Արդյո՞ք ավելի սանձարձակ կդառնա պատերազմը Եկեղեցու դեմ. «Փաստ»

21 Փետրվարի, 2026

«Փաստ» օրաթերթը գրում է. Նախօրեին Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում Ամենայն հայոց կաթողիկոսի հրավերով և օրհնությամբ գումարված Եպիսկոպոսաց հավաքն ավարտեց իր աշխատանքները: Հավաքի արդյունքում Հայ առաքելական եկեղեցու բարձրաստիճան 25 հոգևորականները՝ եպիսկոպոսաց դասի ներկայացուցիչները, հանդես եկան առավել քան հստակ հայտարարությամբ, որը մանրամասնելու անհրաժեշտություն, իհարկե, կա: Բայց եթե հակիրճ, ապա Եպիսկոպոսաց հավաքը վերահաստատեց հավատարմությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և Ամենայն հայոց կաթողիկոսին: Ի լրումն, եպիսկոպոսներն առավել քան հստակ դատապարտեցին Փաշինյանի ու նրա գլխավորած իշխանությունների կողմից Ազգային եկեղեցու դեմ սանձազերծած արշավն ու դրա տարաբնույթ դրսևորումները, հալածանքները:

Այո, կարելի է ասել, որ Եպիսկոպոսաց հավաքը հավատացյալ հայության և մեր Եկեղեցու համար որոշակի հաջողություն ու խթան դարձավ: Բայց սա նաև ամենացավոտ հանգամանքներից մեկն է: Ամենացավոտ այն առումով, որ տարիներ առաջ նույնիսկ ամենամղձավանջային երազում էլ չէինք պատկերացնի, որ Հայ առաքելական եկեղեցու եպիսկոպոսաց ժողովի կամ, առավել ևս, հավաքի տեղի ունենալու փաստը, էլ առավել ևս՝ Հայաստանից դուրս տեղի ունենալու փաստն արդեն իսկ հայ ժողովրդի համար կարող է հաղթանակ կամ հաջողություն համարվել: Սա ցույց է տալիս նաև, թե ինչ կարգի անկման մեջ ենք, ինչ դառնաղի վիճակի ենք հասել այս 8 տարվա ընթացքում:

Եպիսկոպոսաց հավաքը և ընդունված հայտարարությունը թույլ են տալիս անել մի քանի ուշագրավ արձանագրումներ:

Առաջինը. չնայած Փաշինյանի ու, հասկանալի է, նրա հրահանգով՝ ռեպրեսիվ ու պատժիչ օրգանների հարուցած խայտառակագույն խոչընդոտներին, եպիսկոպոսաց հավաքը տեղի ունեցավ:

Երկրորդ. չափազանց սևեռվելով այդ հավաքը ամեն գնով տապալելու իր ցանկության վրա՝ Նիկոլ Փաշինյանն ստիպված եղավ լիովին մերկացնել իր իրական դեմքն ու նպատակները: Նախ՝ կատարվեց աննախադեպ ու ծայրահեղ խայտառակ բան. քրեական վարույթ նախաձեռնվեց Վեհափառի՝ Ամենայն հայոց կաթողիկոսի դեմ (այն էլ՝ բացարձակապես մտացածին «գործով» ու «հիմքերով»): Բացի այդ, Փաշինյանը Եկեղեցու հասցեին անհեթեթությունների հերթական «չափաքանակը» բարձրաձայնեց (կաթողիկոսությունը Հայաստանից հանելու, եկեղեցու գանձերն, իբր, տանելու մասին… բոլոր անընկալելի «թեզերը» չկրկնենք)՝ ստանալով համարժեք ծաղրական և մերժողական, քննադատական արձագանք հանրության կողմից: Այստեղ միայն մի դիտարկում. այդ ինչքա՞ն է երկիրը վարկաբեկելու իղձը մեծ, որ Փաշինյանը համարում է, թե մի քանի եկեղեցական կարող են անարգել Հայաստանից դուրս տանել Եկեղեցու գանձերն ու ունեցվածքը: Այսինքն, չկան ո՛չ ԱԱԾ, ո՛չ մաքսային մարմիններ, ո՛չ սահմանապահ ծառայություններ… Բայց սա առանձին խոսակցության թեմա է, որին դեռ կանդրադառնանք:

Երրորդ. Հայ առաքելական եկեղեցու դեմ իր արշավը Փաշինյանը փորձում էր և դեռ փորձելու է փաթեթավորել իբր «բարենորոգման» անվան տակ: Այդ նպատակով էր նաև, որ տարաբնույթ «գործիքակազմի» գործադրմամբ բացհայտվեցին և վարչապետի հետ սեղանի շուրջ նստեցվեցին 8-9 տիրադավ եպիսկոպոսներ, որոնք ստորագրեցին նրա «բարենորոգման թղթի» տակ: Բայց հատկանշական է, որ այդ ստորագրողներից և ոչ մեկը չհամարձակվեց մասնակցել եպիսկոպոսաց հավաքին: Ո՛չ մեկը: Ինչո՞ւ: Եթե իրենք այդքան վստահ են իրենց ստորագրության ու ստորագրած «թղթի» հարցում, ո՞րն էր խնդիրը, թող հանգիստ ելնեին, գնային, իրենց հոգևոր եղբայրների հետ քննարկեին հուզող հարցերը: Հենց դրա համար են նման հավաքները: Ավելին, եկեղեցական ու կանոնական հարցերը քննարկելու տեղը Եպիսկոպոսաց ժողովն է, այլ ոչ թե «վարչապետաց կառավարական ամառանոցը» կամ կառավարության շենքը:

Փաշինյանական «եպիսկոպոսների» կամ, ինչպես ժողովրդական բանահյուսությունն է կնքել, «քպիսկոպոսների» բացակայությունը թույլ է տալիս նկատել, որ նրանք առնվազն ասելիք չունեն, երես ու երեսատեղ չունեն՝ իրենց հոգևոր եղբայրներին ներկայանալու, իրենք ընդամենը Հայ առաքելական եկեղեցու դեմ աշխարհիկ ու անցողիկ իշխանության ձեռքում կույր գործիքի են վերածվել:

Չորրորդ. Եպիսկոպոսական հավաքը վերահաստատեց ու ընդգծեց Հայ առաքելական եկեղեցու հոգևոր դասի, բարձրաստիճան հոգևորականների բացարձակ մեծամասնության միասնականությունն ու միակամությունը հիմնական հարցերում: Իսկ Փաշինյանն ու նրա «քպիսկոպոսները» փոքրամասնություն են: Ավելին, ընդունված հայտարարությունը սոսկ 25 հայ եպիսկոպոսի համատեղ տեսակետ չէ: Դա Հայ առաքելական եկեղեցու հոգևոր դասի ճնշող մեծամասնության, կարելի է ասել՝ համայն քրիստոնյա հայության կամքի արտահայտությունն է, որը ոչ մի ԱԱԾ-ական չի կարող «խմբագրել», ոչ մի իշխանահաճո դատավոր չի կարող բանտարկել, ոչ մի հաճկատար քննիչ չի կարող դրա վրա «գործ կարել»:

Ու թեպետ մեր համացանցալուսավորյալ դարում շատերն արդեն, թերևս, հասցրել են ծանոթանալ Եպիսկոպոսաց հավաքի հայտարարությանը, կարծում ենք՝ մեկ-երկու շեշտադրում արժե լրացուցիչ ընդգծել:

Նախ՝ ՀԱԵ եպիսկոպոսները խորը մտահոգությամբ ու դատապարտությամբ արձանագրեցին. «Քրեական անհիմն հետապնդման պատճառով արգելափակվեց Հայոց Հովվապետի և մեր վեց եպիսկոպոս եղբայրների ելքը Հայաստանից և մասնակցությունը Եկեղեցու կյանքում կարևոր նշանակություն ունեցող այս պատկառելի հավաքին։ Արհեստականորեն ստեղծված այս խոչընդոտի պատճառով մենք հարկադրված էինք տեսակապի միջոցով ունկնդիր լինել Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական պատգամին»:

Այսինքն, եպիսկոպոսները երևույթները հստակ կոչեցին իրենց անուններով:

Մեր Եկեղեցու եպիսկոպոսաց դասը միաժամանակ խորը մտահոգություն հայտնեց Եկեղեցի-պետություն հարաբերությունների անցանկալի ներկա կացության առնչությամբ և վտանգաշատ այս իրադրության մեջ կոչ արեց ՀՀ իշխանություններին (Փաշինյանին, էլի).

«ա) դադարեցնել Եկեղեցու հանդեպ հալածանքները և հարգել Եկեղեցու դարերով ամրագրված ինքնիշխանությունն ու ինքնավարությունը՝ Եկեղեցի-պետություն հարաբերությունները խարսխելով փոխադարձ հարգանքի, իրավասությունների հստակ տարանջատման և ազգային շահի առաջնահերթության վրա,

բ) վերջ դնել շինծու մեղադրանքներով ու զրպարտություններով եկեղեցականների ու ազգընտիր Ամենայն Հայոց Հայրապետի նկատմամբ բռնաճնշումներին,

գ) ազատ արձակել կալանավորված չորս սրբազան մեր եղբայրներին, քահանային, ինչպես նաև Եկեղեցուն ի պաշտպանություն հանդես եկած հայորդիներին,

դ) գործել բացառաբար ՀՀ Սահմանադրությամբ, օրենսդրությամբ և միջազգային օրենքներով և հավատարիմ մնալ հռչակված ժողովրդավարական սկզբունքներին ՝ երաշխավորելով երկրում խղճի, կրոնի և դավանանքի ազատությունը՝ պառակտման փոխարեն ապահովելով հասարակական համերաշխություն,

ե) առկա խնդիրներն ու հակառակությունները փարատել երկխոսության ոգով, առանց նախապայմանների՝ զերծ մնալով անհեռանկար վերջնագրային խոսույթից»:

Կարելի է չկասկածել, իհարկե, որ Նիկոլ Փաշինյանը կշարունակի տարատեսակ վատություններ անել Հայ առաքելական եկեղեցու, բարձրաստիճան հայ հոգևորականների, Վեհափառի, նաև առանձին հայ-քրիստոնյաների նկատմամբ:

Բայց այն, որ թե՛ քաղաքական, թե՛, առավել ևս, բարոյական, թե՛ մարդկային ընկալման հարթություններում Նիկոլ Փաշինյանը տապալվել է, կարծում ենք, ակնհայտ է արդեն բոլորին: Ճիշտ է, դա կարող է ավելի սանձարձակ դարձնել նրա պատերազմը Եկեղեցու և հայության դեմ, բայց փաստը մնում է փաստ, որ Հայ առաքելական եկեղեցու դեմ Փաշինյանի արշավը ֆիասկո է ապրել:

Եվ Եպիսկոպոսաց հավաքը եղավ ՔՊ-ի ու նրա ղեկավարի այդ տապալումների փաստաթղթավորված արձանագրումը: Ու գուցե նոր տապալումների նախազդը…

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր

Արթիկում ավագանու թեկնածու Զեփյուռ Աբգարյանին երկու ամսով կալանավորելու միջնորդություն է ներկայացվել․ «Հրապարակ»

Արթիկում ավագանու թեկնածու Զեփյուռ Աբգարյանին երկու ամսով կալանավորելու միջնորդություն է ներկայացվել․ «Հրապարակ»

«Հրապարակ»- գրում է․ «Ինչպես ավելի վաղ գրել էինք, Արթիկում ՏԻՄ ընտրությունների նախօրեին բերման էին ենթարկվել «Հայրենիք» և «Ապրելու երկիր» կուսակցությունների ներկայացուցիչներ, այդ թվում՝ «Հայրենիք» կուսակցության ավագանու թեկնածու Զեփյուռ Աբգարյանը։ Քիչ առաջ...

Մահվան ելքով դժբախտ պատահար՝ Երևանի կառուցվող շենքերից մեկում

Մահվան ելքով դժբախտ պատահար՝ Երևանի կառուցվող շենքերից մեկում

Հոկտեմբերի 19-ին Երևանում հերթական կառուցվող էլիտար շենքերից մեկում ողբերգական դեպք է տեղի ունեցել։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է Գագիկ Շամշյանը, այդ օրը ժամը 11։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր...

Ընդգծվել է Արցախի պետական ինստիտուտների պահպանման կարևորությունը․ Նժդեհ Իսկանդարյան

Ընդգծվել է Արցախի պետական ինստիտուտների պահպանման կարևորությունը․ Նժդեհ Իսկանդարյան

Ամփոփվել են Հայաստանի քաղաքական ուժերի հետ Արցախի իշխանությունների նախաձեռնած խորհրդակցությունները։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը։ «Հանդիպումներ են անցկացվել բոլոր այն քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ, որոնք արձագանքել...

Իրանն ակնկալում է ամրապնդել էներգետիկ համագործակցությունը ՌԴ-ի հետ

Իրանն ակնկալում է ամրապնդել էներգետիկ համագործակցությունը ՌԴ-ի հետ

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ակնկալում է ամրապնդել էներգետիկ համագործակցությունը Ռուսաստանի և Գազ արտահանող երկրների ֆորումի պետությունների հետ Մոսկվա կատարած այցի ընթացքում: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ-ում Իրանի դեսպանատնից: «Իրանի Իսլամական Հանրապետության...