Քրիստոնյա հայ ազգը կանգնած է գոյաբանական սպառնալիքի առջև․ Բագրատ Սրբազան

4 Փետրվարի, 2026

Կալանավայրում գտնվող Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի նամակը Christian Solidarity International-ի պատվիրակությանը, ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին և Վաշինգտոնում անցկացվող Միջազգային կրոնական ազատության գագաթնաժողովին․

«Հարգելի՛ դեսպան Բրաունբեք,

Միջազգային կրոնական ազատության վեհաժողովի հարգելի՛ մասնակիցներ,

Ձեզ ողջունում եմ Երևան-Կենտրոն քրեակատարողական հիմնարկից՝ մեր Խաչված և Հարություն առած Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի անունով։

Ցավով եմ նշում, որ չեմ կարող ձեզ հետ լինել, երբ դուք պայքարում եք կրոնի և հավատքի ազատության համար։ Սակայն երախտապարտ եմ Christian Solidarity International կազմակերպության մեր ընկերներին և Շվեյցարիայի խորհրդարանի պատգամավոր Էրիխ Վոնտոբելին՝ ձեզ հետ հաղորդակցվելու այս հնարավորության համար։

Դուք տեղյակ եք, որ ոչ միայն ես, այլև իմ երեք եղբայր եպիսկոպոսները` Միքայել արք. Աջապահյանը, Մկրտիչ եպիս. Պռոշյանը և Արշակ արք. Խաչատրյանը, լրտեսվել, ձերբակալվել ու հարցաքննվել ենք, զրպարտվել ենք պետական հովանավորությամբ իրականացվող մեդիաարշավների ընթացքում և կալանավորվել կեղծ մեղադրանքներով։

Հայ Առաքելական Եկեղեցուն հավատարիմ այլ հոգևորականներ ևս ենթարկվել են սպառնալիքների ու բռնությունների, սակայն դեռևս չեն կալանավորվել։ Նրանց թվում է նաև մեր Եկեղեցու գլուխը՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը։ Վարչապետ Փաշինյանը հրապարակայնորեն նրան անվանել է «ազգային անվտանգության սպառնալիք»։ Նրա դեմ պետական հովանավորությամբ իրականացվում է հակասահմանադրական արշավ՝ նրան պաշտոնավարումից հեռացնելու և քաղաքականորեն ենթարկվող հոգևորականով փոխարինելու նպատակով։

Այսօր ես ազատազրկված եմ մի պարզ պատճառով. իմ «հանցանքն» այն է, որ ես իշխանությանը հայտնում եմ անցանկալի ճշմարտությունը` Մարտին Լյութեր Քինգ Կրտսերի ոչ բռնի ոգուն համահունչ։

Այդ պարզ ճշմարտությունն այն է, որ քրիստոնյա հայ ազգը կանգնած է գոյաբանական սպառնալիքի առջև։

Հայաստանի Հանրապետությունը ստեղծվել է որպես անվտանգ հայրենիք Հայոց ցեղասպանության զոհերի և նրանց ժառանգների համար։ Սակայն Ադրբեջանի բռնապետը, որը Հայաստանը կոչում է «Արևմտյան Ադրբեջան», ձգտում է Հայաստանը վերածել վասալ պետության, որը ի վիճակի չէ պաշտպանել հայ ազգին և նրա շահերը։

Այս ջանքերում Ադրբեջանին աջակցում է Թուրքիան, որը կառուցում է ազդեցության գոտի՝ Իսրայելի սահմաններից մինչև Կասպից ծով։

Այս ծրագրի կարևոր բաղադրիչներից մեկն է` Հայ Առաքելական Եկեղեցուն զրկել հասարակության մեջ անկախ խոսելու կարողությունից։ Ինչո՞ւ։

Հայ Առաքելական Եկեղեցին քրիստոնյա հայ ազգի կենտրոնական հենասյունն է։ Իր պատմության գրեթե ողջ ընթացքին այն եղել է ազգը միավորող միակ հաստատությունը։ Այն վերապրել է իրար հաջորդող բռնի հալածանքներ Օսմանյան Կայսրության, Խորհրդային իշխանությունների և Ադրբեջանի կողմից։

Աշխարհը լավատեղյակ է Հայոց ցեղասպանության և դրա դաժան հետևանքների մասին, որի վերջին դրսևորումն էր Լեռնային Ղարաբաղից` Արցախից հայ քրիստոնյաների էթնիկ-կրոնական զտումը, որից դեռ 3 տարի էլ չի անցել։

Այսօր Հայաստանի ազգային եկեղեցին կրկին հարձակման տակ է։ Ադրբեջանը պնդում է, թե Հայ Առաքելական Եկեղեցին «խաղաղության խոչընդոտ» է և պահանջում է, որ որպես խաղաղության պայման հայկական պետությունը զրկի Եկեղեցուն ազգի կյանքում իր պատմական դերը կատարելու կարողությունից։

Պատմության ընթացքում միշտ եղել են հայեր, անգամ հոգևորականներ, որոնք դարձել են Եկեղեցու հալածիչների գործիքները։ Նրանք դա հաճախ արել են խաղաղության անվան տակ։

«Խաղաղություն, խաղաղություն են ասում, մինչդեռ խաղաղություն չկա» (Երեմիա 8:11)։ Այդպես էր մարգարե Երեմիայի օրոք։ Այդպես է նաև այսօր Հայաստանում։

Խնդրում եմ ձեզ բոլորիդ աղոթել իմ և մյուս հոգևորականների ու Եկեղեցու աջակիցների համար, որոնք այս տարի Հայաստանում ազատազրկվել են, և խրախուսել ուրիշներին ևս աղոթել մեզ համար։

Միաժամանակ հորդորում եմ Վեհաժողովին, փոխնախագահ Վենսին ներկայացնել երեք խնդրանք, երբ նա պատրաստվում է այցելել Հայաստան և Ադրբեջան․

1. Հստակ փոխանցել Ադրբեջանի նախագահին և Հայաստանի վարչապետին, որ Միացյալ Նահանգները չի հանդուրժի Հայ Առաքելական Եկեղեցու շարունակական հալածանքները,

2. Կոչ անել երկու առաջնորդներին` ազատ արձակել իրենց քաղաքական բանտարկյալներին, հատկապես Բաքվում որպես պատանդ պահվող 20 հայերին և Հայաստանում ազատազրկված չորս հոգևորականներին ու Եկեղեցու աջակիցներին,

3. Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում որպես երկխոսության կողմ ներառել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին։

Հարգանքով, սիրով և աղոթքով՝

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան

02.02.2026»։

Նմանատիպ նյութեր

Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին

Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին

Շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայի 7-րդ խաղափուլում Հայաստանի հավաքականը 2.5:1.5 հաշվով առավելության է հասել Ադրբեջանի նկատմամբ։ Հաղթանակ են տարել միջազգային վարպետ Լիլիթ Մկրտչյանը և գրոսմայստեր Էլինա Դանիելյանը։ Կանանց գրոսմայստեր Մարիամ Մկրտչյանի խաղն ավարտվել...

ՀԾԿՀ նախագահը քննարկել է տարածաշրջանի էներգահամակարգերը Թուրքիայի էներգետիկ համակարգին միացնելու քայլերը

ՀԾԿՀ նախագահը քննարկել է տարածաշրջանի էներգահամակարգերը Թուրքիայի էներգետիկ համակարգին միացնելու քայլերը

«Թբիլիսիում անցկացվող Էներգետիկայի կարգավորման 9-րդ համաշխարհային ֆորումի (WFER IX) շրջանակում ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը հանդիպել է Եվրոպական էներգետիկ կարգավորողների խորհրդի (CEER) նախագահ Պեդրո Վերդելյոյի և...

Կանդազի տնային կալանքը փոխվել է. նրա նկատմամբ սահմանվել  է վարչական հսկողություն` համակցված բացակայելու արգելքով

Կանդազի տնային կալանքը փոխվել է. նրա նկատմամբ սահմանվել է վարչական հսկողություն` համակցված բացակայելու արգելքով

րթուր Ավանեսյանի (Կանդազ) տնային կալանքը փոխվել է, դատարանը սահմանել է վարչական հսկողություն՝ համակցված բացակայելու արգելքով։ Արթուր Ավանեսյանը կալանավորվել էր ապրիլի 28–ին` հունիսի 7-ի ընտրություններին ընդառաջ ընտրակաշառքի փորձի մեղադրանքով։ Հունիսի վերջին դատարանը...

Երևանի օդի և շրջակա միջավայրի աղտոտվածությունը վերջին տարիներին հասել է մտահոգիչ մակարդակի. Հրայր Կամենդատյան

Երևանի օդի և շրջակա միջավայրի աղտոտվածությունը վերջին տարիներին հասել է մտահոգիչ մակարդակի. Հրայր Կամենդատյան

Տնտեսագետ Հրայր Կամենդատյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երևանի օդի և շրջակա միջավայրի աղտոտվածությունը վերջին տարիներին հասել է մտահոգիչ մակարդակի՝ դառնալով մայրաքաղաքի ամենալուրջ էկոլոգիական և առողջապահական մարտահրավերներից մեկը: 1. Աղտոտվածության հիմնական աղբյուրները...

Զինծառայությունից ազատման նոր նախագիծ․ ովքեր կարող են ազատվել

Զինծառայությունից ազատման նոր նախագիծ․ ովքեր կարող են ազատվել

ՀՀ ներքին գործերի նախարարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում։ Օրենսդրական  նախաձեռնությունը ՆԳՆ արդեն իսկ հանրային քննարկման է ներկայացրել «e-draft» իրավական ակտերի նախագծերի հրապարակման...