատգամավորների հաշվին 5 մլն դրամ գումար է փոխանցվել․ «Հրապարակ»

«Հրապարակը» գրում է. Գրել էինք, որ դեռեւս մոտ երկու շաբաթ առաջ Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Ռուբեն Ռուբինյանը նախորդ գումարման խորհրդարանի պատգամավորներին մեկական միլիոն դրամ գումարով էր պարգեւատրել, ինչից, սակայն, ազգընտիրները դժգոհ էին մնացել․...