«Զոհի մեղադրանքը»՝ որպես պետական քաղաքականություն. «Փաստ»

2 Հոկտեմբերի, 2025

«Փաստ» օրաթերթը գրում է. «Նկատելի է, որ իր խոսույթում Փաշինյանը ելնում է այն մտքից, թե Հայաստանի և հայերի բոլոր դժբախտությունների մեջ մեղավոր են հենց Հայաստանը, հենց հայերը։ Թե իբր հայերը վատ են պահել իրենց հարևանների հանդեպ, իրենց տան պատերին «սխալ» նկարներ են կախել, «սխալ» հայրենասիրության մոդել են ընդունել, չեն ցանկացել մոռանալ իրենց պատմությունը։ Իսկ «խեղճ ու ճնշված» հարևանները՝ թուրքերը և ադրբեջանցիները, պարզապես «ստիպված են եղել պաշտպանել» իրենց «վատ» հայերից՝ էթնիկ զտումներով, պատերազմներով, ցեղասպանությամբ, սպառնալիքներով ու շանտաժով։

Հոգեբանության մեջ այն, ինչով զբաղվում է Փաշինյանը, կոչվում է «զոհի մեղադրանք» (victim blaming)։ Դա այն երևույթն է, երբ բռնության զոհին մեղադրում են իր հանդեպ կատարված հանցագործության համար։Փոխանակ կենտրոնանալու հանցագործի մեղքի վրա, սկսում են քննարկել ու դատապարտել հենց զոհի վարքը։

Փաշինյանը «զոհի մեղադրանքը» կիրառում է բառացիորեն իր յուրաքանչյուր ելույթում, նույնիսկ երբ Ամանորի շնորհավորանք է հղում ժողովրդին։ Առաջարկում ենք վերանայել նրա տոնական ուղերձները. դրանցից յուրաքանչյուրում նա համառորեն փորձում է համոզել հայ հասարակությանը, թե խնդիրը ոչ թե թուրքերի չարամտությունն է, այլ հենց ձեր մեջ է, և պատասխանատվությունն էլ ձերն է։ Դուք պետք է փոխվեք, փոխեք ձեր հայացքները և վարքը, մոռանաք անցյալը, հարմարվեք օտարի շահերին։ Թուրքերին ու ադրբեջանցիներին մեղադրելու բան չկա, իսկ հայերը պետք է ուշադիր լինեն, որ «հարևանների մոտ էմոցիաներ չառաջացնեն»։

Հակառակ դեպքում, հարևանները նորից կմտնեն քանդած պատով՝ իրենց ահաբեկչությամբ ու ցեղասպանությամբ։ Իսկ ո՞նց մեղադրես նրանց, չէ՞ որ իրենք «իրավունք ունեն», հայերն են «սադրել»՝ «վտանգավոր մեսիջներով»՝ Արարատը կնիքների վրա են դրել, Ցեղասպանության տարելից են նշում: Շնորհավոր Նոր տարի, սիրելի՛ հայեր, և հիշե՛ք՝ ամեն ինչում դուք եք մեղավոր։

Մոտ մեկ շաբաթ առաջ Փաշինյանը բացատրում էր, որ Հայաստանը վերջապես պետք է սովորի ինչ-որ «ճանապարհային երթևեկության կանոններ»։ Այսպիսով, Թուրքիան՝ իր Ցեղասպանությամբ, և Ադրբեջանը՝ իր էթնիկ զտումներով, կախարդական կերպով ագրեսորներից վերածվում են երթևեկության բծախնդիր կարգավորողների, անշահախնդիր տեսուչների, որոնք «արդարացիորեն» պատժում են իրավախախտին։ Նույնը վերաբերում է նաև Փաշինյանի վերջին բացատրություններին՝ ազգային խորհրդանիշերից հրաժարվելու վերաբերյալ։ Թե իբր ամեն ինչ արվում է, որպեսզի «Հայաստանը դրվի ճիշտ աերոդինամիկայի վրա»։ Եվ նորից՝ Հայաստանը, նրա պատկերացմամբ, սխալ է, շեղ թռչող, պատրաստ է ընկնել ու կործանվել, ընդ որում՝ ոչ թե ագրեսորի ձեռքով, այլ սեփական մեղքով՝ վատ աերոդինամիկայի պատճառով։

Փաշինյանի թիմն էլ կրկնում է իր հետևից։ Օրինակ՝ ԱԺ նախագահի աղմկահարույց ելույթը, որտեղ նա ջերմորեն պաշտպանում է Բաքվի իրավունքը՝ Հայաստանը կոչելու «Արևմտյան Ադրբեջան» և պահանջելու երեք հարյուր հազար ադրբեջանցու վերաբնակեցում մեր երկրում։ Թե իբր դա բնական արձագանք է արցախցիների՝ տուն վերադառնալու ցանկության մասին խոսակցություններին։ Կամ հենց այն՝ արդեն մեմ դարձած արտահայտությունը ԱԽ քարտուղարի կողմից. «Եթե տուն եք կառուցում, չարժե պատերին կախել նկարներ, որոնք հարևանների մոտ էմոցիաներ են առաջացնում»: Սա ասված էր ազգային խորհրդանիշերից հրաժարվելու և Ցեղասպանության թեմայի նսեմացման համատեքստում։

Եթե դիմենք հոգեբանական գրականությանը, կտեսնենք, որ «զոհի մեղադրանքի» հետևանքներից է զոհի կրկնակի տրավմատիզացիան։ Դրա ուղիղ հետևանքներից են՝ զոհի կողմից կյանքի նկատմամբ վերահսկողության զգացման կորուստը։ «Զոհի մեղադրանքի» ենթարկվածները չեն հավատում, որ իրենցից ինչ-որ բան է կախված, կորցնում են վստահությունը սեփական կարողությունների հանդեպ՝ ադեկվատ որոշումներ կայացնելու հարցում։ Կորչում է հանցագործի մեղքը ապացուցելու մոտիվացիան։ Սկսվում է ապատիան։ Համաձայնեք՝ հայ հասարակությունը, լինելով «զոհի մեղադրանքի» լիարժեք թիրախ Փաշինյանի և նրա թիմակիցների կողմից, գտնվում է այսպիսի հոգեբանական վիճակում։ Հայերը այսօր այլևս չեն հավատում, որ կարող են որոշել իրենց երկրի ճակատագիրը։

Նշենք նաև, որ «զոհի մեղադրանքը» ֆաշիզմի նշաններից է, քանի որ սովորաբար կապված է սոցիալական խմբերի նկատմամբ խտրականության հետ։ Սակայն մեր դեպքում գործ ունենք ունիկալ երևույթի հետ՝ ոչ թե առանձին խմբերի զանգվածային «զոհի մեղադրանքի», այլ իշխանության կողմից ամբողջ հասարակության մեղադրման ՝ նպատակ ունենալով հասարակությանը դարձնել անտարբեր և կառավարելի։ Այսինքն, խոսքն, ըստ էության, հայ ժողովրդի նկատմամբ խտրականության մասին է՝ իր իսկ ղեկավարության կողմից։ Այ քեզ ղեկավարություն։

Հայ հասարակությունը պետք է գիտակցի, որ գործ ունի հմտորեն մշակված մանիպուլ յացիայի հետ։ Հայաստանը որևէ «վերաիմաստավորման» կամ «ինքնագիտակցության վերագնահատման» կարիք չունի, և սուտ է, թե երկրի ավանդական խորհրդանիշերն ու սրբությունները «վարկաբեկված» են։ Դրանք եղել են, կան, կլինեն և երկար ժամանակով կգերազանցեն Փաշինյանին և իր ստերի ժամանակաշրջանը։ Հայաստանը մեղավոր չէ, որ Փաշինյանը պարտվեց պատերազմում և հետո ընկավ իր իսկ սարսափելի քաղաքականության ծուղակը։ Դա Փաշինյանի մեղքն է, ոչ թե հայ ժողովրդի մտածողության, ոչ թե Հայաստանի, ոչ թե հայերի։

Փաշինյանի ձախողումը չի նշանակում, որ Հայաստանի հետ ինչ-որ բան այն չէ։ Դա նշանակում է, որ ինչ-որ բան այն չէ հենց Փաշինյանի հետ։ Շուտով նա կգնա, և այս խելահեղությունը կավարտվի»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր

Վթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Վթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Երևան-Աշտարակ ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով տուժած 5 երեխաները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ: Ինչպես հայտնում են Առողջապահության նախարարությունից, Երեխաներից 3-ի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, երկուսինը` միջին ծանրության։ Այս...

Կոչ ենք անում ապահովել իրավապահ գործողությունների թափանցիկությունն ու համաչափությունը՝ ընտրությունների նախաշեմին․ «Ականատես»

Կոչ ենք անում ապահովել իրավապահ գործողությունների թափանցիկությունն ու համաչափությունը՝ ընտրությունների նախաշեմին․ «Ականատես»

«Ականատես» դիտորդական առաքելությունը տարածել է հայտարարություն ընտրությունների նախաշեմին իրավապահ գործողությունների թափանցիկության, համաչափության և հանրային վստահության ապահովման վերաբերյալ։ Հայտարարության մեջ ասված է. «Հոկտեմբերի 25-ին կայանալիք տեղական...

ՏԻՄ ընտրություններից առաջ ընտրական հանձնաժողովները ստացել են 6 դիմում և գրություն․ ԿԸՀ  

ՏԻՄ ընտրություններից առաջ ընտրական հանձնաժողովները ստացել են 6 դիմում և գրություն․ ԿԸՀ  

Հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունները նշանակվելուց հետո՝ մինչև քվեարկության նախորդ օրը՝ հոկտեմբերի 24-ի ժամը 19։00-ն, թվով 16 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներից երեքում՝ թիվ 12, թիվ 25 և թիվ 36, ստացվել է ընդհանուր 6 դիմում և գրություն, որոնցից մեկը՝...

Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր

Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր

Նիդերլանդների Ռոտերդամ քաղաքում ընթացող մարմնամարզության աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականի անդամ, Եվրոպայի չեմպիոն Համլետ Մանուկյանը նվաճել է աշխարհի չեմպիոնի տիտղոսը՝ նժույգթափեր վարժության եզրափակչում հավաքելով 15,300 միավոր։ Այս վարժությունում Հայաստանի...

Արթիկի ավագանու անդամի թեկնածուի նկատմամբ տնային կալանք կիրառելու միջնորդությունը մերժվել է․ փաստաբան

Արթիկի ավագանու անդամի թեկնածուի նկատմամբ տնային կալանք կիրառելու միջնորդությունը մերժվել է․ փաստաբան

Փաստաբան Արսեն Բաբայանը գրում է․ «Հակակոռուպցիոն դատարանը՝ նախագահությամբ դատավոր Վ. Սարգսյանի, մերժեց ընտրակաշառք տալու մեջ մեղադրվող՝ «Հայրենիք» կուսակցության ցուցակի 6-րդ համարով Արթիկ համայնքի ավագանու անդամի թեկնածուի նկատմամբ տնային կալանք կիրառելու...