Ռոբերտ Քոչարյանն առաջարկում է փոխել խաղի կանոնները․ Բորիս Մուրազի

30 Հունվարի, 2026

Խմբագիր Բորիս Մուրազին ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Մինչ քաղաքական դաշտում շատ առաջնորդներ երազում են այն պահի մասին, երբ իրենց հերթը կհասնի «սուպերվարչապետության» կոստյումը հագնելու և այս անգամ հենց իրենք կլինեն երկրում ամեն բան որոշողը, ընդդիմադիր ամենամեծ ուժի առաջնորդը՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, առաջարկում է փոխել խաղի կանոնները։ Նա առաջ է քաշում օրենսդրական այնպիսի դաշտի ձևավորման գաղափարը, որի պայմաններում գործադիրի, մասնավորապես՝ վարչապետի ձեռքում չի կուտակվի այն ծավալի լիազորություն, ինչ այսօր կենտրոնացած է Նիկոլ Փաշինյանի մոտ։
Քոչարյանի այս մոտեցումը էականորեն տարբերվում է ներկայիս քաղաքական հռետորաբանության գերակշիռ մասից, որտեղ իշխանության խնդիրը դիտարկվում է ոչ թե որպես համակարգային վտանգ, այլ որպես անձերի փոփոխության հարց։ Իրականում առաջարկվող փոփոխությունները վերաբերում են ոչ թե կոնկրետ մեկ իշխանությանը, այլ պետության կառավարման մոդելին՝ այն դարձնելով առավել դիմակայուն անձնավորված իշխանության գայթակղությանը։
Երկրորդ նախագահը համոզված է, որ երկիրը պետք է վերադառնա կիսանախագահական կառավարման մոդելին, կամ առնվազն՝ նախագահը պետք է ընտրվի ժողովրդի ուղիղ քվեարկությամբ և ունենա էապես ավելի լայն լիազորություններ։
«Կարելի է անցնել կիսանախագահական մոդելի, բայց սա գուցե կտրուկ քայլ է, և քաղաքական դաշտում շատերը կարող են չընդունել։ Կարող է լինել խորհրդարանական երկիր, բայց նախագահն ընտրվի ժողովրդի կողմից, ոչ թե խորհրդարանի»,– նշել է Քոչարյանը։
Այս առաջարկի հիմքում ընկած է մեկ առանցքային տրամաբանություն․ գործադիր իշխանության մենաշնորհը քաղաքական ճգնաժամերի հիմնական աղբյուրներից է դարձել Հայաստանում։ Վարչապետի շուրջ կենտրոնացած գրեթե անսահմանափակ լիազորությունները ոչ միայն թուլացնում են վերահսկողության մեխանիզմները, այլ նաև վերացնում են քաղաքական պատասխանատվության իրական բաշխումը՝ ստեղծելով «ամեն ինչ որոշող մեկ կենտրոն»։
Քոչարյանի համոզմամբ ամենազգայուն և խոցելի ոլորտը դատական իշխանությունն է, որը չի կարող լցված լինել մեկ քաղաքական ուժի կողմից նշանակված դատավորներով։ Նրա խոսքով՝ դատավորները չպետք է կատարեն օրվա իշխանության կամքը, այլ պետք է իրական արդարադատություն իրականացնեն։ Այստեղ ևս, Քոչարյանի կարծիքով, նախագահը պետք է ունենա դեր և կարողանա մասնակցել դատավորների նշանակման գործընթացին։
«Երկրորդ տարբերակը կարող է լինել քվեարկության մեխանիզմի փոփոխությունը․ օրինակ, ես կառաջարկեի, որ ԲԴԽ անդամները ընտրվեն ոչ թե խորհրդարանի պարզ մեծամասնությամբ, այլ այնպես, որ կողմ քվեարկեն բոլոր խմբակցությունների առնվազն կեսից ավելին։ Նույն մոտեցումը կարելի է կիրառել Վճռաբեկ դատարանի և Սահմանադրական դատարանի դատավորների ընտրության ժամանակ։ Եթե մենք գանք իշխանության, առաջին քայլերից մեկը սա է լինելու։ Մեկ մարդը չի կարող անել այն, ինչ ուզում է։ Այս Սահմանադրությունը բռնապետություն կերտելու Սահմանադրություն է»,– հավելել է նա։
Սա դատական իշխանության ապաքաղաքականացման փորձ է, որը հակադրվում է վերջին տարիներին ձևավորված պրակտիկային, երբ դատարանները դիտարկվում են ոչ թե որպես անկախ ինստիտուտ, այլ որպես քաղաքական գործընթացների սպասարկող գործիք։ Քոչարյանի առաջարկած մոդելը ստիպելու է քաղաքական ուժերին գնալ կոնսենսուսի, իսկ դա ավտոմատ կերպով նվազեցնում է համակարգի մանիպուլացվող լինելը։Հենց այս տրամաբանությունն է, որ համընկնում է միջազգային փորձի հետ։
Միջազգային փորձը ցույց է տալիս, որ ուժեղ գործադիրի սահմանափակումը և իշխանությունների հավասարակշռումը ոչ թե թուլացնում, այլ ամրացնում են պետությունները։
Օրինակ՝ Ֆրանսիան, որն ունի կիսանախագահական կառավարման մոդել, կառուցված է հենց հակակշիռների տրամաբանության վրա։ Այստեղ նախագահն ընտրվում է ժողովրդի ուղիղ քվեարկությամբ, ունի արտաքին քաղաքականության և անվտանգության լուրջ լծակներ, իսկ կառավարությունը պատասխանատու է խորհրդարանի առաջ։ Արդյունքում՝ նույնիսկ ուժեղ նախագահների պայմաններում համակարգը զերծ է մնում մեկ կենտրոնում իշխանության ամբողջական կուտակումից։
Լիտվայում և Լեհաստանում, որոնք նույնպես ունեն նախագահական ինստիտուտի ուղիղ ընտրություն, նախագահը հանդես է գալիս որպես սահմանադրական հավասարակշռող դերակատար։ Հատկապես դատական համակարգի ձևավորման հարցում նախագահն ունի նշանակալի լիազորություններ, ինչը թույլ է տալիս խուսափել դատարանների ամբողջական կուսակցականացումից։ Այդ երկրներում դատավորների նշանակումը հաճախ պահանջում է բազմակողմ քաղաքական համաձայնություն, ինչը նվազեցնում է իշխանության կողմից դատարանների վերահսկման վտանգը։
Ի հակադրություն՝ այն երկրներում, որտեղ խորհրդարանական համակարգը համակցվում է թույլ նախագահական ինստիտուտի և խորհրդարանում մեկ ուժի գերիշխանության հետ, ձևավորվում է այսպես կոչված «ընտրված ավտորիտարիզմ»։ Այս մոդելում իշխանությունը ձևականորեն լեգիտիմ է, սակայն գործնականում կենտրոնացված է մեկ անձի կամ մեկ խմբի ձեռքում։ Հայաստանի ներկայիս կառավարման համակարգը հենց այդ տրամաբանությամբ է գործում։
Այս համատեքստում Ռոբերտ Քոչարյանի առաջարկները չեն կարող դիտարկվել որպես ներքաղաքական մարտավարություն կամ անցյալի վերադարձի փորձ։ Դրանք ավելի շուտ համընկնում են այն պետական կառավարման մոդելների հետ, որոնք փորձարկված են եվրոպական մի շարք երկրներում և ցույց են տվել իրենց արդյունավետությունը՝ հատկապես ճգնաժամային իրավիճակներում։
Սա իսկապես կարևոր քննարկում է, որը հանրային օրակարգ է բերում Ռոբերտ Քոչարյանը։ Նա առաջարկում է ոչ միայն սահմանափակել գործադիր իշխանության լիազորությունները, այլև էապես ուժեղացնել ընդդիմության ինստիտուցիոնալ դերը՝ դարձնելով այն ոչ թե ձևական, այլ իրական հակակշիռ իշխանությանը։
Ի վերջո, հարցը շատ ավելի լայն է, քան կոնկրետ իշխանություն կամ ընդդիմություն։ Խոսքը պետության ապագա մոդելի մասին է՝ արդյոք Հայաստանը կշարունակի մնալ մեկ անձի կամքից կախված կառավարման համակարգ, թե կանցնի այնպիսի կառուցվածքի, որտեղ իշխանությունը բաժանված է, վերահսկելի և սահմանափակված։
Սա առանց չափազանցության կարող է դառնալ հիմնարար առաջարկ, որի վերաբերյալ քաղաքական դաշտի բոլոր դերակատարները պետք է հստակ դիրքորոշում ունենան․ արդյո՞ք նրանք պատրաստ են զսպել սեփական իշխանական ախորժակը, թե՞ պարզապես երազում են դառնալ Նիկոլ Փաշինյանի հերթական կրկնօրինակը Հայաստան պետության գլխին։

Նմանատիպ նյութեր

Ուժեղ քամու հետևանքով Մեծամոր քաղաքում ծառեր են տապալվել

Ուժեղ քամու հետևանքով Մեծամոր քաղաքում ծառեր են տապալվել

Այսօր՝ հունիսի 24-ին, ուժեղ քամու պատճառով վնասներ են պատճառվել նաև Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքում։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ քամու հետևանքով տապալվել են մի քանի ծառեր։ Բարեբախտաբար, տուժածներ չկան, սակայն ավելի քան 2 ժամ է, ինչ Մեծամորի քաղաքապետարանից որևէ...

Վարդաշենի շենքերից մեկում պայթյուն է եղել. ընտանիքի անդամներ են հիվանդանոց տեղափոխվել

Վարդաշենի շենքերից մեկում պայթյուն է եղել. ընտանիքի անդամներ են հիվանդանոց տեղափոխվել

Այսօր՝ հունիսի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։00-ի սահմաններում Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը «Մուրացան» մանկական հիվանդանոց է տեղափոխել մի երեխայի։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, հիվանդանոց է մեկնել ՀՀ Ներքին գործերի...

ՍԴ-ն կարող է իրապես ԿԸՀ-ի որոշումը համարի անվավեր. Արամ Վարդևանյան

ՍԴ-ն կարող է իրապես ԿԸՀ-ի որոշումը համարի անվավեր. Արամ Վարդևանյան

«Վարչական ռեսուրսի չարաշահում, ատելության խոսքի տարածում, քաղաքական հետապնդումներ և քրեաիրավական գործիքակազմը որպես վարչական ռեսուրսի օգտագործում, 100 հազարին հասնող ձայներ, որոնք ընդհանրապես վերահսկողական մեխանիզմ չեն ունեցել»,-ֆեյսբուքյան եթերում ասաց«Ուժեղ...

Կարևոր հարցն այն է, թե արդյո՞ք Թրամփը «սպանել» է ԹՐԻՓ վերաբերյալ Իրանի այդ դիրքորոշումը. Բադալյան

Կարևոր հարցն այն է, թե արդյո՞ք Թրամփը «սպանել» է ԹՐԻՓ վերաբերյալ Իրանի այդ դիրքորոշումը. Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը գրում է. «Իրանի խորհրդարանի նախագահը ժամանել է Բաքու, որտեղ մասնակցելու է Իսլամական երկրների կոնֆերանսի պառլամենտական ասամբլեային: Ղալիբաֆը հանդիպել է նաև Իլհամ Ալիեւի Այստեղ իհարկե հետաքրքիրն այն է, որ Ղալիբաֆը մի քանի օր առաջ...

Նոր Հաճընի կամրջի վրա բախվել են 5 ավտոմեքենա․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց

Նոր Հաճընի կամրջի վրա բախվել են 5 ավտոմեքենա․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց

Այսօր՝ հունիսի 24-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 18։40-ի սահմաններում Նոր Հաճընի կամրջի վրա բախվել են «Nissan X-Trail» մակնիշի, «Ford Fusion» մակնիշի, «Opel Astra» մակնիշի, «Kia Forte» մակնիշի, «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես...