Ինչպես է Տավրոս Սափեյանը տարիներ շարունակ համայնքի հաշվին «գազալցվում»․ Anticor.am

11 Նոյեմբերի, 2025

Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը, ով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է, վերջին երեք տարում կառուցել է ընտանեկան և կուսակցական շահերի կոռուպցիոն հստակ սխեմա՝ համայնքային բյուջեից միլիոնավոր դրամներ ուղղելով իրեն և իր մերձավորներին պատկանող ընկերություններին։ Այս մաին գրում է anticor.am-ը։

 Սկիզբը․ համայնքի ղեկավարն ու սեփական գազալցակայանը

2023 թվականին «Սափեյան եղբայրներ» ՍՊԸ-ն, որի հավասար բաժնետերերն են Տավրոս Սափեյանի հայրը Էդիկ Սափեյանը և հորեղբայրը Ժորա Սափեյանը, երկու անգամ հաղթել է Թալին համայնքապետարանի՝ հեղուկ և սեղմված գազի մատակարարման մրցույթներում։
Երկու պայմանագրերի ընդհանուր արժեքը կազմել է 15 մլն 714 հազար դրամ, իսկ երկու մրցույթներում էլ միակ մասնակիցը եղել է հենց Սափեյանների ընկերությունը։ Ողջամտությունը հուշում է, որ գործի է դրվել կամ «թաքուն» մրցույթը կամ հնարավոր մասնակիցներին վախեցնելու մեթոդը։

Պայմանագրերը կնքվել են՝

2023-ի հունվարի 3-ին,
2023-ի ապրիլի 5-ին։

Այսպիսով, համայնքի ղեկավարն իր պաշտոնավարման առաջին իսկ տարուց սկսած համայնքային միջոցներով գործարքներ է իրականացրել իր ընտանիքի բիզնեսի հետ։ Այդպիսով տիրացել համայնքի գումարներին։

ԿԿՀ արձագանքը․ շահերի բախման հաստատված փաստ

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը արձանագրել է, որ Տավրոս Սափեյանը խախտել է շահերի բախման մասին օրենքը․

«Տավրոս Սափեյանը, իր լիազորությունների շրջանակում գործողություն կատարելով, որը հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել շահերի բախման, չի ներկայացրել համապատասխան հայտարարություն»։

ԿԿՀ-ն հարուցել է վարչական վարույթ՝ պաշտոնական հաստատմամբ արձանագրելով շահերի բախման իրավիճակը։

Արդյունքը՝ ձևական ուղղում, բայց ոչ համակարգային փոփոխություն

Հաջորդ՝ 2024 թվականին, Տավրոս Սափեյանը հայտարարագրել է շահերի բախումը, ընդունելով, որ իր հորն ու հորեղբորը պատկանող ընկերությունը մասնակցում է համայնքային գնումներին։
Սակայն փաստացի իրավիճակը չի փոխվել․ ընտանիքի փոխարեն, պարզվում է, հայտնվել է կուսակցական գործընկեր։

Նոր ձևական խաղացողը․ «Արսուր» ՍՊԸ-ն՝ նույն սխեմայի նոր դեմքը

2025 թվականին Թալին համայնքապետարանը հեղուկ և սեղմված գազի նոր պայմանագիր է կնքել ոչ թե «Սափեյան եղբայրներ» ՍՊԸ-ի, այլ «Արսուր» ՍՊԸ-ի հետ։ Սակայն այս ընկերությունը փաստացի պատկանում է Տավրոս Սափեյանին, պարզապես փաստաթղթավորումն է փորձ արվել փոփոխելու։

Պայմանագիրը կնքվել է
2025թ․ սեպտեմբերի 30-ին,

11 մլն 600 հազար դրամի չափով։

Պայմանագիրը կնքվել է առանց մրցույթի՝ ուղղակի գնմամբ, գնանշման հարցման ձևով։

Պարզվել է, որ «Արսուր» ՍՊԸ-ի սեփականատերն է Արթուր Հակոբի Թորոսյանը, ով 2023-ի հոկտեմբերի 18-ից գրանցված է որպես բաժնետեր։

Նա հանդիսանում է Թալինի համայնքապետարանի Կոմունալ բաժնի պատասխանատու Սուրեն Թորոսյանի հարազատ եղբայրը, իսկ Սուրեն Թորոսյանը Սափեյանի անմիջական ենթական և ՔՊ կուսակցության անդամ։ Նա պարբերաբար աչքի է ընկնում ընդդիմության նկատմամբ անհանդուրժողականությամբ։ Նրա նկատմամբ Արագածոտնի դատարանում քննվում է քրեական գործ, որի համաձայն վերջինս ծեծի է ենթարկել ընդդիմադիր հայացքներ ունեցող մի երիտասարդի։ Բնականաբար Սուրեն Թորոսյանը ոչ մի րոպե չի գտնվել ազատազրկման վայրում։

Ավելին՝ «Արսուր» անվանումը ծագում է հենց սեփականատիրոջ և նրա եղբոր անուններից՝ Արթուր + Սուրեն = ԱՐՍՈՒՐ։

Նույնիսկ թույլտվությունը վաճառքի համար տրամադրվել է Տավրոս Սափեյանի կողմից՝ 2025-ի փետրվարի 7-ի N 219-Ա որոշմամբ։

Այսինքն՝ համայնքի ղեկավարն իր ստորագրությամբ թույլ է տվել սեփական ենթակային դառնալ համայնքի հիմնական մատակարարը։ Ակնհայտ է, որ «ԱՐՍՈՒՐ» ընկերության սեփականատերն ունի ձևական բնույթ, իսկ դրա փաստացի շահառուն հենց ինքը՝ Տավրոս Սափեյանն է։

Կոռուպցիոն սխեման շատ պարզ է․

ընտանեկան բիզնեսը ձևականորեն փոխարինվել է կուսակցական ենթակայի անվամբ ընկերությամբ, իսկ համայնքային միջոցները շարունակում են շրջել նույն քաղաքական և անձնական շրջանակներում։

Սա դասական համակարգային կոռուպցիոն ցանցի օրինակ է՝ որտեղ ընտանեկան կապերը թեև տեղափոխվում են կուսակցական դաշտ, սակայն պահպանվում են համայնքի միջոցներին։

Նմանատիպ նյութեր

«Մարդիկ շարունակում են քվեարկել, բայց նրանց ընտրությունը դառնում է ձևական»․ Լևոն Քոչարյանի ելույթը՝ ԵԽԽՎ-ում

«Մարդիկ շարունակում են քվեարկել, բայց նրանց ընտրությունը դառնում է ձևական»․ Լևոն Քոչարյանի ելույթը՝ ԵԽԽՎ-ում

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի ելույթը ԵԽԽՎ-ում՝ մեդիա բազմակարծության և անկախության մասին «Լրատվամիջոցների բազմակարծությունը ժողովրդավարության պարզապես զարդը չէ։ Այն այն հիմնական մեխանիզմն է, որի միջոցով քաղաքացին իշխանությունից պահանջում է...

Այս գործընթացը կշարունակվի, քանի դեռ Հայաստանը համապատասխան միջոցներ չի ձեռնարկել․ Սերգեյ Շահվերդյան 

«Մենք հասկանում ենք, որ Ադրբեջանի էքսպանսիոնիստական քաղաքականությունը մշակութային ժառանգության վերաբերյալ վաղ թե ուշ տարածվելու է Հայաստանի Հանրապետության ամբողջ մշակութային ժառանգության վրա։ Դրա դրսևորումը վերջերս արդեն տեսանք, երբ...

Հենց տեսնենք, որ մենք ենք սանկցիայի տակ ընկնում, ինչ-որ որոշում կկայացնենք․ Նիկոլ Փաշինյան 

  «Մենք պատժամիջոցների փաթեթը ուսումնասիրում ենք և, գիտեք, մենք մեր բոլոր գործընկերների հետ շատ թափանցիկ ենք։ Մենք ասում ենք՝ հատկապես մեր բարեկամ երկրների պարագայում, մենք մաքսիմալ ամեն ինչ կանենք, որպեսզի լինենք բարեկամական, բայց մի...

Հայ Եկեղեցու առջև ծառացած ցանկացած իրական խնդիր պետք է լուծվի Եկեղեցու կանոնական կարգի պահպանման միջոցով. Ռումինիայի հայոց թեմ

Հայ Եկեղեցու առջև ծառացած ցանկացած իրական խնդիր պետք է լուծվի Եկեղեցու կանոնական կարգի պահպանման միջոցով. Ռումինիայի հայոց թեմ

Ռումինիայի հայոց թեմը Հայ առաքելական սուրբ եկեղեցու դեմ արշավի շրջանակներում ՀՀ կառավարության հրապարակած զեկույցի առնչությամբ հայտարարությամբ է հանդես եկել։ «Աշխարհում առաջին քրիստոնյա երկրի գործող իշխանությունը վտանգում է ընդհանրական եկեղեցին 2026 թվականի սեպտեմբերի...