Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը հայտնել է հինգ ընդդիմադիրների ձերբակալության մասին՝ պետական հեղաշրջման և կառավարության տապալման կոչերի համար։
Թբիլիսիում ընդդիմության հանրահավաքը սկսվել է շաբաթ երեկոյան՝ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների օրը։ Ցուցարարները սկզբում հավաքվել են Ազատության հրապարակում, իսկ մի մասը շարժվել է դեպի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիի նստավայր։ Ցուցարարները ճեղքել են նստավայրի դիմաց տեղադրված երկաթե արգելապատնեշները։ Հատուկ նշանակության ուժերը նրանց դուրս են մղել՝ օգտագործելով արցունքաբեր գաղ և ջրցան մեքենաներ։
«Այս հանցագործությունները նախատեսում են մինչև ինը տարվա ազատազրկում։ Իրավապահ մարմինների կողմից ձեռք բերված ապացույցների, ինչպես նաև տարբեր լրատվամիջոցների կողմից տարածված տեսանյութերի համաձայն՝ պարզվել է, որ Ազատության հրապարակում հանրահավաքի ժամանակ կազմակերպիչները բռնության կոչեր են հնչեցրել… Նրանք մեղադրվում են պետական իշխանությունը տապալելու կոչերի, ինչպես նաև խմբակային բռնություն կազմակերպելու, ղեկավարելու և դրան մասնակցելու մեջ», -ասվում է հայտարարության մեջ։
Նախարարության տվյալներով՝ ձերբակալվել են Պաատա Բուրչուլաձեն, Մուրթազ Զոդելավան, Իրակլի Նադիրաձեն, Պաատա Մանջգալաձեն և Լաշա Բերիձեն։






